Լուսանկարն արվել է Երեւանում
Գազավորված ըմպելիքի վաճառքի հասցեն ավելի մանրամասն դժվար թե հնարավոր լիներ նկարագրել. «տրամվի պարկի Զավեն ձյաձյայի ջուր»-ն ամեն ինչ ասում է:
ՀԱՐՑ. Երեխաս ծնվել է ապրիլ ամսին: Խնամքի համար նախատեսված 18.000-ականները սկսել եմ ստանալ շատ ուշ: Խնդրում եմ ասեք` ինչո՞ւ եմ այդքան ուշ ստացել, ընդհանրապես, որքա՞ն ժամանակ հետո են ստանում այդ գումարը:
Արմինե Թորոսյան(29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը: Նշված ժամկետից հետո դիմում ներկայացնելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ելնելով վերոգրյալից` մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը խնամքի նպաստի իրավունք ունի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում դիմելու դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնությանհետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` եթե չգրանցված աշխատողի համար սահմանվել է պատասխանատվություն, ապա մինչեւ երբ կարելի է վճարել: Ի՞նչ ժամկետներում է ենթակա վճարման:
Հեղինե Մովսիսյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մովսիսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` աշխատողի` աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված եւ արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է եկամտային հարկ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատողի` աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստը լիազոր մարմնի կողմից սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն տվյալ ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է եկամտային հարկ`
ա. 60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,
բ. 150.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,
գ. 300.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,
դ. 600.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը: