«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում շրջանառվում է Հարությունյանի անունը` որպես կաշառք վերցրած պաշտոնյայի:
Ավելի վաղ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու, պարզապես իրավապահները սպասում են մի թղթի վերաբերյալ պաշտոնական պատասխանի: Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները եւ մի շարք այլ փաստաթղթեր:
Նոյեմբերի 21-ին էլ ՀՔԾ-ում առերեսում էր կատարվել Համբարձումյանի եւ Հարությունյանի միջեւ, եւ գործարար կինը պնդել էր իր ցուցմունքները: Չի բացառվում` Հարությունյանը ձերբակալվի դեկտեմբերին, երբ ավարտվեն այս ԱԺ-ի լիազորությունները, եւ Հարությունյանը կորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, որ հարկ չլինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: