ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ:
-Պարո՛ն Ղահրամանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում բալային համակարգը եւ դրա ներդրման արդյունքում ի՞նչ դրական փոփոխություններ են սպասվում:
-Վերջին տարիներին ՃՏՊ-ների դեպքերի աճն է, որոնք, այսպես ասած, հիմք են հանդիսացել այս նախաձեռնության, որովհետեւ դրանց հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվը ճանապարհներին գնալով շատանում է: Այս տարեսկզբից մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արդեն 245 զոհ ենք ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում, այն դեպքում, երբ 2016 թվականին ընդհանուր առմամբ զոհերի թիվը կազմում էր 26, իսկ 2017-ին` 279: Այս տարվա վերջին դեռ 2 ամիս կա, բայց թվերն արդեն իսկ խոսուն են, ինչը ցավալի է: Այս բալային համակարգով զգալի կթեթեւանա ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են. ընդհուպ մինչեւ 300 հազար դրամի տուգանքները կիջեցվեն մինչեւ 29 հազար դրամ: Բայց դրանից պատասխանատվությունը չի նվազում, փոխարենը կկիրառվի բալային համակարգը: Վարորդներին վարորդական վկայական ձեռք բերելուց հետո կտրամադրվի 9 միավոր եւ 12 ամսվա համար: Մոտավոր թվեր եմ ասում, բայց 0-5 խախտում իրականացնում են վարորդների 74 տոկոսը, իսկ 26 տոկոսը` 5-ից ավելի բարձր, այդ թվում` 0.6 տոկոսի մեջ մտնում են 50 անգամ եւ ավելի խախտում իրականացնողերը, որոնք տարվա ընթացքում 300-500 խախտում են իրականացնում: Հիմնականում շեշտը դրվել է վտանգավորության աստիճան ունեցող խախտումների վրա` ոչ սթափ, բարձր արագություն, հանդիպակաց, կարմիր լույս, նաեւ հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում: Ընդ որում` մոտ 100 տեսակի տուգանքներից միայն 16-ի վրա է ազդելու բալային համակարգը:
-Արդյոք այս համակարգը կզսպի վարորդներին` հաշվի առնելով, որ տեսանկարահանող եւ արագաչափ սարքերը եւս տեղադրվեցին այդ նպատակով…
-Իդեալական չէ եւ ամենամիակը չէ այդ խնդիրները լուծելու համար: Այստեղ ունենք մշակույթի, վարորդական վկայականների հեշտ տրման խնդիր: Սա միակ միջոցը չէ, բայց ինչ-որ տեղ զսպելու մեխանիզմ է լինելու: Ֆրանսիայում բալային համակարգի ներդրվելուց հետո մեկ տարվա ընթացքում մահացությունների 60 տոկոսը կրճատվել է: Մեր երկրում նախորդ տարի մահացություններից 88-ը եղել է բարձր արագությունների հետեւանքով, այս տարի` 137-ը: Օրինակ, Գերմանիայում հոգեբանի մեխանիզմ է գործում, օրենսդրական կարգավորումների միջոցով միգուցե մի օր հասնենք` մեզ մոտ դա եւս աշխատի:
-Պարո՛ն Ղահրամանյան, ինչո՞ւ է բալային համակարգի առավելագույն շեմ սահմանվել 9-ը: Օրինակ, հարեւան Վրաստանի Հանրապետությունում այն կազմում է 100 բալ:
-Այդ 9-ը ինչ որ գիտական փաստարկների հիման վրա չէ որոշվել: Այնպես չէ, որ հիմա այն վերջնական է, քանի որ դիտարկվում է որոշակի խախտումների դեպքում: Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում 12 է կազմում: Վրաստանում խախտումների բոլոր տեսակները մտցված է, որ բալով է, իսկ մեզ մոտ, ինչպես նշեցի` 16: Եթե 100 տուգանքի տեսակներն էլ բալավորվեր, բնականաբար, այդ միավորի տատանումը տարբեր կլիներ: Նվազ նշանակության խախտումները` հոծ գիծ տրորելը, նման դեպքերը կամ երթեւեկելի հատումից, երթեւեկելի մասերից 5 մետր պակաս հատվածում կանգնելը խախտումներ են, բայց բալ չի հանվի: Այն խախտումները, որոնք որ վթարածին չեն կամ իրենց մեջ վտանգավորություն չեն պահանջում, բալից չի զրկվում վարորդը: Խախտում անողի համար 9 կամ 90-900 միեւնույն է, նա բողոքելու էր: Վարորդներ կան, որոնք պնդում են, որ 9 շատ է 3 կամ 5 է պետք: Նաեւ պետք է նշեմ, որ հասարակության մոտ ընդունելի է այս փոփոխությունը. որոշակի վերապահումներ, տեխնիկական այս կամ այն խախտման վերաբերյալ էլ անցկացվում են հանրային քննարկումներ:
-Տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է բալային համակարգի կիրառման մասին խոսակցությունները: Այս ընթացքում «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դժգոհություններ ստացե՞լ է, թե՞ ոչ:
-Խախտում անողները, բնականաբար, դժգոհում են: Մեծամասնությունը միանշանակ կողմ է: Ոմանք նշում են տեխնիկական խնդիրները, ասում են` գծանշումներ արեք, նոր անցեք այս փոփոխություններին: Մյուս կողմից` ՃՈ-ն այս տարի բավականին մեծ ծավալներով արդյունավետ աշխատանքներ է իրականացրել: Խնդիր կա ՏԻՄ-երի հետ կապված. Երեւանի գծանշումների եւ լուսացույցերի պատասխանատվությունը ՃՈ-ի վրա է, իսկ Երեւանից դուրս` միջպետական ճանապարհներին, նախարարության եւ ՏԻՄ-երի վրա է, եւ շատերը շփոթում են, որ ՃՈ-ն թերացել է:
-Նախագիծը, փաստորեն, դեռ քննարկման փուլում է: Ե՞րբ եք նախատեսում այն ներկայացնել կառավարությանը:
-Կարծում եմ` այն այս կառավարությանը չի ներկայացվի` զուտ ընթացակարգերի հաջորդականություններից ելնելով: Հաջորդ ազգային ժողովն է կողմ կամ դեմ լինելու: Միգուցե այս կառավարությունը հասցնի իր կարծիքը ասել, չեմ կարող ասել: Դեռեւս քննարկման փուլում է: Ես առաջարկ եմ ներկայացրել` եթե վարորդը 7-8 միավոր սպառել է, ապա պետք է նրան հնարավորություն տրվի քննությունը վերահանձնելու, ոչ թե սպասի մինչեւ վարորդական իրավունքի 9 միավորը սպառվելը եւ կասեցվելը: Դրանով մենք իրեն թույլ ենք տալիս ինքնակրթվելու եւ հետագայում նույն խախտումները չկրկնելու:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 29-ին կմեկնարկի էդուարդ Գարուշի Սահակյանի դատավարությունը: Նա մեկ այլ քրեական գործով ազատազրկված է եւ այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Է. Սահակյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2016 թվականի սեպտեմբերի լույս 18-ի գիշերը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի քոթեջների հարակից տարածքից ապօրինի ապամոնտաժել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող զգալի չափերի` 390 հազար դրամ արժողությամբ 720 մմ տրամագծով 30 գծամետր խողովակներ: Է. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով («Գողությունը»):
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ