«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջնակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և նշել. «Սիրելի հայրենակիցներ, կրկին ողջունում եմ ձեզ: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր այս պահի դրությամբ արդեն մասնակցել են հեռուստամարաթոնին և իրենց նվիրատվությունն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մնացած մեկ ժամվա ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցներ կհասցնեն իրենց նվիրատվությունն անել հիմնադրամին, որովհետև այդ գումարները ծախսվելու են Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կարևոր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերի համար:
Սիրելի հայրենակիցներ, այս նոր ժամանակաշրջանը չափազանց կարևոր է և մեր համազգային խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում: Իհարկե, հեռուստամարաթոնն այդ համախմբման ձևերից մեկն է և մենք այս ճանապարհով դեռ պետք է գնանք, որպեսզի հասնենք համախմբման և միասնության այն մակարդակի, որը երկար տարիներ երազել ենք: Այսօր, հիմա այդ հնարավորությունը կա և կասկած չկա, որ այդ հնարավորությունը մենք կօգտագործենք՝ ստեղծելու իսկապես միասնական, ազատ և երջանիկ Հայաստան: Շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում»: