ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԿՍԿՍՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական վերահսկողության ծառայությունը Շիրակի մարզի Անի համայնքում ավարտում է ուսումնասիրությունները: Թերություններ ի հայտ եկել են, թե ոչ, Պետական վերահսկողության ծառայությունից դեռեւս չեն պարզաբանում: Սակայն իրավիճակը համայնքում լարված է: Համայնքապետարանում էլ թերեւս աշխատանքային գործընթացը վերսկսվել է, բայց զուգահեռ ուսումնասիրություններ են ընթանում:

Ընդամենը օրեր առաջ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի դեմ քրեական գործ հարուցվեց` պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Համայնքի ղեկավարի դեմ բողոքել էր համայնքապետարանի նախկին աշխատակցուհին: Նա հաղորդում էր տվել առ այն, որ 2008-2016թթ. Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող` չի հաշվառվել որպես աշխատող: Բացի այդ, ըստ հաղորդման, աշխատակցից վերցվել է նրա աշխատավարձի վճարման բանկային քարտը, 2016թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս նրա աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձը կանխիկացվել է, որի մի մասը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, հափշտակվել էր:
Կնոջ բողոքի արտահայտումը զուգադիպեց ուսումնասիրությունների մեկնարկի հետ: Արտակ Գեւորգյանը գործընթացը որակեց որպես դավադրություն իր անձի դեմ. «Որեւէ հիմնավորում չկա, զրպարտություն է այդ ամեն ինչը: Այսօր քաղաքական պրոցեսներ են ընթանում, եւ այդ պրոցեսներում փորձել են մարդու վրա ներգործել: Մտահոգվելու խնդիր չեմ տեսնում: Այդ կնոջը ճանաչում եմ, որեւէ խնդիր չունեմ վերջինիս հետ ու չեմ հասկանում` ինչն է բողոքի պատճառը: Ես մշտապես օգնել եմ նրան»,- ասաց Արտակ Գեւորգյանը:
Տեղեկացնենք, որ աշխատանքային խումբն ուսումնասիրությունները գրեթե ավարտում է: Համայնքապետարանում մանրակրկտորեն ուսումնասիրվում է յուրաքանչյուր փաստաթուղթ: Արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Մեր տեղեկությունների համաձայն` եւս մի քանի խախտում արդեն հայտնաբերված են: Սակայն Արտակ Գեւորգյանը հանգիստ է եւ պատրաստակամ է պարզաբանել յուրաքանչյուր հայտնաբերված թերություն` միաժամանակ վստահեցնելով, որ լուրջ խախտումներ իր կողմից թույլ չեն տրվել. «Ես իմ դիտարկումներն ու առարկությունները եւս կներկայացնեմ: Սա ընդամենը ուսումնասիրություն է, ուսումնասիրություն կատարողը եւս կարող է սխալվել: Խախտումը մեկ օրվա հայտաբերելու չէ, դա տեւական գործընթաց է: Մենք էլ մարդ ենք, միգուցե մի տեղ սխալվել ենք, բայց ուսումնասիրողներն էլ անսխալական չեն»,-ասաց Արտակ Գեւորգյանը:
Նկատենք, որ ցուցարարներն այս օրերին չեն խոչընդոտում համայնքապետարանի աշխատակիցներին: Պարզապես Դավիթ Սանասարյանին տրված խոստումն են պահում: Ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումից հետո, սակայն, կրկին ոտքի կկանգնեն, մինչեւ իրենց ծրագրերն ամբողջական ի կատար չածեն. «Մենք որոշել ենք այս անգամ ստորագրահավաք սկսել Արտակ Գեւորգյանի դեմ: Դեռ քննարկում ենք ու ուսումնասիրություններին սպասում: Ոչ մի կերպ չենք նահանջելու»,-ասաց ակցիայի մասնակից Եղիկ Դավթյանը:
Իսկ Արտակ Գեւորգյանն այն հարցին, թե ինչը կստիպի հրաժարական տալ, պատասխանեց. «Ինձ ընտրել է ժողովուրդը, ես իմ քվեի տերն եմ եւ շարունակելու եմ աշխատել: Չեմ կարող ասել` որ պարագայում հրաժարական կտամ, այդ մասին դեռ չեմ մտածել»:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ն ԱԶԱՏՈ՞ՒՄ Է ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում նոր կոնֆլիկտ է հասունանում:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն օրեր առաջ որոշում է կայացրել աշխատանքից ազատել կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանին: Իսկ ահա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Տիգրան Վահրամյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բենիկ Հարությունյանի մասով զբաղվում է իրավապահ համակարգը: Սա ենթադրել է տալիս, որ նրա գործողությունների մեջ որոշակի շեղումներ են հայտնաբերվել: Բացի այս, նշենք, որ Բենիկ Հարությունյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերով խորհրդականը: Սակայն տեսակետ է շրջանառվում, որ երկու գերատեսչությունները` պետական գույքի կառավարման կոմիտեն եւ առողջապահության նախարարությունը, պաշտպանության նախարարությանը տեղյակ չեն պահել, որ ռազմաբժշկական հարցերով խորհրդականի գործողությունների հետ կապված իրավապահ համակարգը գործընթաց է սկսել:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուրորտաբանության եվ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանը ԺՊ նշանակվելուց հետո իր անձնակազմին զգուշացրել է, որ ցանկ ունի իր ձեռքի տակ, թե որ աշխատողին պետք է ազատի աշխատանքից:
Մեր հարցին` ինչո՞ւ է որոշել ազատել աշխատողներին, տնօրենի ԺՊ Տիգրան Վահրամյանը պատասխանեց. «Ձեր տեղեկությունները սխալ են, ուրբաթ օրը` ընդունման արարողությանը, որին ներկա է գտնվել ամբողջ անձնակազմը, տեղի է ունեցել պաշտոնի ընդունում-հանձնում, ճանապարհել եմ նախկին ղեկավարին: Ոչ մի ձեւի ցանկ չունեմ, չկա: Բայց իմ աշխատանքային սեղանին կա դրված ազատման երկու դիմումներ. անձամբ խոսել եմ մեր կադրերի գծով տեսուչի հետ, ով ազատման դիմում է գրել, փորձել եմ տեղեկանալ, թե ինչն է ազատման դիմում գրելու պատճառը: Նաեւ դիմումը չեմ մակագրել, մինչեւ պատճառը չիմանամ: Բացի այս, ունենք մեկ աշխատող էլ, ով եւս դիմում է գրել, բայց այսօր (նկատի ունի երեկ) ինքը զբաղվածության պատճառով տեղում չէր, որ խոսեի: Երկու տեղ է աշխատում, խնդրել եմ հրավիրել, զրուցենք, բայց այլ տեղ աշխատանքի առաջարկ է ստացել, ինքը շատ լավ մասնագետ է, եւ շատ կուզեի` մնար»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Վերջերս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը նշանակվել է նույն կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ: Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արթուր Ավետիսյանը, ով մինչեւ այդ նույն կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետն էր 2018թ. փետրվարի 6-ից:
Տեղեկացնենք, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Աննա Մանթաշյանը երկար տարիներ զբաղեցրել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնը, ՀՀ քննչական կոմիտեի ձեւավորումից հետո նշանակվել այդ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նրա տեղափոխությունը Լոռու մարզ կապված է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի վերաբերյալ քննվող 2 քրեական գործերի հետ: Իշխանության ամենավերին օղակներում համարում են, որ Ազատամուտի ղեկավարին վերաբերող քրեական գործերն արդյունավետ չեն քննվում, այդ պատճառով կադրային վերոհիշյալ փոխատեղումն են կատարել: Հավելեմ, որ հոկտեմբերի 22-ից ՀՀ պետական վերահսկողական ծառայության 6 աշխատողներ Ազատամուտի համայնքապետարանում ուսումնասիրություններ են կատարում: Դրանք կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 7-ը:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄ
Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատողները «Հայանտառի» եւ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ռեյդ են իրականացրել, որի ընթացքում հայտնաբերվել են Տավուշի մարզի Դիլիջանի, Իջեւանի, Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին պատկանող «ԶԻԼ», «Ֆորդ», «Գազել» մակնիշի 19 ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել ապօրինի հատված փայտանյութով: Տավուշի մարզի անտառներից ապօրինի հատված փայտով ավտոմեքենաներ են հայտնաբերվել ոչ միայն Տավուշի մարզի, այլ նաեւ Երեւան քաղաքի տարածքում: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ ասվում է, որ հոկտեմբերի 18-ի գիշերը ոստիկանները Խանջյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Դիլիջանի 32-ամյա բնակչի, ում «Ֆորդը» բեռնված է եղել ապօրինի հատված փայտանյութով, հոկտեմբերի լույս 19-ի գիշերը Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի 2 բնակչի, 47-ամյա տղամարդու վարած «Գազելը» եւ 24-ամյա երիտասարդի «Զիլը» բարձված են եղել առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութով: Հոկտեմբերի 19-ին ոստիկանները Կոնտրոնական բաժին բերման են տարել Նոյեմբերյան քաղաքի 46-ամյա բնակչի «Ֆորդը», որի մեջ եղած փայտանյութը ապօրինի հատվել է Դիլիջանի եւ Նոյեմբերյանի անտառներից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս