ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը շարունակում է իր տարօրինակ առաջարկներով զայրացնել աջ ղեկով մեքենա ներկրողներին: Երեկ էլ 33-ամյա Արշակյանը «փայլեց» հերթական առաջարկով` աջ ղեկով մեքենան վերածել պահեստամասի եւ այդպես ներկրել: Բնականաբար, նրա այդ հայտարարությունը մեծ դժգոհություններ է առաջացրել աջ ղեկով մեքենա ներկրողների մոտ:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը անցած տարի որոշման նախագիծ ընդունեց` Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին: Ըստ այդմ, 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելվում էր Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ: Բայց քանի որ ժամանակավոր արգելքը ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն էր, ներկրողները սկսեցին երկու ամիս առաջ աջ ղեկով մեքենա գնել: Եւ ահա ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում քվեարկության դրվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Սակայն պարզվում է, որ նախագծի երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություն է կատարվել եւ հանվել է «ժամանակավոր» բառը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «Ոչ մեկ իրավունք չունի քաղաքացուն պարտադրել, որ ինքը իր մեքենան քանդի ու մաս-մաս վաճառի: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, աջ ղեկով մեքենայի գնորդը, ով մասնագիտությամբ վիրաբույժ է, իրեն պարտադրենք, որ իր պատվիրած մեքենան վաճառի մաս-մաս: Այսինքն` ինքը իր գործը պետք է թողնի, գնա, սահմանին մեքենան քանդի ու բերի Հայաստան, վաճառի: Ինչպե՞ս է սա պատկերացնում նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը: Եթե նման բան է առաջարկում, այդ դեպքում թող ճանապարհն էլ ցույց տա»:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պահանջում են, որպեսզի այս դեպքում կառավարությունը գոնե միջանկյալ մի լուծում տա, գոնե թույլատրի Բագրատաշենի անցակետում կայանված մեքենաները ներկրել, որից հետո նոր անդրադառնա հաջորդ խնդրին՝ աջ ղեկով նոր մեքենաների ներկրմանը:
Ըստ Իգիթյանի` հարեւան Վրաստանի տարածքում եւս ներկրողները չեն կարող մեքենան վաճառել: Նրա խոսքերով` Վրաստանը ընդամենը տարանցիկ տարածք է, որտեղով իրենք ներկրում են մեքենաները: «Ֆիզիկապես հնարավոր չէ դա հետ տանել Վրաստան ու իրացնել: Բացի այս, Վրաստանի տարածքում հիմա գործում է այլ մաքսային ձեւակերպումներ, մաքսազերծումն անհամեմատ ավելի թանկ է, քան Հայաստանում: Իսկ մեր պաշտոնյաները խնդիրը խորը չեն ուսումնասիրում, լրջորեն չեն մոտենում: Ղազախստանում եւս անհնար է իրացնել: Այդ մեքենան անգամ Հայաստանի տարածքում գրանցված չէ: Օդում կախված է, համարանիշ չունի: Ինչո՞վ տանենք` ինքնաթիռո՞վ, մեծ մեքենաներո՞վ, թե՞ վարելով»,- վրդովված նկատեց Իգիթյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ աջ ղեկով մեքենա ներկրողները չեն կարող անգամ դիմել այն աճուրդների կազմակերպիչներին, որոնցից ձեռք են բերել մեքենաները: Ներկրողներից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ`նշելով, որ հնարավոր չէ բանակցել, աջ ղեկով մեքենան փոխարինել ձախով: «Ուղղակի հնարավոր չէ: Երբ առաջարկ են ներկայացնում, պետք է նաեւ ուսումնասիրեն` դա իրատեսական է, թե ոչ: Հիմա կարող են ասել` այդ մեքենաները գցեք ձորը, բայց դա խելքին մոտ բան չէ: Այս հարցում հնարավոր է լուծումներ գտնել, բայց իրատեսական»,- լրացրեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ներկրողների մեծ մասը մեքենայի ղեկի տեղափոխման աշխատանքները իրականացնում են Վրաստանի տարածքում: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ ղեկի տեղափոխման գինը երկու անգամ ավելացրել են: «Իսկ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին այսօր Վրաստանի տարածքում վրաց արհեստավորները վերաբերվում են ինչպես ֆուտբոլի գնդակի. բացի թանկացնելուց իրենց ծառայության գինը, արհեստական հերթեր են գոյացնում, եթե ուզում ես, որ քո մեքենան չընկնի տուգանքի տակ, մի հատ էլ ավել վճարում պետք է անես, որ քո մեքենայի ղեկը շուտ փոխվի»,- վրդովված ներկայացրեց Իգիթյանը:
Պարզվում է` ոչ միայն աջ ղեկով մեքենա ներկրողներն են զայրացած, այլեւ վարողները: Նրանցից մեկը վրդովված նկատեց. «Իմ սահմանադրական իրավունքն է ձեռք բերած գույքը տնօրինել իմ հայեցողությամբ: Իսկ եթե ղեկը տեղափոխեմ, ապա այն կփչացնեմ: Բայց կարող է` ես եմ, չունեմ 800 դոլար, ի՞նչ պետք է անեմ, մեքենաս վերածեմ պահեստամասի ու այդպես իրացնե՞մ, թե՞ դեն նետեմ»:
Հ.Գ. Ի դեպ, երեկ նախարարի ԺՊ Հակոբ Արշակյանը հայտարարեց նաեւ, որ ՀՀ երթեւեկության կահավորանքը նախատեսված է ձախ կողմում ղեկ ունեցող մեքենաների համար: Բայց մասնագետները պնդում են, որ քաղաքակիրթ այլ երկրներում այս հարցը լուծված է` տեխնիկական պարամետրերի փոխարինում, օրինակ` լուսարձակների շտկումը համապատասխան երթեւեկության ուղղության:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս