«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հատկապես վերջին քսան տարիներին Հայաստանի ջրային ռեսուրսներն օգտագործվել, ավելի ճիշտ, մսխվել են անխնա, ամենավայրագ ձեւով: Ու այդ ամենը նախկին իշխանության ներկայացուցիչների հարստացման համար: Այդ մասին շատ է խոսվել, այդ խնդրին մամուլը շատ է անդրադարձել, բայց ապարդյուն: Միանգամայն հասկանալի պատճառներով: Նախկին իշխանությունները չէին կտրի ճյուղը, որի վրա իրենք նստած էին տարիներ շարունակ:
Իսկ թավշյա հեղափոխությունից հետո ականատես ենք լինում ուշագրավ բացահայտումների. ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Արդյունքում հարուցվել է քրեական գործ: Այս խնդրին երեկ անդրադարձ եղավ նաեւ ՀՀ կառավարության նիստում: Եւ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բավական կտրուկ է արտահայտվել. «Այն, ինչ տարիներով կատարվել է փոքր ՀԷԿ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել,- ասել է նա ու հավելել,- Ենթադրենք` թույլտվություն ունեն իքս քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ ՀԷԿ-ից ջուրը որեւէ ձեւով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ գնում, կորչում է:
Ախուրյան եւ Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն վերանայման եւ իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Ախուրյան եւ Եղեգիս գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը պատկանում են ՀՀԿ իշխանության առանցքային դեմքերին եւ այդ պատճառով էլ արտոնյալ կարգավիճակ են ունեցել` իրենց գործունեութունը ծավալելիս անարգել արհամարհելով օրենսդրությունը:
Իսկ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ԺՊ Էդգար Փիրումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է. «Հայաստանում կա գործող 188 հատ փոքր ՀԷԿ, բոլորին որպես նախապայման տրվում է ջրօգտագործման թույլտվություն: Մեր նախարարության աշխատակիցները ուսումնասիրել են բոլոր ՀԷԿ-երը եւ հայտնաբերել են, որ այդ 188-ից 152-ը ունեն ջրօգտագործման թույլտվության առնվազն մեկ պայմանի խախտում, դա է` ջրառի կետում բացակայում է ջրաչափը: Մինչդեռ իրենք պարտավոր են ունենալ ջրառի կետում ջրաչափ: Այսինքն` պարտավոր են իրենց միջոցների հաշվին ջրառի կետը ապահովել ջրաչափով: Իսկ 152 ՀԷԿ-ի մոտ դա բացակայում էր»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: