Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի քրեական գործն, ըստ էության, բացահայտված է, եւ այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում: Վարչապետի հայտարարությունից անցել է ավելի քան երկու ամիս, սակայն այս գործով դեռեւս որեւէ բան չի ուղարկվել դատարան, եւ դեռ ավելին` վարչապետի հայտարարությունից հետո կոնկրետ անձինք դիմել են նախաքննական մարմնին եւ կոնկրետ հարցադրումներ են արել:
«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում: Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետեւյալն է. Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է»: Ըստ Փաշինյանի` այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում, եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածյալներ չեն լինելու. «Չկա տարբերակ, որ ոճրագործներից ու պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, սակայն այս ամենն էլ կարճ տեւեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը, եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 13-ին բավարարեց պաշտպանների հայցը, եւ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց: Ու մինչ Վճռաբեկում քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու կամ չկալանավորելու հարցը, ՀՔԾ-ն հայտնվել է անհարմար իրավիճակում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի այս հայտարարությունից հետո նախաքննական մարմին են դիմել գործով անցնող մեղադրյալները, նրանց պաշտպանները՝ հնչեցնելով կոնկրետ հարցադրումներ՝ արդյոք մարտի 1-ի գործը բացահայտվել է, եւ եթե բացահայտվել է, ապա ինչու գործը չի ուղարկվում դատարան: Այս հարցադրումներին ի պատասխան` գործով ներգրավված քննիչներն ու քննչական խմբի ղեկավարն ասել են, որ գործը բացահայտված չէ: Նրանք նաեւ հարցրել են՝ ո՞վ է նման բան ասել: Ի պատասխան` մեղադրյալները մեջբերել են ՀՀ վարչապետի հայտարարությունը: Արդյունքում, քննիչները մնացել են զարմացած եւ չեն իմացել, թե ինչ պատասխանեն մեղադրյալներին կամ նրանց պաշտպաններին:
Ինչեւէ, վարչապետի հայտարարությունից անցել է ավելի քան 2,5 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտվել է, ի պատասխան` պաշտպանն ասաց . «Ինչպես տեսաք, երկրի բարձրագույն գործադիր իշխանությունը տարբեր քրեական գործերի մասին տեղեկություններ է ստանում, եւ չեմ կարող ասել, թե քրեական դատավարության օրենսգրքի որ հոդվածով սահմանված կարգով, ամեն դեպքում, ես պնդում եմ, որ մարտի 1-ի «գործը»-ը ինքը անուն չունի, այլ թիվ ունի, եւ այդ գործի շրջանակներում Յուրի Խաչատուրովի նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է, եւ այս պարագայում նախաքննական մարմինը այս պահին շատ գործողություններ ունի անելու: Այսինքն` վարույթն իրականացող մարմինը, եթե ամբողջական քննության մասին է խոսքը, այսինքն` բացահայտումը, դա օպերատիվ գործողություն է, իսկ քննչական մարմինները պարտավոր են բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնել: Եթե իրականացվի այդ քննությունը, ապա կհանգեն այն եզրակացությանը, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է: Ամեն բացահայտում ունի նաեւ իր ապացուցման անհրաժեշտությունը, տարբեր քրեական գործերով բացահայտում տերմինը հասարակությանը գցում է շփոթության մեջ: Մասնավորապես, մի քանի օր առաջ կոռուպցիայի դեպք եղավ պաշտոնատար անձանց մասով, շոու ես կանվանեմ եւ այդ շոուի անվան տակ ոստիկանությունն ասաց, թե բացահայտվել է կոռուպցիոն կաշառք ստանալու դեպք, սակայն գործի ընթացքն էլ ցույց կտա, որ դա չի ապացուցվել կոնկրետ անձանց հետ կապված, եւ այդ մարդիկ հանցագործություն չեն կատարել: Հայտարարությունների մակարդակով քրեական գործ չի լինում»:
Մինչ այդ, նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իրավական, այլ քաղաքական հայտարարություն է արել՝ խոսելով մարտի 1-ի բացահայտման մասին: Պատահական չէ, որ նա ասել է, թե իր մեկնաբանմամբ է այդ գործը բացահայտված: Եւ հետո վարչապետն անգամ ի պաշտոնե իրավունք չունի տեղեկանալու այս գործի մանրամասների մասին, իմանալու նախաքննական գաղտնիքները, եւ կարող է հետեւություններ անել համապատասխան պաշտոնյաների հայտարարությունների հիման վրա, ոչինչ ավելի: Ու այդ դեպքում մեղադրյալների եւ նրանց փաստաբանների քայլերը միանգամայն այլ բանի մասին են վկայում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴԴԵՄ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան ապօրինի շինարարության վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները հարցումներ են ուղարկել Երեւանի քաղաքապետարան:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 8-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան շինարարության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել քաղաքապետարանի ներկա ու նախկին պաշտոնյաների նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները, այն է` չեն տուգանել առանց թույլտվության առանձնատուն կառուցողին, տվյալ դեպքում` Սյունիքի նախկին մարզպետ Խաչատրյանին:
Դատախազությունը հաշվարկել է, որ առանձնատան արժեքը 357 մլն դրամ է, հետեւաբար դրա 1 տոկոսի չափով տուգանքը պետք է կազմեր 3.570.870 դրամ: Ասել է թե` այս չափով նյութական վնաս է պատճառվել Երեւան համայնքին, եւ այդ գումարը չի մուտքագրվել տեղական բյուջե:
Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան հասկանալու համար, թե ով կամ ովքեր են թույլտվություն տվել, որ Սյունիքի մարզպետը կառուցի այդ տունը: Այժմ իրավապահները սպասում են Երեւանի քաղաքապետարանի պատասխանին, որպեսզի պարզ լինի` ովքեր են նախկին մարզպետին առանձնատուն կառուցելու թույլտվություն տված պաշտոնյաները: Հետաքրքիր է՝ այդ անձինք այսօր շարունակում են աշխատել քաղաքապետարանում, թե հասցրել են աննկատ հեռանալ այնտեղից:
Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետն ու նրա ավագ որդին` Տիգրան Խաչատրյանը, երկրում չեն: Ի դեպ, հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ըստ սյունեցիների` Սյունիքի մարզում այս օրերին միայն նրա կրտսեր որդին` Տրդատն ու կինն են բնակվում:
ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի կողմից ՍԴ աշխատակազմի դեմ դատական հայց ներկայացնելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Բանն այն է, որ գործով երրորդ անձ է ներգրավվել` ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության: Հիշեցնենք, որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել տիկին Գյուլումյանի աշխատավարձը` արդյունքում վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ դեռ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին` խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահ եղած ժամանակ եւս, ու հիմա հարցը հասել է դատարան:
ՄՈՏ 64 ՄԼՐԴ ՎՆԱՍ
Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել եւ ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի եւ դրա վերականգնման վիճակը: Տվյալ ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով իրավասու մարմինների կողմից հարուցված քրգործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 միլիարդ 130 միլիոն 144 հազար 343 դրամ: Բացահայտված ընդհանուր վնասից 2018-ի 9 ամիսների ընթացքում վերականգնվել է 10 միլիարդ 554 միլիոն 316 հազար 736 դրամը, իսկ շուրջ 6 միլիարդ 922 միլիոն 245 հազար 802 դրամի վնասի վերականգնումը առկա դրամական միջոցներով երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել շուրջ 1 միլիարդ 730 միլիոն 406 հազար 983 դրամի տույժ-տուգանք:
ՀԵՌԱՑՆՈՒՄ Է
ՀՀ-ում ՄՌՏ մեթոդի հիմնադիր, «Ուլտրաիմիջինգ» «ԲԿ»-ի համասեփականատեր, բժիշկ-ռադիոլոգ Արամ Քոչարյանը հայտնել է, որ առողջապահության նախարարությունից ստացել են ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը: «Ամեն անգամ ընդվզելով առողջապահության նախարարների` Պետպատվերը կամայականորեն վերաբաշխելու դեմ, որն ի հաշիվ ուրիշների ուղղվում էր դեպի իրենց սեփական բիզնեսները, առնչվում էինք զարմանալի զուգադիպությունների: Մեր բողոքներից քիչ անց հետեւեց պատժամիջոց: Անսպասելի տեղեկացանք, որ այլեւս գլխավոր մասնագետ չեմ: Եվ քանի դեռ ձեռքերը ոլորելու եւ պարտադրելու մթնոլորտը չի վերացել, ու չեն վերանայվել Պետպատվերի նվաստացուցիչ գները, մենք ներողություն ենք խնդրում առաջին հերթին Շիրակի եւ մոտակա տարածաշրջանի ազգաբնակչությունից եւ հրաժարվում ենք 2018թ.-ի տարեվերջյան Պետպատվերի լրացուցիչ ֆինանսավորումից»: Այս ամենը փաստում է մի բան. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս կերպ իր մրցակիցներին հեռացնում է դաշտից, քանի որ նա նույնպես ՄՌՏ մեթոդի կենտրոն ունի:
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԿՕՊՏԻՄԱԼԱՑՆԵՆ
Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում է քաղաքապետի տեղակալների, խորհրդականների եւ օգնականների թիվը կրճատել. «Նկատի ունեցեք, որ վարչապետն ունի 5 վճարովի խորհրդական, իսկ քաղաքապետն ունի 7 խորհրդական եւ մեկ գլխավոր խորհրդական: Այդպիսի ճոխություն քաղաքն իրեն չի կարող թույլ տալ: Անցանկալի է հիմա նշանակել քաղաքապետի տեղակալ, հետո էլ ասել, որ օպտիմիզացում է եղել եւ կրճատվում է, դրա համար մեր առաջարկը հանձնաժողովի նիստին հստակ էր` քաղաքապետի խորհրդականների թիվը դարձնել 2, օգնականների թիվը` 3: Մեր առաջարկով այս 6 հաստիքների բյուջեն կազմում է 2 միլիոն 53 հազար դրամ եւ եթե մենք դիտարկենք տարեկան կտրվածքով, մենք կարող ենք 150.000 դրամով վարչության պետերի աշխատավարձերի բարձրացում ապահովել»: Քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ լիովին համամիտ է Դ. Խաժակյանի արտահայտած մտքերին, եւ օր առաջ պետք է օպտիմալացնել հաստիքացուցակը: