Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության օրոք տեղի ունեցած աղմկալի, պարսավելի արարքներ գործածների գործողությունները չեն քննադատում: Այս առումով միակ «տուժածը» կարելի է ասել` փոխվարչապետ Արարատ Միրոզյանի խոսնակ Կարպիս Փաշոյանն էր, որն արտահայտած խոսքերի համար զրկվեց պաշտոնից:
Իսկ ո՞րն է խնդիրը: Նոր Հայաստանում նախօրեին առաջին անգամ պետական պաշտոնյան իրեն լկտի է պահել: Խոսքը ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասին է: Նախօրեին Երեւանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հանդես էր եկել հայտարարությամբ՝ բաց նամակի ձեւաչափով հրավիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը:
Ըստ այդ նամակի` «Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով եւ հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում նաեւ Նարեկ Վանեսյանին, հրապարակային առաջարկել է, նախատեսված օրակարգի համաձայն, ելույթ ունենալ: Նարեկ Վանեսյանն անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից` դրսեւորել է շրջանավարտին, քաղաքացուն եւ բժշկին անհարիր ու անվայել պահվածք: Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա` արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ: Այնուհետ Համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսեւորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսեւորվելու պարագայում»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԵՊԲՀ-ից պահանջեց ներկայացնել փաստեր, որոնք ապացուցում են Նարեկ Վանեսյանի պահվածքը: Համալսարանից ուղարկեցին անվտանգության համար տեղադրված տեսախցիկների կողմից ֆիքսված ոչ այնքան լավ երեւացող կադրերը, որոնց մանրազնին ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ իսկապես Նարեկ Վանեսյանն իրեն լկտի է պահում՝ թերեւս օգտվելով այն հանգամանքից, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, եւ ամենուր հայտարարում է, որ ինքն է դերակատար եղել, որ նախարար նշանակվի Թորոսյանը: Վանեսյանը բրդբրդում է դասախոսին՝ թույլ չտալով նրան կանգնել շրջանավարտների հետնույն շարքում եւ լուսանկարվել իր հետ:
Մենք տեղեկացանք, որ ՀՀ առողջապահության նախարարության տարիների վաստակ ունեցող Կարինե Սարիբեկյանի հետ եւս Նարեկ Վանեսյանը միջադեպ է ունեցել: Բանն այն է, որ նա մոտեցել է իր շրջանավարտ դստերը՝ ասելով, թե կարող ես ելույթ ունենալ, Վանեսյանը կոպտել է Կարինե Սարիբեկյանին՝ ասելով` «մի՛ խառվիր, նստի՛ տեղդ»:
Հիշեցնենք՝ Նարեկ Վանեսյանի` ինքնատիրապետումից դուրս գալու եւ հոգեբուժարանի անձնակազմի հետ ագրեսիվ պահվածքի մասին ամիսներ առաջ հրապարակվել է, անգամ տեսանյութ կար համացանցում:
«Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի վերաբերյալ պարզել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը: Առայժմ չհաջողվեց անձամբ նրանից մեկնաբանություն ստանալ, դիմեցինք խոսնակ Արման Եղոյանին: Նա ի պատասխան հայտնեց, թե «Վարչապետն այսօր շատ զբաղված է լինելու եւ, ըստ էության, չի հասցնելու ծանոթանալ բաց նամակին»: Հուսանք՝ կծանոթանա եւ գնահատական կտա կատարվածին:
Քանի որ պետական պաշտոնյայի սանձարձակ պահվածքն արձանագրվել է Հայաստանի բուհ-երից մեկում, «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ խնդրելով նրան եւս մեկնաբանել տեղի ունեցածը: Պարզվեց՝ սոցցանցերում ամենաակտիվ նախարարներից մեկը տեղյակ չէ երեկ բում առաջացրած բաց նամակի բովանդակությանը: «Բաց նամակին չեմ հասցրել ծանոթանալ, միջադեպի մասին լսել եմ, սակայն չեմ ցանկանում այժմ մեկնաբանել, քանի դեռ չեմ ծանոթացել»: Թե ինչ էր լսել եւ ինչն է խանգարում գոնե բուհ-ում կատարվածի մասին լսածը մեկնաբանել, այդպես էլ անհայտ մնաց: Համենայն դեպս, նախարար Արայիկ Հարությունյանը մշտապես աչքի է ընկել իր բարեկրթությամբ, եւ տրամաբանությունը հուշում էր, որ փողոցային պահվածքը, դասախոսին բրդբրդելը, կնոջ հետ ամբարտավան կեցվածքով խոսելը առնվազն պետք է գոնե ձեւի համար դատապարտեր: Բայց չարեց: Ու, թերեւս, չարեց նաեւ այն պատճառով, որ պաշտոնյան իր ընկեր, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է, աշխատում է նրա ենթակայության տակ: Ու քանի որ Թորոսյանն էլ երկրում չէ, Ղազախստանում է, սպասում է, մինչեւ գա: Իսկ ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ հայրենի պաշտոնյաները, «թայֆաբազության» տրամաբանությունից ելնելով, չեն շտապում արձագանքել տեղի ունեցածին:
Ինքը` Վանեսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր պահվածքը մեկնաբանեց. …«Այսօր իմ համակուրսեցիներն էլ են դիմել ՀՀ վարչապետին, տեսել եք,որ այսօր մարդկանց էթիկայի հանձնաժողովի նիստի են կանչել մարդկանց,ում իրավունք չունեն էթիկայի հանձնաժողովի նիստին կանչեն, եւ փորձել են կորզել հնարավորություններ, որպեսզի ինձ մեղադրեն: Ցավում եմ, որ նման իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ մենք մայր բուհին վերաբերվում ենք այլ ձեւով, բայց ցավում եմ, որ խոսում են ամբողջ պրոֆեսորադասախոսական կազմի մասին, ովքեր ներկա չեն եղել այնտեղ, եւ չեմ հասկանում` ինչ միտումով է բոլորի անունից ուղարկվում այդ հաղորդագրությունը: Եթե ես ինձ անվայել եմ պահել, նյութում գրված էր, որ ռեպլիկներ եմ արել, անվայելուչ եմ պահել, ինձնից մեկ շարք առաջ պրոռեկտոր, հիվանդանոցի տնօրեններ, ձախից պրոռեկտորն է եղել նստած, կպտտվեին, նկատողություն կանեին: Այնպես որ չեմ ընդունում այդ հերյուրանքները: Գիտե՞ք, մենք մեր դիպլոմները ինքներս ենք վաստակել, մենք պայքարելով ենք ստացել եւ այդ ժամանակ ռեկտորը ցանկություն չուներ հանդիպելու 26 հոգանոց կուրսի հետ, որոնցից ամեն մեկը 1,5 միլիոն դրամ կտրել էին իրենց ընտանիքներից եւ վճարել էին: Իմ համակուրսեցիներին կանչում եմ այն ժամանակ, երբ հենվելու անհրաժեշտություն կա նրանց վրա, որը, ցավոք, իրենց համար ապարդյուն է անցել, քանի որ իմ կուրսեցիները կիսատ են թողել նիստը. այնտեղ նաեւ վիրավորական արտահայտություններ են հնչել հանձնաժողովի կողմից իմ կուրսեցիների նկատմամբ, թե ով են սրանք: Այսինքն` սրանք խնդիրներ են, որոնք մտահոգության կարիք կա, եւ մենք ինքներս անպայման պետք է բարձրաձայնենք: Ինչ վերաբերում է մնացած բաներին, մենք իրավունք ունենք կուրսով առաձին նկարվելու, եւ այն մարդը, որ այնտեղ կանգնած է եղել, ինքը դասախոս չի: Գոնե լավ կլիներ` մեկ, երկու անգամ բժշկական համալսարանի ադմինիստրացիան գար, տեսներ, թե մենք ինչով ենք զբաղված, որ գոնե մեր դասախոսներին ճանաչեր, դա մի սուտը: Երկրորդը, մասնակից պրոֆեսորադասախոսական հարգարժան կազմը, ովքեր ստորագրահավաք են արել իբր, գոնե լավ կլիներ` այնտեղ լինեին, այնպես որ այս ֆարսը, ես չեմ ուզում` շարունակվի ջուր ծեծել, բայց երբ նպատակ կա կապել որեւէ պաշտոնատար աձի կամ բերել կապել ազգային կենտրոնի հետ, պարզապես կհորդորեմ այն մարդիկ, ովքեր ընթացքում իրավունք են ունեցել ղեկավարելու առողջապահության նախարարությունը, գոնե մեկ, երկու անգամ հոգեկան հիվանդների համար մեկ, երկու բան արած լինեն»:
Ամեն դեպքում, կատարվածը լակմուսի թուղթ է Նոր Հայաստանում առկա հին բարքերի անթուլատրելիության առարկայական գործողությունների սպասման իմաստով: Արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կպատժի՞ կրթական հաստատությունում իրեն լկտի պահած պաշտոնյային, թե՞ կբավարարվեն ինքնապաշտպանական անհույս խոսքերով՝ քննադատության չափաբաժինը պահելով մասսաներին հայտնի լիսկաների ու շմայսների համար:
Հ.Գ.Նոր Հայաստանում փաստացի շմայսներ ու լիսկաներ են ծնվում ու, ինչպես կասեր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պետք է օրորոցում խեղդել այդ երեւույթը: Բուհ-ն իր քայլն արդեն արել է՝ արարքը հանրայնացնելով ու գնահատական տալով, հիմա հերթը գործադիր իշխանությանն է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԴԵՊՔ
Երեկ՝ առավոտյան 9:40, հայտնի դարձավ, որ Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Լուիզա Խաչատրյանը: Նա մասնագիտությամբ բժշկուհի էր եւ աշխատում էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը:
Թե որն է եղել ինքնասպանության պատճառը, առայժմ մեզ չհաջողվեց պարզել: Համենայնդեպս դժվար է պատկերացնել, որ պրոֆեսիոնալ, սիրված ու հարգված բժշկուհին երբեւէ կարող էր գնալ նման քայլի: Ի՞նչը, ո՞վ կամ ի՞նչ հանգամանքներ են ստիպել նրան գնալ այդ ծայրահեղ քայլին: Այս հարցի պատասխանը թերեւս կտա քննությունը: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ինքնասպանության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:
Բայց ուշագրավն այն է, որ ինքնասպանություն գործածը Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի կին է: Խոսքը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի մասին է: Բացի պաշտոնյայի կին լինելը, Լուիզա Խաչատրյանը նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քույրն է:
Այս ինքնասպանությունն իր մեջ առեղծվածային շատ տարրեր էր պարունակում: Ինչո՞ւ, որովհետեւ, պարզվում է՝ մահացածի ամուսնու պաշտոնը զբաղեցնող նախորդի ընտանիքում էլ է նույն դժբախտությունը տեղի ունեցել:
Այսօր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի զբաղեցրած պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ֆելիքս Ղուշչյանը:
Դեռեւս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան ինքնասպան է եղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը: «Մեր տեղեկություններով՝ նրա կինը՝ Նարինե Առաքելյանը, իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած է նետել: Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել: Հիշեցնենք, որ Ֆելիքս Ղուշչյանը մահացել էր 2009թ.՝ 58 տարեկան հասակում»:
Նկատեցի՞ք՝ ինչպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի կնոջ՝ Լուիզա Խաչատրյանի դեպքում, Ֆելիքս Ղուշչյանի կինը եւս ինքնասպանություն է գործել իրեն ցած նետելու եղանակով:
Հուսանք՝ քննություն իրականացնող իրավապահները կքննեն նաեւ այս վարկածը: Արդյոք որեւէ կապ կա՞ պաշտոնյաների կանանց կողմից իրականացված ինքնասպանության դեպքերի միջեւ:
Թ. Մ.