ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱՐԴԵՆ ՏՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում կրկին տապալվեց Ընտրական օրենսգրքի ընդունումը, սակայն այս անգամ ընդամենը մեկ ձայն էր պակասում այն ընդունելու համար: Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են գործող Ընտրական օրենսգրքով, ինչը ենթադրում է նաեւ վարկանիշային համակարգ:

Այս ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մշտապես հայտարարում էին, թե գործող ընտրական համակարգից շահելու են հենց իրենք` ընդգծելով, թե ՀՀԿ-ին չի հաջողվելու հին մեթոդներով, վարկանիշային թեկնածուների հաշվին ձայներ ստանալ: Սակայն, ամեն դեպքում, ՀՀԿ-ն գնաց հենց այդ ճանապարհով եւ որոշեց նպաստել, որ գործող օրենսգիրքը մնա, որի պարագայում նվազագույնը երեք ուժ պետք է լինի խորհրդարանում, այլ ոչ թե չորս, որն ամրագրված էր արդեն չանցած օրենսգրքում:
Եվ չնայած ՔՊ-ն հայտարարում է, թե իրենց համար միեւնույն է` որ Ընտրական օրենսգրքով են գնալու ընտրության, սակայն հենց կուսակցության ներսում սա արդեն ներքին պայքարի է հանգեցնելու: Գաղտնիք չէ, որ ցանկացած ընտրակարգի պարագայում էլ ընտրողները ձայն էին տալու Նիկոլ Փաշինյանին, եւ համամասնական ընտրակարգի պարագայում դրանից կարող էին օգտվել, օրինակ, համամասնական ցուցակում ընդգրկված անձինք, ինչպես դա եղավ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ «Իմ Քայլը» դաշինքի աննախադեպ հաղթանակի շնորհիվ 57 հոգի դարձան ավագանիներ: Համամասնական ընտրակարգի պարագայում նույնն էր լինելու նաեւ արդեն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, եւ ի դեմս նրան տրված ձայների` մեծ թվով անձինք էին հայտնվելու խորհրդարանում:
Իսկ հիմա «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվող հնարավոր անձինք այնքան էլ նախանձելի իրավիճակում չեն գտնվում, քանի որ վարկանիշային ընտրակարգի պարագայում արդեն նրանց դերակատարումը եւս մեծանալու է: Մասնավորապես, դաշինքի վարկանիշային թեկնածուները պետք է պայքարեն միմյանց դեմ` ավելի շատ ձայներ բերելու համար, քանի որ հենց դրանից է կախված լինելու նրանց պատգամավոր դառնալ-չդառնալու հարցը: Իսկ համամասնական ընտրակարգի պարագայում նրանք այդպիսի խնդիր չէին ունենա: Եվ գաղտնիք չէ, որ այդ դաշինքին բոլորը ճանաչում են շնորհիվ վարչապետի պաշտոնակատարի, եւ հնարավոր է, որ նույնիսկ առանցքային դեմքերը մեծ թվով ձայներ չհավաքեն: Այս դեպքում լուրջ խնդիր է առկա նաեւ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան ապացուցելու հարցում: Ի վերջո, նա պետք է հասկանա, թե ինչի են ընդունակ իր թիմակիցները: Եվ այս պարագայում չի բացառվում, որ շատ քվեաթերթիկներ կլինեն, որտեղ պարզապես ոչ մի թեկնածու ընտրված չի լինի, այլ պարզապես ցանկություն կլինի ձայն տալ հենց Նիկոլ Փաշինյանին, ով էլ գլխավորելու է դաշինքի ընտրական ցուցակը: Եվ եթե որեւէ թեկնածու կարող էր համամասնական ցուցակում լինելու շնորհիվ դառնալ պատգամավոր, հիմա կարող է զրկվել դրանից, եթե որոշվի այդ մարդուն առաջադրել վարկանիշային ընտրակարգով:
Չնայած ՀՀԿ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ պետք է ընտրությունների գնան վարկանիշային ընտրակարգով, սակայն նրանք եւս կարող են լուրջ խնդրի առջեւ կանգնել: Նախկինում ՀՀԿ-ի թիմակիցները մեծ ձայներ էին բերում` ահռելի գումարներ ծախսելով, վարչական ռեսուրսներն ու քրեական տարրերին, թաղային հեղինակություններին օգտագործելով, հասկանալով, որ դրա փոխարեն դառնալու են պատգամավոր, սակայն այժմ գիտակցում են, որ խորհրդարանում ընդամենը մի քանի հոգի են լինելու, եթե, իհարկե, լինեն: Այդ առումով որքան էլ մի քանիսը խոստացել էին մինչեւ վերջ նրանց կողքին մնալ եւ թեկնածություն դնելով` ինչ-որ բաներ ապացուցել, ապա այժմ երկմտում են: Թե ով շահեց Ընտրական օրենսգրքի տապալումից, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան` կուսակցությունների ներսում արդեն պայքար է սկսվել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲԱՆԿՆ ԸՆԴԴԵՄ ՕԵԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտնվել է դատարանում: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եւ ԱԺ նախկին պատգամավորից պահանջում է գանձել 301 հազար 900 դրամ, իսկ ահա մեկ այլ հայցով էլ պահանջում է 1 միլիոն 545 հազար 600 դրամ գումար: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Մհեր Շահգելդյանին, որն էլ ասաց, թե խնդիր չկա, վարկային հարց է. «Մի քիչ ուշացումներ ունեմ, այլ բան չկա»,- պատասխանեց նա:

 

 

ՆԵՐՍՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձեւավորված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն հարցերի շուրջ: Դա արտահայտվեց նաեւ երեկ, երբ Երեւանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընտրվեցին քաղաքապետի տեղակալներ, մոտ 10 հոգի բացակայում էր հենց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից: Եվ եթե նախկինում մեծամասնության ավագանու անդամները պարզապես քվեարկում էին` մեկը մյուսին հետեւելով, ապա այժմ հենց իշխանության ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձեւավորվել, ովքեր արտահայտում են իրենց բողոքը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դաշինքի ներսում ոչ միանշանակ մոտեցում է եղել քաղաքապետի տեղակալների թեկնածուների հարցում, եւ նրանք իրենց վերաբերմունքն արտահայտեցին ուղղակի բոյկոտելով ավագանու նիստը:

 

 

ԱՇԽԱՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
«Էյ Սի Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը արդեն մի քանի օր է` աշխատում է: Գործարանի աշխատողները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ ընկերության ղեկավարությունը խոստացել է մեկ տարի աշխատել: Բայց նրանք համոզված են` ղեկավարության խոստումները սին են, քանի որ վստահ են` գործարանն աշխատելու է մինչեւ տարվերջ: Նրանց պատմելով` գործարանի ղեկավարությունը չի շտապում աշխատողներին հիասթափեցնել, ինչի արդյունքում հայտարարել է, որ այն կաշխատի մեկ տարով: Մյուս կողմից` այդպես կմեղմվի դժգոհության ալիքը: Նշենք, որ գործարանի աշխատողների հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ շարունակվում են «Վալլեքս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի եւ Տիգրան Ավինյանի բանակցությունները: Մեզ հայտնի դարձավ, որ այժմ կառավարությունը բանակցում է նաեւ ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հետ: Ըստ Սիսեռեանի` բանկի հետ կապված միջնորդություններն արդեն որոշ չափով արվել են:

 

 

 

ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստում է պատասխանը փոքր եւ միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրում Ռուսաստանի մասով ԱՄՆ-ի հայտնած մտահոգություններին: Ս. Լավրովի խոսքով` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Վաշինգտոնի մտահոգությունները` հայտնելով, որ դրանք դրդում են ամերիկացիներին դուրս գալ 1987թ. պայմանագրից: Լավրովի փոխանցմամբ` ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է այդ պայմանագիրը խախտելու համար` պնդելով, որ Ռուսաստանը փորձում է ստեղծել պայմանագրին հակասող միջին հեռահարության նոր հրթիռ: Ռուսաստանը հերքում է մեղադրանքը: «Ռուսաստանի հետ պետք է բանակցել հավասարը հավասարի պես, անպայման չէ բարեկամ լինել, մենք մեր բարեկամությունը չենք պարտադրում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նրանք խոսել են Հայաստանում նոր իշխանության ձեւավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Կողմերն անդրադարձել են սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Զ. Մնացականյանը նշել է, որ արդիական է մնում ռազմատենչ եւ ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

 

 

ՍԿՍԵԼ ԵՆ
Պաշտոնական Մոսկվան եւ Վաշինգտոնը սկսել են Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստման աշխատանքները, սակայն հանդիպման ձեւաչափի մասին հստակ տեղեկություն դեռ չկա: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով. «Հանդիպումը անցնելու է միջազգային մեծ միջոցառման շրջանակներում, այս պահին սկսում են մշակել հանդիպման տեխնիկական մանրամասները՝ որտեղ, երբ եւ ինչ ձեւաչափով պետք է լինի այդ հանդիպումը»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ որեւէ փաստաթուղթ չի նախատեսվում ստորագրել։

 

 

ԿՐՃԱՏԵԼՈՒ Է ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Երեւանի ավագանու անդամ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կառավարման մասնագետ Հրաչյա Սարգսյանը: Վերջինիս խոքով` ինքը հնարավորինս կրճատելու է թղթաբանությունը: Երեւանի «Լույս» դաշիքնից Անի Խաչատրյանն էլ նկատել է, որ Վահե Նիկոյանին փոխարինելը բարդ է լինելու: Նշենք, որ Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Հայկ Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանն ընտրվել են փոխքաղաքապետներ:

 

 

ՀՈՒՍՈՎ Է
«Ես կփորձեմ լինել Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երեւանի սահմանում չի անելու»,- ասել է Երեւանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ըստ նրա` ոլորտում իրարամերժ թույլատվություններ են եղել, իրարամերժ շատ տարօրինակ բաներ են կատարվել: «Հուսով եմ, դա էլ կլուծվի»,-հավելել է նա:

 

 

«ՀԱՆԴՈՒԳՆ»
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ջոն Բոլթոնի երեւանյան այցին ու հնչեցրած հայտարարություններին` դրանք «հանդուգն» անվանելով: Հիշեցնենք, որ Ջ. Բոլթոնը խորհուրդ էր տվել Հայաստանին միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից», ինչպես նաեւ կոչ էր արել ռուսական զենքի փոխարեն ամերիկյանը գնել, «որն ավելի լավն է ռուսականից»: Գերատեսչությունում Բոլթոնի խոսքերը համեմատել են ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որի ժամանակ դիվանագետը պատմել է Վաշինգտոնի կողմից Հայաստանում որոշ խմբերի նպատակադրված աջակցության շարունակականության մասին: «Թվում էր, թե ավելի մեծ հանդգնություն, որը չի տարբերվում ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չէր կարող լինել: Պարզվեց` դա այդպես չէ»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:




Լրահոս