ԴԵՂԵՐ ԽՄԵԼՈՎ ԱՇԽԱՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ անդրադարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից իր ազատվելու պատճառներին: Իսկ պատճառը եղել է երիկամի հետ կապված հիվանդությունը: «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, 19 916 զորամաս, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով: Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»,- պատմել է նախարարը՝ լրագրողներին ցույց տալով դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար:
Իհարկե, մեզանից որեւէ մեկն ապահովագրված չէ հիվանդություններից: Բայց եթե նախարարը զինծառայությունից ազատվել է հիվանդության սրացման պատճառով, ավելին՝ հայտարարում է, թե ինքն այսօր էլ դեղամիջոցներ է օգտագործում, հարց է առաջանում՝ արդյոք նա կարո՞ղ է լիարժեք կիրառել կառավարության անդամի պարտականությունները: Ի վերջո, Արսեն Թորոսյանը նախարար է, իսկ նախարարի պաշտոնը ենթադրում է գերծանրաբեռնված աշխատանք, իսկ դրա համար պետք է առողջական վիճակը թույլ տա: Իսկապես մտահոգիչ է:

 

 

Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաեւ ռեյտինգային ընտրակարգ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներն ու նրանց կողմնակիցները պարբերաբար բախվում էին: Չի բացառվում, որ միջադեպեր լինեն նաեւ ՔՊ-ում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի դեպքում: Գաղտնիք չէ, որ այնտեղ շատերին հասարակությունը դեմքով չի ճանաչում, ուստի երիտասարդները հանուն քվե ստանալու կփորձեն դիմել տարատեսակ արկածախնդրությունների: Թեեւ պարզ է, որ մարդիկ հիմնականում այդ դաշինքին իրենց քվեն տալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաթեր»` ընտրելով նրան:

 

 

 

Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այդ կարգը կիրառելու դեպքում բավական կթեթեւանա վարորդների ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են: Սակայն, ըստ նրա, դրանից պատասխանատվությունը չի նվազում: Ինչ վերաբերում է 9 բալանոց համակարգին, Ղահրամանյանը պնդել է, որ դա գիտական փաստարկների հիման վրա չի որոշվել: «Այնպես չէ, որ հիմա այն վերջնական է, քանի որ դիտարկվում է որոշակի խախտումների դեպքում: Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում 12 է կազմում»,- ասել է նա՝ հավելելով,- «Խախտում անողի համար 9 կամ 90-900 միեւնույն է, նա բողոքելու էր: Վարորդներ կան, որոնք պնդում են, որ 9 շատ է, 3 կամ 5 է պետք»:

 

 

 

Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ գերխնդիր: Վիճակագրական կոմիտեի հրապարակած «ՀՀ մարզերը եւ Երեւանը թվերով. 2018» զեկույցից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին տարիներին Հայաստանում նվազել է հիմնականում աշխատունակ տարիքի բնակչությունը: Եթե 2016թ. տարեսկզբին աշխատունակ տարիքի բնակչությունը 1 մլն 987.2 հազար էր` կազմելով ընդհանուր բնակչության 66.3 տոկոսը, ապա 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը կազմել է 1մլն 934.6 հազար հոգի՝ 65.1 տոկոսը: Սրան զուգահեռ ավելացել է աշխատունակ տարիքից բարձր բնակչության թիվը. 2016թ. այն կազմել էր 387.7 հազար մարդ՝ 12.9 տոկոս, այս տարի՝ 405.2 հազար՝ 13.6 տոկոս: Սա, թերեւս, նշանակում է, որ Հայաստանի բնակչությունը կամաց-կամաց դառնում է ծերացող հասարակություն՝ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Ու հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրներից մեկը հենց ժողովրդագրական այս խնդիրը լուծելն է, բացասական միտումները կանխելը:

 

 

 

ՊԱՐՏՎԱԾ ԽԱՂԻ ՄԵՋ
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ակտիվ քաղաքականություն վերադառնալով եւ ընդդիմության առաջնորդի դերը ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարելով, մտնում է ի սկզբանե պարտված խաղի մեջ: Դատելով Քոչարյանի վերջին հարցազրույցից` ինքն էլ է գիտակցում այդ ամենը: Նա հայտարարել է, թե ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կանխորոշված են: Ընդ որում, նա ընդունել է, որ ընտրությունների արդյունքները համապատասխանում են այսօրվա հասարակական տրամադրություններին: Պարզապես, ըստ Քոչարյանի, քանի որ հասարակությունը որոշումները կայացնում է «էմոցիոնալ ոգեւորվածության վիճակում», ուրեմն այդ որոշումները սխալ են: Եւ ահա այս համատեքստում Քոչարյանը հայտարարել է. «Ապրիլյան իրադարձությունների ծավալները լրիվ ուրիշ էին, մարդկանց ջանքերը ուղղված էին այն ժամանակ գործող իշխանությունների դեմ: Հենց դա էր այն ժամանակ հիմնական միավորող սկիզբը: Սակայն իրավիճակի զարգացմանը համընթաց գործընթացը ձեւափոխվեց մեկ այլ բանի: Այդ նույն զանգվածը դարձավ նոր իշխանության ակտիվ պաշտպան, քանի որ նրան համարում է իր ջանքերի արդյունք: Դա օբյեկտիվ իրականություն է, որը պետք է հաշվի առնել»: Բացի այդ, հարցին, թե գործող կառավարությանը քննադատելուց բացի ինքն ինչ օրակարգ է ներկայացնում, Քոչարյանը պատասխանել է. «Հասարակության զգալի մասն այսօր պատրաստ չէ լսել դրական օրակարգ, հետեւել որեւէ խորհրդի: Ժամանակ է պետք, որպեսզի գերոգեւորվածությունը մի փոքր նվազի, այդ ժամանակ ռացիոնալ առաջարկները կհասնեն մեր քաղաքացիներին»:
Այլ կերպ ասած` Քոչարյանն ինքն էլ է ընդունում, որ Փաշինյանի կառավարությունը վայելում է հասարակության աջակցությունը, եւ շատ շուտով այդ ամենը կարտացոլվի ընտրությունների արդյունքներով: Ինքն էլ է ընդունում, որ իրեն հասարակության զգալի մասն այսօր պատրաստ չէ լսել: Ուստի, այս իրավիճակում հայտարարել ընդդիմության առաջնորդի դերը ստանձնելու պատրաստակամության մասին, նշանակում է հասարակության զգալի մասի կարծիքին դեմ դուրս գալ: Չնայած նախկին իշխանությունների դեպքում սա միանգամայն բնական է, քանի որ նրանք միշտ էլ հասարակության կարծիքին դեմ են դուրս եկել:
Այլ հարց, որ Քոչարյանն այս ամենն անելիս հեռահար ծրագրեր ունի. նա հույս ունի, որ համաժողովրդական էյֆորիան մի օր կանցնի, ու ժողովուրդը կսկսի դժգոհել նաեւ այս իշխանությունից: Բայց արդյոք այդ դեպքում անգամ հասարակությունը Քոչարյանին կընդունի՞ ընդդիմադիր լիդերի կարգավիճակում:




Լրահոս