Նոյեմբերի 21-ին և 22-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է «ZGEST»,«PETOOR», «Just Black»,«Diana Avona»հայկական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել նորաձևությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները թե´ տեղական, թե´ միջազգային հանդիպումների ժամանակ: «Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել է Աննա Հակոբյանը:
«Շատ բարձր ենք գնահատում Ձեր հայտարարությունը, որ պատրաստ եք կրել հայ դիզայներների պատրաստած զգեստները: Դա շատ մեծ աջակցություն է: Եթե ոչ դուք, ապա ով պետք է լինի հայ դիզայներների դեմքը»,- նշել է «ZGEST» ընկերության հիմնադիր Ալլա Պավլովան՝ հավելելով, որ նախաձեռնությունը ողջունել ու բարձր են գնահատում ոլորտի բոլոր գործընկերները:
Հանդիպմանը հայ դիզայներները ներկայացրել են իրենց բրենդների պատմությունը, ստեղծած զգեստների ոճային ու որակական առանձնահատկությունները, նոր գաղափարները:
Սա նմանատիպ առաջին հանդիպումը չէ հայ դիզայներների հետ: Աննա Հակոբյանը արդեն հանդիպել և համագործակցում է «Nikolyan» Fashion studio, «FAINA», «RUZANE», «Միկա», «Տերյան մշակութային կենտրոն», «Անկա», «Teress» ընկերությունների հետ: