Կառավարությունը պատրաստվում է 3000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանին: Նշենք, որ Ոսկերչյանին մեղադրանք էր առաջադրվել 2008-ի մարտի 1 ցույցերի ժամանակ զանգվածային անկարգություններ հրահրելու եւ պետական իշխանությունը բռնազավթելու փորձի համար: Նա յոթի գործով անցնող քաղբանտարկյալներից մեկն էր, առանց հիմնավոր ապացույցների, դատապարտել 2 տարվա ազատազրկման, բայց հետո համաներմամբ ազատ էր արձակվել:
Ոսկերչյանը բողոքարկել էր վճիռը` պատճառաբանելով, որ նախաքննական մարմինը նրան ձերբակալելու որեւէ հիմնավորում չի ներկայացրել, ներպետական ատյաններում հայցը մերժել էին: ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով սահմանված պատշաճ քրեական դատավարություն իրականացնելու իրավունքը: