Իջեւանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը: Այս մասին տեղեկանում ենք Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ գրված է. «Հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը շնորհակալություն է հայտնում Իջեւանի համայնքապետարանին Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի լույս ընծայման համար»: Ի դեպ, համայնքապետարանի կայքը կարճ ժամանակ անց հեռացրել է այս գրառումը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Նա նկատել է, որ այս երեւույթը Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու ցայտուն դրսեւորում է, կյանքից հետ մնացածի կողմից պնակալեզություն:
-Պարո՛ն Նիկողոսյան, ինչպե՞ս կորակեք այս երեւույթը: Դեռեւս հեղափոխության մեկնարկին Դուք ահազանգում էիք Նիկոլ Փաշինյանին ֆետիշացնելու վտանգի մասին: Կարծես թե սա էլ դրա դրսեւորումներից մեկն է, այդպես չէ՞:
-Ցանկացած հասարակության, հայ հասարակության մեջ առավել եւս, կա, այսպես կոչված, մի կողմ քաշվածների խավ: Այդ մարդիկ ե՛ւ նախորդ իշխանությունների օրոք էին մի կողմ քաշված, ե՛ւ հեղափոխության սկզբնական օրերին: Նրանք հանգիստ սպասում են, որ տեսնեն` դեպքերն ինչպես կզարգանան, որ ով հաղթի, նրա կողմը բռնեն: Եվ երբ հեղափոխությունը հաղթեց, այդ խավը հետ մնաց կյանքից, ուստի ձգտում է ամեն կերպ ուշադրության կենտրոնում լինել, հեղափոխության օրերին չարածը անել` ասենք, առաջնորդին բանաստեղծություններ ձոնելով եւ այլն: Սա Նիկոլ Փաշինյանի կերպարի ֆետիշացման տրամաբանական ավարտն է, հիմա, փաստորեն, այդ պրոցեսը հասել է ինտելեկտուալ մակարդակի: Սա պարզապես աղետ է, հասարակության ոչ զարգացած լինելու արտահայտությունը: Հեղափոխությունը` որպես արժեքային համակարգ, այդպես էլ չի ներխուժել այդ հասարակության մեջ: Մի բան էլ` Դուք միայն հրապարակված ներբողներն եք տեսնում, այնինչ, ես վստահ եմ, որ, օրինակ, «Գրքի երեւանյան փառատոն»-ի հայտատուները Նիկոլ Փաշինյանին նվիրված պատմվածքներ եւ բանաստեղծություններ են ներկայացրել: Ցավոք, շատ բան է խաթարվում հեղափոխության անվան տակ, իսկ այդ ֆետիշացումները լավ բանի չեն հանգեցնի:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Իջեւանի համայնքապետարանն է այս տեղեկությունը տարածողը: Փաստորեն, այնտեղ չեն հասկացել, որ այդ գիրքը ոչ թե բարձրացնում, այլ իջեցնում է Փաշինյանի վարկանիշը, հեղինակությունը:
-Այն, որ համայնքապետարանն է հովանավորել, որպեսզի գիրքը լույս տեսնի, ուղղակի աղետ է: Մենք միամիտ չենք, որ մտածենք, թե մի քայլով համակարգում աշխատող բոլոր մարդկանց մտածողությունը պետք է փոխվեր: Դա մտածողության տեսակ է, որը մնում է, ուզու՞մ ես` 20 հեղափոխություն արա: Դրա համար ենք ասում, որ հեղափոխությունը միայն իշխանափոխությունը չէ, այն պետք է ուղեկցվի մշակութային արժեքների ներդրմամբ: Եվ եթե հեղափոխություն արածները դա չեն գիտակցում, այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում, այսօրինակ երեւույթներ շատ կլինեն:
-Այս պարագայում մշակույթի նախարարությունն անելիք ունի՞:
-Ամենատխուր բաներից մեկն այն է, որ հեղափոխությունից հետո էլ մշակույթի նախարարության գործունեությունն այս երկրում ազդեցիկներից չէ: Ամենակարեւոր գործերից մեկը պետք է լինի այս նախարարության ուժեղացումը: Հեղափոխությունը նախ եւ առաջ մշակութային, ինտելեկտուալ արժեքների միջոցով պետք է արտահայտվի: Հիմա Դուք կարող եք ասել, որ, օրինակ, այս գիրքը, որի մասին խոսում ենք, գրել է մեկը, ով Սերժ Սարգսյանին չի սիրում, Նիկոլ Փաշինյանին սիրում է: Հավատացեք, այս պարագայում սիրել-չսիրելու հարց չկա: Սա պարզապես կյանքից հետ մնացածի պնակալեզություն է:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԵՍ ԵՎ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ»
«Ես ունեմ շատ հանրապետական ընկերներ, որոնց հարգում եւ սիրում եմ: Օրինակ՝ Էդուարդ Շարմազանովն ու ես մանկության ընկերներ ենք, նույն քաղաքից ենք՝ Ալավերդուց, երկուսս էլ 1975-ի ծնունդ ենք, միասին ենք մեծացել, մեր մայրերը եղել են ընկերուհիներ, մենք բախտակից ենք նաեւ այն առումով, որ երկուսիս հայրերն էլ վաղ են մահացել: Մենք համարյա արյունակիցներ ենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհի Լիլիթ Կարապետյանը՝ անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին, դաշտի՝ ճամբարների բաժանվելուն եւ այլն:
Լիլիթի խոսքով՝ եթե նույնիսկ իր տան անդամը լինի հանրապետական, ինքը՝ Փաշինյանի կողմնակիցը, դա իր համար նորմալ է. «Ամեն դեպքում, բազմազանություն պետք է»,-շեշտեց Լիլիթը:
Նրան զայրացնում են այն մարդիկ, որոնք ակնկալում էին հեղափոխությունից անմիջապես հետո գլոբալ փոփոխություններ տեսնել երկրում. «Մարդիկ պետք է հիշեն, որ նախկին իշխանությունը բազմիցս խոստումներ է տվել, որոնք չի կատարել, կամ շատ ուշ է կատարել: Հիմա պարոն Փաշինյանը ինչ էլ անի, երկնքից էլ աստղեր իջեցնի, անհնար կլինի կարճ ժամանակահատվածում դրական կտրուկ տեղաշարժեր գրանցել: Պարզապես կան մարդիկ, որոնք անհամբեր են, բայց կան նաեւ մարդիկ, որոնք ուզում են պարոն Փաշինյանի վրա կեղտ բռնել: Բնականաբար, ամեն մեկս էլ անհանգստանում ենք մեր երկրի ճակատագրով, գիտակցում ենք, որ հեղափոխությունից հետո մի շրջան կարող է երկրի վիճակն էլ ավելի վատանա, բայց նաեւ հույս ունենք, որ ներկայիս իշխանությունը դա թույլ չի տա եւ ամբողջ ուժերով կլծվի աշխատանքի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա ուրախ է, որ այսօր արդեն ժողովրդի խոսքն է ամենակարեւորը, որոշիչը. «Մեր քաղաքացիներն առաջին անգամ իրենց մարդ են զգում: Սա ամենակարեւորն է, նրանք գիտեն, որ իրենց խոսքը պետք է դեր խաղա: Մնում է ամեն մեկս գիտակցենք, որ մեր տեղում պետք է անենք հնարավորը ձեռք բերածը չկորցնելու համար»,-եզրափակեց երգչուհին:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ՊԵՏՔ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ
«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ 5-1 հաշվով տնային հաղթանակը Պրիմերայի 10-րդ տուրում: «Երկրորդ խաղակեսում «Ռեալ»-ը ցանկացավ շտկել իրավիճակը, սկսեց պահեր ստեղծել ու գոլ խփեց: Մրցակիցը շարունակում էր գրոհել, բայց մենք լավ աշխատանք կատարեցինք: Մեզ հաջողվեց օգտվել ազատ տարածություններից: Իհարկե, շատ ավելի լավ է, երբ Մեսսին խաղում է մեզ հետ, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Բայց որպես թիմ` մենք պետք է հպարտանանք մեր խաղով: Ցույց տվեցինք, որ հիանալի թիմ ենք լավ մարզչով, նաեւ առանց Մեսսիի»,-ասել է Սուարեսը:
ԱՆԱՌԻԿ Է ՊԱՀԵԼ
Լատվիայի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Լիեպայա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, հյուրընկալվելիս խաղացել է «Յելգավա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է «Լիեպայա»-ի հաղթանակով. Բեգլարյանը հերթական անգամ անառիկ է պահել իր դարպասը` նպաստելով թիմի 2-0 հաշվով հաղթանակին: Հայ ֆուտբոլիստը խաղացել է առանց փոխարինման: 26 տուրից հետո «Լիեպայա»-ն 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ Բեգլարյանը Լատվիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում 14 հանդիպման է մասնակցել եւ 9 գոլ ընդունել սեփական դարպասը: 6 խաղում Բեգլարյանը գոլ չի ընդունել:
ՏՊԱՎՈՐԻՉ ՌԵԿՈՐԴ
Փարիզի ՊՍԺ-ն, Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում 2:0 հաշվով հաղթելով «Մարսել»-ին, տարել է 11-րդ անընդմեջ հաղթանակը ու կրկնել տպավորիչ ռեկորդ: Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միայն Լոնդոնի «Տոտենհեմին» էր հաջողվել առաջնությունում մեկնարկել 11 հաղթանակով: Լոնդոնյան ակումբը ռեկորդը գրանցել էր 1960 թվականին, երբ դարձել էր Անգլիայի չեմպիոն: Հիշեցնենք, որ Մարսելում կայացած խաղում ՊՍԺ-ից երկրորդ խաղակեսում աչքի էին ընկել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը: Ֆրանսիայի առաջնության հաջորդ տուրում ՊՍԺ-ն կխաղա «Լիլի»-ի հետ: