ԱՐԱՏԱՎՈՐ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշեն համայնքում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգում է իրականացնել «ռեյդեր»` բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: Այս հայտարարությունից հետո իրավապահները գործի անցան, սակայն արի ու տես` մարդիկ օրինական են պահում թիկնազոր:

Իսկ որտեղի՞ց մեր երկրում այդքան թիկնապահներ: Բանն այն է, որ 2012 թվականի փետրվարի 9-ից Հայաստանում ուժի մեջ է մտել 2 օրենք, ըստ որոնց` փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքում: Մասնավորապես, սահմանվել էր, որ պահնորդական կազմակերպությունները լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ոստիկանություն: Լրացում էր կատարվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում, եւ սահմանվել էր 500.000 դրամ դրույքաչափ լիցենզիա ստանալու համար: Այսինքն` այդքան գումար վճարելուց հետո ցանկացած ոք կարող է պահնորդական ընկերություն բացել, օրինական զենք ունենալու թույլտվություն ստանալ նաեւ եւ դառնալ բանդայի տեր: Եւ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ հայտնի մարդիկ իրենց մտերիմներին գրանցում են իրենց կամ բարեկամի պահնորդական ընկերություններում, կամ էլ իրենք են ստեղծում պահնորդական կազմակերպություններ եւ իրենց մտերիմներին գրանցում են այնտեղ, որպեսզի իրենց անվտանգությունը ապահովեն, եւ ամեն ինչ օրինական է:
Նկատենք, որ Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ղեկավարման օրոք: Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիս հետ զրուցեց չարաբաստիկ օրենքի մասին:
-Պարո՛ն Սարգսյան, վարչապետը հայտարարել էր ուժային կառույցներին «ռեյդեր» իրականացնել, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: Այսօր տարբեր անձինք մասնավոր պահնորդական ընկերություններ են բացում եւ իրենց հարազատներին գրանցում այնտեղ եւ այսպես ունենում օրինական թիկնազոր: Այդ օրենքը Ձեր ոստիկանապետ լինելու տարիներին է ընդունվել: Ինչո՞ւ չեք առարկել, որ հիմա էլ վարչապետը հրահանգ չտա թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին:
-Չի քննարկվել, ես բազմաթիվ անգամ դեռեւս իմ ոստիկանապետ եղած տարիներին առաջարկել եմ, որ այս ընկերությունները, որոնք այս ծառայությունները իրականացնում են, կարծում եմ, որ նրանք իրավասու չեն, դա պետք է պետության կողմից, գերատեսչության կողմից, տվյալ դեպքում ոստիկանության կողմից պետք է իրականացվի: Իսկ ոստիկանությունը ո՞նց է իրականացրել: Դա էլ ասեմ, առաջնորդվել է նրանով, որ մարդիկ անձանց են ներկայացրել, նա ընդունել է ոստիկանություն եւ հետ է վերադարձրել նրանց՝ ուղարելով թիկանպահի աշխատանքի: Դա, կարծում եմ, որ արատավոր պրակտիկա է եւ պետք է վերացվի:
-Դուք ո՞ւմ եք առաջարկել, որ օրենք չընդունեն եւ այդ արատավոր պրակտիկան վերացնեն:
-Տարբեր առիթներով ասել եմ, եւ, ցավոք սրտի, իմ ժամանակ այս արատավոր պրակտիկան տեղի է ունեցել:
-Ինչո՞ւ չէիք կանխում:
-Ուզես, թե չուզես, դրանք տարբեր խողովակներով հայտնվում են: Դրա համար եմ ասում` թող ստեղծեն այդ հատուկ դպրոցը, ուսումնական ինչ-որ պրոցես անցկացնեն, հավատարմագրված, ստուգված մարդիկ լինեն իրենց կապերով եւ ամեն ինչով եւ տրամադրեն մարդկանց: Հիմա պետական անվտանգության ծառայութունը ոնց է իրականացնում բոլոր այս պետական կառույցների պահպանությունը, նույնը թող լինի այդ մարդկանց մոտ: Այլապես կունենանք միշտ այն, ինչ ունեք առ այսօր:
-Բայց օրենքը Ձեր ղեկավարության տարիներին է ուժի մեջ մտել, իսկ հիմա դեմ եք խոսում: Նախկինում այս առաջարկը չե՞ք արել:
-Ես դեմ չեմ խոսում կամ կողմ չեմ խոսում, ուզեք, թե չուզեք, այս պրակտիկան ինչ-որ կերպ մուտք է գործում պետական մարմին: Ուզեք, թե չուզեք, բերում, մարդկանց տեղավորում են համակարգ, համակարգից հետո, ըստ համակարգի կողմից բախշվածության, իրենք հայտնվում են ինչ-ինչ մարդկանց մոտ:
-Ո՞րն է լուծումը:
-Օրենք հանելը այս պահին իմաստ չունի: Հմտորեն է պետք պայքարել, ստուգումներ անել, որ հետագայում բացթողումների համար պատասխան տան: Պետք է դիտարկել՝ ինչ աստիճանի բացթողում է եղել, հայտնաբերման դեպքում նորից տեղափոխել, նորից մեկուսացնել, որոշեն, թե որտեղ նա պետք է ծառայի: Կուզի, թող ծառայի, կուզի, թող չծառայի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին նախօրեին տեղի ունեցած ինքնասպանության դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ինքնասպան եղած բժշկուհին վերջին երեք ամիսների ընթացքում եղել է դեպրեսիվ վիճակում:
Երեկ` առավոտյան` 9:40-ին, հայտնի դարձավ, որ Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Լուիզա Խաչատրյանը: Նա մասնագիտությամբ բժշկուհի էր եւ աշխատում էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը:
Գրել էինք, որ ուշագրավն այն է՝ ինքնասպանություն գործածը Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի կին է: Խոսքը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության եւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի մասին է: Բացի պաշտոնյայի կին լինելուց Լուիզա Խաչատրյանը նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քույրն է:
Ինչեւէ, զարմանալի այս միջադեպից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն` երբ իրավապահները նրա հարազատներին կանչել են, որպեսզի վերջիննես ճանաչեն դիակը, հարազատները իրավապահներին որոշ բաներ են պատմել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Լուիզա Խաչատրյանի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հարազատներն իրավապահներին պատմել են, որ նա շատ համեստ, հավասարակշռված անձնավորություն է եղել, եւ չկա որեւէ մեկը, որ կարող է ասել, թե նա ինչ-որ խնդիր է ունեցել: Հարազատները ներկայացրել են, որ Լուիզա Խաչատրյանը վերջին երեք ամիսների ընթացքում բավականին դեպրեսիվ վիճակում է եղել, եւ որեւէ մեկը հարազատներից չի կարողացել հասկանալ, թե ինչով է պայմանավորված նրա հոգեվիճակը: Երբ հարազատները հետաքրքրվել են նրանից, թե ինչու է նա նյարդայնանում, ինչ խնդիր ունի, նա պատասխանել է, որ որեւէ խնդիր չկա: Տեղեկություններ կան հարազատների շրջանում, որ բժշկուհին իր դեպրեսիվ վիճակից դուրս գալու համար մոտ երեք ամիս «հաբեր» է ընդունել: Գործընկերները եւս նկատել են, որ նա պարբերաբար «հաբեր» է ընդունում, եւ չեն հասկացել, թե ինչու է այդ քայլին գնում: Ինչեւէ, դեպքի օրը նա անգամ քաղաքացու է ընդունել իր մոտ, եւ որեւէ մեկը որեւէ արտառոց բան չի նկատել նրա վարքագծում:
Այս ամենը լսելուց հետո իրավապահները գնացել են Լուիզա Խաչատրյանի բնակարան եւ արձանագրել, որ ընտանիքը ապահովված է եղել ամեն ինչով, տանը տիրել է հանգիստ մթնոլորտ եւ անհասկանալի է, թե ինչ խնդիրների հետեւանքով է բժշկուհին գնացել այդ ծայրահեղ քայլին, ինչն է մտահոգել նրան, որ նա հայտնվել է հոգեպես անհավասարակշռված վիճակում:
Ի դեպ, իրավապահների նախնական տվյալներով` Լուիզա Խաչատրյանի մարմնին առկա վնասվածքները նա ստացել է կամրջից ցած նետվելու հետեւանքով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՐԶԵՑՈՒՄՆԵՐ
Ազգային ժողովի երկուշաբթի օրվա արտահերթ նիստին ընդառաջ Ընտրական օրենսգրքի նախագիծը նախ քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում: Նախագծում որոշ դրույթների ձեւակերպումներ են պարզեցվել: Օրինակ` կրկին հստակեցվել է խորհրդարանում 4 ուժերի ներկայացվածության եւ մանդատների բաշխման հարցը: Նախագծով առաջարկվում է ԱԺ-ում 3-ի փոխարեն 4 քաղաքական ուժի ներկայացվածություն ապահովել, սակայն 4-րդ ուժը կարող է հայտնվել այն դեպքում, եթե հավաքում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 2 տոկոսը: Այս շեմը կարող է նվազեցվել միայն այն դեպքում, եթե 3-րդ ուժն էլ չհաղթահարի 2 տոկոսը եւ անգամ ստանա 1 տոկոսից էլ ցածր քվե:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակվել են փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը. առաջարկվում է քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, Տիգրան Վիրաբյանին: Քաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի Երեւան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Երեւանի քաղաքապետարանում կայանալու է ավագնու արտահերթ նիստ, որտեղ էլ վերջնականապես նշանակումները տեղի կունենան: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր նշանակումներ է կատարել: Նշենք, որ Միքայել Թումասյանը նշանակվել է Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար, Արամ Դանիելյանը նշանակվել է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:

 

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ
«Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում կատարվել են չարաշահումներ: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Մուշի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ մարզադպրոցի նախկին տնօրեն, ներկայումս փոխտնօրեն Յաշա Եղիազարյանը վեց հոգու հրամանագրել է որպես բժիշկ, պահակ, մարզիչ ու բանվոր, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, եւ 2013 թվականից առ այսօր նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը` ավելի քան 17 միլիոն դրամ, յուրացվել է: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՎԱԶԻ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ փետրվարի 1-ից հնարավոր է` էլեկտրաէներգիայի սակագինը նվազի: «Չնայած օրենքը սահմանում է, որ սակագինը կարող է վերանայվել 6 ամիսը մեկ անգամ, բայց քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռները եւ պլանավորումն արվում է տարեկան կտրվածքով, հիմնականում վերանայումներն էլ արվում են տարեկան կտրվածքով նաեւ ճիշտ բյուջետային պլանավորում անելու համար: Գործող սակագները սահմանված են մինչեւ փետրվարի 1-ը, այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են նրան, որ փետվարի 1-ից, եթե հնարավորություններ ունենանք, հնարավոր լինի որոշակիորեն նվազեցնել սակագները»,-ասել է Գ. Բաղրամյանը:




Լրահոս