Հոկտեմբերի 27-ը «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված չէ: Սակայն արդեն 19 տարի է՝ այդ օրը Հայաստանում շատ-շատերի համար սգո օր է: 19 տարի առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով գլխատվեց Հայաստանի իշխանությունը. ողբերգություն, որը շատ երկար ժամանակ դեռ կհիշվի մարդկանց կողմից, ողբերգություն, որն անդառնալի բացասական հետեւանքներ ունեցավ մեր պետության համար: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած այս տարիներին մշտապես մեկ հարց է հնչել, հարց, որը մինչեւ հիմա չի ստացել իր պատասխանը. ովքե՞ր էին կանգնած ահաբեկչության թիկունքում, ո՞ւմ պատվերն էր կատարում Նաիրի Հունանյանի բանդան: Էլ չենք խոսում այս գործով մի շարք այլ չբացահայտված հանգամանքների մասին, որոնց պատասխանները եւս ո՛չ քրեական գործի նախաքննության, ո՛չ դատաքննության ժամանակ այդպես էլ չտրվեց: Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հոկտեմբերի 27-ի ոճրագործության չբացահայտումը շատերի համար տրամաբանական էր, ապա թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը բավական մեծ ակնկալիքներ ունի: Ճիշտ է, իշխանափոխությունից անցել է կարճ ժամանակ՝ ընդամենը վեց ամիս, եւ բնական է՝ այս ընթացքում հոկտեմբերի 27-ի գործը դժվար էր այդպես արագ բացահայտել: Բայց առաջիկայում իշխանությունները պարտավոր են այս ուղղությամբ եւս քայլեր ձեռնարկել՝ վերաբացելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով առանձնացված ու վաղուց կասեցված քրեական գործի նախաքննությունը:
1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` խոսելով Արցախի` բանակցային սեղանից դուրս մնալու մասին: Սակայն պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղին վերաբերվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմի: Եվ ստացվում է` այդ գործընթացը եղել է փուլային տարբերակով: 1-ին փուլը արձանագրվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, իսկ փաստաթղթային մասն էլ շարունակաբար դադարեցվել է արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բայց այդ տարիներին համանախագահներն իրենց դիրքորոշումը ամեն անգամ Արցախ գնալով են արտահայտել։ Սա նշանակում է, որ հիմա շատ ավելի կարեւոր է ոչ թե հարցը՝ ում մեղքով է ԼՂ-ն դուրս մնացել բանակցային սեղանից, այլ արդյոք հիմա Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ բանակցային գործընթացում ներգրավել Արցախին: Եթե այո, ապա նշանակում է՝ պատմական իրողություն կունենանք:
Ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարությունը 56,8 մլն դրամով նվազեցրեց Պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարել է, թե այդ որոշումը չի ազդի պաշտպանության բնագավառի վրա: «Եթե հիմքում վերցնենք այն, որ ՊՆ բյուջեն 245 միլիարդ դրամ է, դրանից 50 միլիոն հանելը ինչ-որ մեծ վնասներ բերել չի կարող. դա շատ փոքր թիվ է: Բայց երեւույթն է հետաքրքիր, որ գումարը հանվում է ՊՆ-ի բյուջեից»,- ասել է նա: Ըստ Շիրխանյանի. «Կարելի է կրճատել հազար ու մի տեղ, բյուջեն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ ունի: Ես կարծում եմ` այդ գումարը օգտագործվելու է պաշտպանական նպատակներով, բայց այլ կանալներով: Իսկ վերցնել ու ՊՆ բյուջեն կրճատելը վերաբերմունք է մեր իրավիճակին, դա վերաբերմունք է երկրի ապագային, անվտանգությանը, սահմանների անձեռնմխելիությանը, եթե իհարկե դա եղել է այնպես, որ պետք է եղել գումար ինչ-որ բանի համար, եւ օգտագործել են բանակից»:
Հատկապես մարզերում գործող գազալցակայանների շատ սեփականատերեր վաճառքի են հանել իրենց ունեցվածքը: Պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է, երբ այս տարվա հունվարի 1-ից սկսած սեղմված գազի 1000 խմ-ի ակցիզային հարկը 8300 դրամից դարձավ 25 հազար դրամ: Ու հիմա սեփականատերերը պնդում են, որ դա այլեւս շահութաբեր բիզնես չէ: Մյուս կողմից նրանց առաջ նոր խնդիրներ են ծառացել. ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը պարտադրում է գազալցակայանների սեփականատերերին բարձրորակ զուգարաններ կառուցել, դրանք սահմանված չափանիշներով շահագործել: Հայաստանի միջպետական ճանապարհներին հասարակական զուգարաններ չկան: Իսկ եթե կան, ապա գտնվում են խիստ անմխիթար եւ հակահիգիենիկ վիճակում, որից օգտվելն ուղղակի հակացուցված է: Ու հիմա շատերը որոշել են այդ խնդիրներից զերծ մնալու համար պարզապես վաճառել ունեցվածքը: Նշենք, որ վաճառքի համար նախատեսված ինտերնետային կայքերը հիմա հեղեղված են նման հայտարարություններով:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԶԳԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Հիմա էլ նախագահ Արմեն Սարգսյանն է փորձում շրջանառության մեջ դնել հայերի՝ համաշխարհային ազգ լինելու հայտնի թեզը: Ժնեւում ելույթ ունենալով Crans Montana ֆորումի «Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին` նա հայտարարել է. «Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաեւ Ռուսաստանում: Երեւանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը…: Ուստի լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միեւնույն ժամանակ լինել նաեւ համաշխարհային ազգի առաջնորդ»:
Եթե անկեղծ, ապա Արմեն Սարգսյանն իր ելույթում այնքան էլ օրիգինալ չի գտնվել. նա պարզապես կրկնել է հայերի՝ համաշխարհային ազգ լինելու մասին վաղուց հնչեցված միտքը: Այդ գաղափարի հեղինակային իրավունքները, եթե հիշում եք, պատկանում են Վազգեն Մանուկյանին: Հենց նա էր 90-ականների սկզբներին խոսում հայերից համաշխարհային ազգ կերտելու անհրաժեշտության մասին: Բայց մանուկյանական թեզը ոչ միայն այդպես էլ լայն արձագանք չգտավ, այլեւ բավական քննադատության արժանացավ հենց միայն այն պատճառով, որ գաղափարը ծիծաղելի էր, անիրագործելի, ուտոպիայի ժանրից:
Համաշխարհային ազգի թեզը փորձեց առաջ տանել նաեւ Սերժ Սարգսյանը: Նա էլ 2017թ. օգոստոսին հանձնարարել էր նախապատրաստել Համահայկական խորհրդի ձեւավորման հետ կապված հարցեր` այդ համատեքստում առաջադրելով բարձր նպատակներ: Ու հիմա, երբ արդեն Արմեն Սարգսյանն է կրկնում այս նույն միտքը, մի տեսակ այն չէ, նույնիսկ արդեն ձանձրալի է թվում, մանավանդ մի նախագահի դեպքում, որը հասցրեց հասարակության կողմից սիրվել երեխաների հետ պաղպաղակ ուտելու, համբուրգեր պատրաստելու, ցուցարար բնապահպանների հետ քոչարի պարելու շնորհիվ:
Մի փաստ էլ. Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե լինելով փոքր երկրի նախագահ` փորձում է միաժամանակ լինել համաշխարհային ազգի առաջնորդ: Միայն թե մինչեւ նման հավակնություններ ներկայացնելը Սարգսյանին չէր խանգարի հիշել, որ իրեն ժողովուրդը չի ընտրել, այլ նախագահի պաշտոնում առաջադրել ու հետո ընտրել է մի ուժ, որը բավական ամոթալի կերպով հեռացվեց իշխանությունից: Իրեն ընտրել է լեգիտիմությունից զուրկ խորհրդարանը, որը ցրելու պահանջ է առաջադրել հասարակությունը: