
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին:
Դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ու նշել, որ առաքելությանը կմիանան նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:
Զրուցակիցներն առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են համարել երկրի հետագա առաջընթացի համար:
Նշելով, որ ժողովրդավարությունը չի սկսվում և ավարտվում ընտրությունների օրը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մշտապես զարգացող ու կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի: Նա ընդգծել է զարգացած քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդնդմանն ուղղված ծրագրերի և նախագծերի մեծ նշանակությունը ու կարևորել է այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների ու տարբեր կառույցների հետ: