ԱՅՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ 3.5 ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ներքաղաքական զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

-Պարո՛ն Բադալյան, այս օրերին ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում խորհրդարանում: Սպասվում է տապալված ընտրական օրենսգրքի եւս մեկ քննարկում: Ըստ Ձեզ` ՀՀԿ-ն ինչո՞ւ չի ուզում ընդունել այդ օրենսգիրքը եւ ընտրությունների գնալ նոր ընտրական օրենսգրքով:
-ՀՀԿ-ի վարքագիծը դժվար է մեկնաբանել այս պահի դրությամբ: Ոչ միայն ադեկվատ չէ, այլեւ տրամաբանական չէ դեմ քվեարկել այս ընտրական օրենսգրքին: Շատերն են նշում, որ վարկանիշային ընտրակարգը ապահովեց ՀՀԿ-ին շատ տեղեր խորհրդարանում: Նրանք սխալվում են. այդ վարկանիշային համակարգի ժամանակ հանրապետականները այդ ցուցակներում առաջադրեցին իրենց կողմնակիցներին, ֆինանսական խթան` ընտրակաշառք կիրառեցին: Վարչապետը Երեւանի ավագանու, ինչպես նաեւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ցույց տվեց, որ ընտրակաշառք չի բաժանվել: Իսկ եթե այդպես է, ուրեմն վարկանիշայինը Հանրապետականի դեմ է աշխատում: Գաղտնիք չէ, որ այս իշխանություններից դժգոհող որոշակի ընտրազանգված կա: Եվ եթե ՀՀԿ-ն կարողանա գրագետ եւ բովանդակալից ընտրարշավ իրականացնել, նա կարող է այդ ձայներին տեր դառնալ, որը կարող է իրենց ապահովել 2-2,5 տոկոս:
-ՏԻՄ ընտրություններում Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվեց, եւ դա տեղի ունեցավ առանց ընտրակաշառքի կիրառման: Սա խոսո՞ւմ է այն մասին, որ հասարակության մոտ դժգոհություն է առաջանում այս իշխանությունների հանդեպ:
-Կապանում կար երկու գործոն. առաջինը այն էր, որ վարչապետը առաջարկել էր իր թեկնածուին, իսկ երկրորդ գործոնը վարչապետի կողմից մարզպետ նշանակված անձնավորությունն էր: Այսինքն` կապանցին գիտակցաբար ընտրություն կատարեց, մերժելով նշանակված մարզպետին` քվեարկեց վարչապետի թեկնածուի դեմ: Այն էյֆորիան, որը կա, սկսում է կամաց-կամաց դադարել: Կապանում դա դադարել է: Վտանգավորն այն է, որ վարչապետը իր ելույթում նշեց` թեկնածուն հաղթել է, որովհետու այնտեղ կրիմինալ կլանները մոբիլիզացրին եւ իրենց թեկնածուին անցկացրին: Ստացվում է, որ ովքեր քվեարկել են վարչապետի թեկնածուին, դրանք գիտակցաբար ընտրողներն են, իսկ մեծամասնությանը մոլորեցրել են. նրանք անգիտակից ընտրողներ են: Վարչապետի մոտ, փաստորեն, ի հայտ է գալիս սեփական անսխալության սինդրոմը: Ինքը սկզբում ասել էր, որ մարզպետի գործոնը նշանակություն չունի, հիմա չի ուզում ընդունել, որ ինքը սխալվել է: Նույն ելույթում ինքը նշեց, որ իր կողմից նշանակված մարդիկ կարող են սխալվել: Այսինքն` պարզապես չի ընդունում, որ ինքը կարող է սխալվել: Սա այն սինդրոմն է, որը Սերժ Սարգսյանին բերեց պարտության:
-Ասացիք, որ էյֆորիան որոշ տեղերում մարել կամ մարում է: Այս իրավիճակում խորհրդարանական ընտրություններին ի՞նչ արդյունք կունենանք: Որո՞նք կլինեն այն 4 ուժերը, որոնք կմտնեն ԱԺ:
-Դա կախված է` ընտրական օրենսգիրքը կընդունվի, թե չի ընդունվի: Եթե ընդունվի, խորհրդարանում կլինի «Իմ քայլը» դաշինքը: Մարդիկ կգնան, կքվեարկեն ոչ թե կոնկրետ այդ դաշինքին, այլ Նիկոլ Փաշինյանին: Այն 3-ի մասով դժվար կլինի կոնկրետ պատասխանելը: Այն ուժերը, որոնք ուզում են լինել ԱԺ-ում, հոկտեմբերից արդեն պետք է թաքնված քարոզարշավ իրականացնեն: Բայց մենք դեռ չենք տեսնում այդ կուսակցությունների գործողությունները: Մի քիչ դա կա ԲՀԿ-ի մոտ, ինչ-որ չափով նշույլներ տեսնում ենք «Սասնա Ծռեր» կուսակցության մոտ, իսկ մյուսների մոտ ոչինչ չենք տեսնում: Իսկ եթե ընտրությունները լինեն գործող ընտրական օրենսգրքով, առաջին տեղում էլի կլինի «Իմ քայլը» դաշինքը, երկրորդը չի բացառվում, որ կլինի ԲՀԿ-ն, որովհետեւ ինքը մարզերում որոշակի ազդեցություն ունի: 3-րդ, 4-րդի հարցում շատ դժվար է ասել: Մի նրբություն կա. եթե վարկանիշային համակարգ լինի, արդեն հենց «Իմ քայլը» դաշինքի ներսում մրցակցություն կլինի, որպեսզի իրենք լինեն խորհրդարանում, եւ դրական է։ Բանն այն է, որ ՔՊ-ն գնալով ավելի է նմանվում ՀՀԿ-ի, երբ բրգաձեւ կառույց է, եւ որոշումները գալիս են մեկ անձից։
-Եվ ամեն դեպքում արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը որքանո՞վ եք ճիշտ համարում, քանի որ նշվում է, թե այս պարագայում քաղաքական ուժերը հավասար դիրքերում չեն լինելու։
-Դա շատ ճիշտ որոշում է։ Ես էլ էի մայիս-հունիսի կողմ ի սկզբանե, քանի որ մեկ տարի է պետք կուսակցություններին ռեբրենդինգի գալու համար։ Սակայն սեպտեմբերին ես հասկացա, որ քաղաքական ուժերն ամառվա ժամանակը չօգտագործեցին, եւ ռեբրենդինգ չեղավ։ Մենք հանդուրժում ենք, որ այդ կուսակցությունների անդամները մեր հաշվին աշխատավարձ ստանան։ Սկզբից հենց այդ ժամկետն էր նշվում, եւ կուսակցությունները պարտավոր էին արագ փոփոխություններ կատարել, իսկ իրենք ոչինչ չարեցին։ Ի վերջո, ես չեմ կարծում, թե այս խորհրդարանը պետք է հինգ տարի աշխատի, այլ 3,5, որպեսզի ընտրությունները տեղի ունենան 2022 թվականի գարնանը։ Եթե հինգ տարի աշխատեն, ապա հաջորդ ընտրությունները կրկին կլինեն դեկտեմբերին, ինչը բյուջեի առումով սխալ է։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը կարող է կատարել իր կողմից խոստացված փոփոխությունները, իսկ մյուս կուսակցությունները կարող են պատրաստվել այդ ընթացքում եւ նորմալ ընտրություններ անցկացնեն։ Սակայն վարչապետի մոտ կարող է երկու շահ լինել՝ կուսակցական եւ պետական։ Կուսակցական շահի դեպքում նա կմնա հինգ տարի, պետական շահի դեպքում՝ 3,5 տարի։
Զրուցեցին ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԸ 20 ՏԱՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՊԵԿ-Ի ԴԵՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ «Տարոն» ընկերության միջեւ հակամարտությունը ավելի քան երկու տասնյակ տարի է՝ շարունակվում է:

Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան ավելի քան 20 տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը: Սնանկացման եզրին հասած գործարարը հաշվել է, որ 20 տարիների ընթացքում ուղիղ 600 դատական գործընթացի է մասնակցել: «Արդեն 21 տարի դատարաններից տուն չեմ գալիս, չնայած այն բանին, որ 4 դատական հայց եմ շահել, բայց չի ավարտվում»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց Իսախանյանը:
Ըստ ՊԵԿ-ի` «Տարոն» ընկերության պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ կազմում են 33 մլն 834 հազար 554 դրամ: ՊԵԿ-ից հայտնում են, որ նշված պարտավորությունները հաշվարկվել են «Տարոն» ԲԲԸ-ի եւ վերջինիս իրավանախորդի (Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա) կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների հիման վրա, որոնք առկա են ընկերության հարկային գործում: Իսկ «Տարոն»-ի տնօրեն Հ. Իսախանյանը իր հերթին պնդում է, որ պետությանը պարտք չէ: Ըստ ՊԵԿ-ի` Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան մինչեւ 1992 թվականին մասնավորեցվելը իբր 33 մլն 834 հազար դրամի պարտք է ունեցել: Նշենք, որ այդ տարիներին պետությունը ձեռնարկությունը վաճառել է բաժնետերերին: Բայց «Տարոն» ընկերության տնօրեն Հայկ Իսախանյանի խոսքերով` կառավարության վաճառքի պայմանագրերում պարտքի մասին խոսք անգամ չի եղել: Տնօրենը ամուր պահում է այդ փաստաթղթերը:
Ըստ Իսախանյանի` չնայած այն բանին, որ ֆաբրիկան գտնվում է կալանքի տակ, այն ամբողջովին պահպանվում է. «Անգամ մտցրել ենք տուրիստական երթուղու մեջ, որ ներդրող գտնենք: Խորհրդային միության տարիներից պահպանված ձեռնարկություն է, զբոսաշրջիկները գալիս են, նայում, հիանում»:
Հայկ Իսախանյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ բաց նամակով դիմել է ՀՀ հատուկ քննչական, ազգային անվտանգության ծառայություններին, երեք նամակ էլ` վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Դեռ արձագանք չկա: «Հիմա մտածում եմ, որ մյուս բաժնետերերին հավաքեմ, եւ պաստառները ձեռքներիս գանք Երեւան, կառավարության շենքի առջեւ բողոքեմ: Անգամ օգնություն եմ խնդրել առաջին տիկնոջից`Աննա Հակոբյանից: Ստիպված: Բայց մարդիկ կարծես թե այլ գործով են զբաղված»,- նկատեց Հ. Իսախանյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդները բողոքում են, որ Բաղանիս գյուղի տարածքում բնակիչների տներից հոսող կոյուղաջրերը, Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի խաչմերուկում արտահոսելով, վնասում, քայքայում են միջպետական ավտոճանապարհի ասֆալտե ծածկը: Այդ խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Բաղանիսի վարչական շրջանի ղեկավար Նարեկ Սահակյանի հետ: Նա ասաց, որ սահմանամերձ գյուղի այդ հատվածում մի թաղամաս կոյուղագիծ չունի, այդ առանձնատների կոյուղաջրերը հոսում են միջպետական ավտոճանապարհ: Ն. Սահակյանի խոսքերով` հարկ է այդ թաղամասում կոյուղի կառուցել, հետո կոյուղագիծը մի տեղ անցկացնել միջպետական ավտոճանապարհով: Դրա համար ֆինանսական մեծ ծախս է պահանջվում: Բաղանիսի վարչական ղեկավարը հույս հայտնեց, 2019թ. միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածը կհիմնանորոգվի, այդ ժամանակ բաղանիսցիները համախմբվելով կլուծեն այդ թաղի կոյուղագծի կառուցման, այն միջպետական ավտոճանապարհի տակով անցկացնելու խնդիրը:

 

 

ԹՈՐՈՍՅԱՆԻ՞ ՀԷԿ-Ը
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ, կենսաթոշակառու Սերյոժա Ալեքսանյանը դժգոհեց, որ ամռան ամիսներին Ոսկեպարի փոքր ՀԷԿ-ն աշխատեցնելու համար Նոյեմբերյանի սարերից ձգվող ոռոգման ջրագծի աշխատանքը դադարեցնում են: Թոշակառու ուսուցիչը զայրացած է, որ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը սահմանագոտում ՀԷԿ է աշխատեցնում, շահույթ ստանում, սահմանամերձ գյուղերի բնակիչներն էլ զրկվում են ամռան տապին իրենց հողերը ոռոգելու հնարավորությունից: Ս. Ալեքսանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ոռոգման այդ ջրագիծը հոկտեմբերի 10-ից անջատել են, չնայած հիմա ոռոգելու համար հարմար ժամանակ է: Տեղեկացնենք, որ 2009թ. մայիսի 5-ին Ոսկեպար համայնքի ղեկավար (այժմ` հանգուցյալ) Հրուշ Աղբալյանը որոշում է ընդունել Ոսկեպար գետի վրա փոքր հէկ-ի օժանդակ շինությունների կառուցման համար «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ին 99 տարով հատկացնել 500 քմ տարածք տարեկան 20 հազար դրամ վարձավճարով: Գծային ենթակառուցվածքները համայնքային սեփականության հողամասով անցկացնելու համար նա կառուցապատողի հետ կնքել է պայմանագիր` տարեկան 10 հազար դրամ վարձավճարով: Ոսկեպար գետի վրա փոքր հէկ-ի շինարարությունը տեւել է մեկ տարի եւ ավարտվել 2011թ. մարտին: 3 բլոկ ունեցող կայանը տարեկան արտադրում է 2.59 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա: Տարի է լինում, որ ամռանը Ոսկեպար գետից հէկ-ի համար ջուր վերցնելուց հետո գետում ջուրն այնքան է նվազում, որ Ոսկեպարի հունում սատկած ձկներ եւ գորտեր են հայտնվում, ափերին ճահճահոտ է տիրում: Այդ ժամանակաշրջանում գետը փոքրիկ առվի է նմանվում: «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ տնօրենը Աշոտ Հարությունյանն է: Ոսկեպարցիները հայտնեցին, որ այդ ընկերությունը սերտ կապ ունի ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ, ով էլ իրականում հէկ-ի տերն է: Ոսկեպարից հայտնեցին, որ այդ փոքր ՀԷԿ-ը անվճար տրամադրում է գյուղի գիշերային լուսավորության էլէկտրաէներգիան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս