Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զարմացել է, թե ինչու է մարդը 15-20 տարի շարունակ 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում:
Միայն թե նկատենք, որ Ն. Փաշինյանի հայրենի Իջեւան քաղաքի սննդի, հագուստի խանութներում շատ-շատերն ամսական 40 հազար դրամ են ստանում: Տավուշի մարզի այլ քաղաքների տարբեր խանութներում վաճառողուհիներ են աշխատում, որոնք, շաբաթական աշխատելով 45 ժամ, ստանում են շուրջ 40 հազար դրամ աշխատավարձ: Աշխատողները հաճախ աշխատում են 10-12 ժամ, երբեմն առանց հանգստյան օրերի: Խանութի սեփականատեր գործատուն, լավ գիտենալով բնակչության ցածր գնողունակությունը, վաճառքի փոքր ծավալները, հաճախ աշխատողին գործարք է առաջարկում որպես աշխատավարձ վճարել վաճառքի ընդհանուր գումարից ցածր տոկոսադրույքների չափով:
Արդյունքում ամսական ստացվում է 40-50 հազար դրամ աշխատավարձ: Ընդ որում`գործատուն չի գրանցում այդ աշխատողներին, նրանց համար պետական բյուջե եկամտահարկ չի մուծում: Աշխատանքի պետական տեսչության լուծարումից հետո տարբեր արտադրական, սննդի եւ սպասարկման հիմնարկություններում չգրանցված աշխատողների առկայությունը ոչ ոք չի ստուգում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ