ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե վստահ է` Հանրապետականի նկատմամբ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա, բայց իրենք քարոզարշավը ավելի շատ մամուլի միջոցով կիրականացնեն:
Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ականներն այնուամենայնիվ խուսափում են հասարակության մեջ երեւալուց եւ գերադասում են միջնորդավորված շփումը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը փորձում էր համոզել` «Բադասարյանը նկատի է ունեցել, որ երկու ձեւով էլ քարոզչություն իրականացվելու է. այսինքն` ե՛ւ լրատվամիջոցների միջոցով, ե՛ւ բակային հանդիպումների, ժողովորդի հետ շփման»։
Հարցին` արդյոք ՀՀԿ-ն վախենո՞ւմ է դուրս գալ մարդկանց մեջ, դրա համար է որոշել քարոզարշավը լրատվամիջոցներով իրականացնել, Եսայանը բացասական պատասխան տվեց. «Թյուր կարծիք կա այն մասին, որ հանրապետականները վախենում են շփվել մարդկանց հետ եւ այլն։ Հիմա ՀՀԿ-ի հանդեպ հասարակության տրամադրվածությունը բավականին լավ է. մենք նման խնդիր չունենք»: