Գյումրիում գործում է 24 մանկապարտեզ։ Այս տարի 2-ը հիմնանորոգվել են ամբողջությամբ, 2-ում էլ ջեռուցման խնդիր է լուծվել։ Շենքային խնդիրներ գրեթե բոլոր մանկապարտեզներում կան, բայց, ընդհանուր առմամբ, 7 մանկապարտեզում խնդիրն օրհասական է, դրանցում լոկալ ջեռուցում չկա։ Խնդիրը սրվում է, երբ եղանակային պայմաններն են վատթարանում։ 7 մանկապարտեզից 3-ը տնակային են։ Դրանք ջեռուցվում են գազի վառարաններով։ 18 աստիճանին մոտ ջերմաստիճան ապահովել թեեւ ստացվում է, բայց դա միայն խմբասենյակներում։
Միջանցքները չեն ջեռուցվում, ինչը անհանգստացնող է ծնողների համար։ Սակայն ծնողներին առավել մտահոգում է այն, որ այժմ լուրեր են շրջանառվում, որ մանկապարտեզներում արգելվելու է գազի վառարանների շահագործումը. «Լսել ենք, որ գազի վառարաններն արգելելու են, մեր բնակարաններում էլ եկել, ստուգել ու զգուշացրել են ջեռուցման խնդիրը լուծել, տանը մի բան կանենք, բայց ի՞նչ է լինելու մանկապարտեզներում։ Առանց այն էլ շատ ծանր է օդը խմբասենյակներում, միջանցքներում էլ ցուրտ է, բայց առանց վառարանի ի՞նչ կլինի»,-ասաց ծնողներից մեկը։
Գազի վառարանների շահագործումը արգելելու մասին լուրեր Գյումրու համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը չէր լսել, մեր հետ զրույցում ասաց, որ նման որոշումը մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի ոչ միայն Գյումրու, այլեւ գյուղական բնակավայրերում գործող մանկապարտեզներին․ «Ես նման բան չեմ լսել, ո՞նց են արգելում, երբ այդքան մանկապարտեզ վառարանով է ջեռուցվում։ Ունենք 7 մանկապարտեզ, որոնցից 3-ը տնակային է, 2-3-ում էլ մասամբ է վառարանով ջեռուցվում։ Անվտանգության կանոնները պահպանված են, ինչ պահանջներ կան, ապահովված է։ Արգելելու վերաբերյալ գրավոր որեւէ հրահանգ դեռ չենք ստացել»,-ասաց Գյումրու համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Հակ Սուլթանյանը։
Գյումրու ավագանու «Գալա» խմբակցությունը նախագծով էր հանդես եկել եւ առաջարկում էր մանկապարտեզները Գյումրիում դարձնել անվճար, ինչպես մայրաքաղաքում։ Այդ կերպ բոլոր փոքրիկների համար հավասար պայմաններ կստեղծվեին, սակայն նախագիծը կյանքի չկոչվեց։ Անհրաժեշտ էին ֆինանսական լուրջ միջոցներ, ինչի հնարավորությունը Գյումրիում չկար՝ բյուջեի միջոցների սղությամբ պայմանավորված։
Իսկ մանկապարտեզներում վարձավճարը տատանվում է 7000-8000 դրամի շրջանակում, ինչը Գյումրու պայմաններում հասանելի չէ բոլորի գրապաններին։ Ջեռուցման սեզոնին էլ մանկապարտեզների ֆինանսական վիճակն առավել է սրվում։ Արդյունքում խնայողությունների հաշվին նորմային մոտ ջեռուցում մի կերպ է հաջողվում ապահովել։ Որոշակի ներդրումներ Գյումրու բյուջեից էլ տրամադրվում են, բայց խնդիրն այդ կերպ չի լուծվում։ Հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, միջոցներ, որոնք չկան:
Հեղինե Մանուկյան
Գյումրի