ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին երեկ հետաքրքիր նշանակում եղավ: Մասնավորապես, ՀԱՊԿ-ից հետ կանչվեց Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ դեսպանների նշանակումն ու հետկանչը բնականոն գործընթաց է` հավելելով. «Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարեւոր եւ բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելով նաեւ այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ»:
Դավիթ Վիրաբյանի փոխարեն նույն պաշտոնին նշանակվեց Վիկտոր Բիյագովը, ով մինչ այդ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետն էր: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»:
Որոշման մեջ արդեն իսկ ասվում է վարչապետի առաջարկությամբ, քանի որ Սահմանադրության համապատասխան դրույթը սահմանում է. «վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին»:
Բայց այս նշանակումը եւ, ընդհանրապես, կադրային քաղաքականության հարցերում Նիկոլ Փաշինյանի որոշումները երբեմն զարմանք են հարուցում: Բիյագովը երկար տարիներ աշխատել է նախորդ իշխանությունների օրոք: Ավելին, այնպիսի տպավորություն է, թե դեռ նախորդ իշխանությունների օրոք էին նախապատրաստվել նրան դիվանագիտական որեւէ պաշտոնում նշանակել: Մասնավորապես, այս տարվա մարտի 2-ին դեռ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Բիյագովին շնորհվել էր Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Ու հիմա Բիյագովը, որին չես կարող անվանել Նիկոլ Փաշինյանի թիմակից կամ նրան սատարող անձ, նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: Ընդ որում, Բիյագովի անունը մեկ անգամ չէ, որ հայտնվել է մամուլում` բացասական համատեքստում, իհարկե: Նա ՀՀԿ իշխանության տարիներին զբաղեցրել է Ազգային ժողովի աշխատակազմի՝ Արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը եւ պատասխանատու է եղել պատգամավորների, ԱԺ ղեկավարության գործուղումների համար: ԵՎ այս առումով խորհրդարանում հաճախ են դժգոհություններ եղել նրա գործունեությունից: Պատգամավորներն էլ ոչ մեկ անգամ են բարձրաձայնել այդ մասին:
Այդ դժգոհություններն ավելի շատ են եղել հատկապես այն ժամանակ, երբ ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանն էր: Քանի որ նա վատառողջ էր, եւ ինքնաթիռով այս կամ այն երկիր չէր թռչում հենց առողջական խնդիրների պատճառով, բոլորը գիտեին, որ կարեւոր որոշումները կայացնում էր Բիյագովն ու հավատարիմ ընկեր` ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Հենց նրանք էին որոշում, թե որ պատգամավորը որ երկիր պետք է մեկնի, որ միջազգային խորհրդաժողովի պետք է մասնակցի կամ չմասնակցի, պատվիրակությունների կազմում ովքեր պետք է ընդգրվեին եւ այլն: Եվ այս ամենը չէր կարող լինել առանց կոռուպցիոն ռիսկերի, որի մասին բարձրաձայնումներ եւս եղել են:
ԵՎ ԱԺ աշխատակազմի անդամները շատ են դժգոհել, որ այդ պատվիրակությունները կազմավորվում էին կամայականության սկզբունքով, եւ Բիյագովն ու Հրայր Թովմասյանն առավելություն էին տալիս իրենց յուրայիններին, որն էլ դժգոհության առիթ էր դառնում:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2014թ սեպտեմբերին առիթ ունեցել էր նաեւ տեղեկացնելու, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ ԱԺ նախագահների տարեկան ժողովին եւ անտեղ մեկնել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել՝ այն ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը: Այսինքն՝ Բիյագովն առիթը բաց չի թողել նաեւ անձամբ որեւէ պատվիրակության կազմում ընդգրկվելու առումով
Ու հիմա փաստորեն նա հայտնվել է կարեւոր պաշտոնում՝ ՀԱՊԿ-ում ներկայացնելու է ՀՀ-ն:
Նաիրա Հովհաննիսյան