Կառավարությունը մերժել է Արկադի Համբարձումյանին և Հակոբ Հակոբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել էր, թե պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։ Արդյունքում բյուջեի նախագծի ծախսային մասն ավելացել է 5.9 մլրդ դրամով եւ կազմել 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։ Բյուջեի յուրաքանչյուր նախագծի պարագայում ամենաշատ հետաքրքրությունը ներկայացնում են պատգամավորների առաջարկները: Եվ հատկապես վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները ներկայացնում են միայն իրենց համայնքներին վերաբերող առաջարկություններ: Այս անգամ եւս բացառություն չի եղել:

Օրինակ` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի երեք առաջարկն էլ չի ընդունվել: Դրանցից մեկը վերաբերում էր Վանաձոր քաղաքում գտնվող երրորդ կարգի 84 բազմաբնակարան շենքերի ամրացմանը: Նա առաջարկել է նախատեսել ֆինանսավորում Վանաձորում եւ Գուգարքում գտնվող 3-րդ կարգի վթարային 84 բազմաբնակարան շենքերից առնվազն 10 ամենավատթար վիճակում գտնվող շենքերի ամրացման համար: Սակայն առաջարկությունը չի ընդունվել` հաշվի առնելով բյուջետային մուտքերի մակարդակն ու ծախսերի առաջնահերթությունը: Գեղարքունիքի մարզից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը երեք առաջարկություն է ներկայացրել, եւ երեքն էլ ընդունվել են: Այդ առաջարկությունները հիմնականում միտված են եղել սոցիալապես անապահով խավին օգնելու:
Լոռու մարզից պատգամավոր ընտրված Արկադի Համբարձումյանը 23 առաջարկ է ներկայացրած եղել, եւ հետաքրքիր է, որ դրանցից ոչ մեկը չի ընդունվել կառավարության կողմից, եւ որպես պատճառաբանություն նշվել է, թե դրանց հնարավոր կլինի անդրադառնալ հետագայում համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում միայն: Օրինակ` առաջարկներից են եղել Սպիտակ քաղաքում Քըրք-Քրքորյան փողոցի ասֆալտապատումը` 157 մլն դրամ, Լեռնանցք համայնքի մշակույթի տան կառուցման հարց՝ 150 մլն դրամ, Ջրաշեն համայնքի նոր թաղամասերի գազաֆիկացում՝ 38 մլն դրամ, Գեղասար համայնքի գերեզմանատան ցանկապատում՝ 2 մլն դրամ, Ազնվաձոր համայնքի բուժկետի կառուցում՝ 6 մլն դրամ եւ այլն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, բյուջեի նախագծի հետ կապված 111 առաջարկ էր ներկայացրել, որից ոչ ոք չի ընդունվել: Դրանցից են` Ակնաղբյուր՝ Ներհամայնքային ճանապարհների լուսավորություն, Աճարկուտ՝ համայնքային ճանապարհների վերանորոգում (անհրաժեշտ է ասֆալտապատում), Այգեհովիտ՝ Մշակույթի տան հիմնանորոգում` 150-200 մլն. դրամ, Բերքաբեր՝ Խմելու եւ կենցաղային ջրի համար ներքին ցանցի կառուցում, Ներքին Ծաղկավան՝ ոռոգման ջուր, արտաքին ցանց, Վազաշեն` մանկապարտեզի վերանորոգում, Դիլիջան՝ Մշակույթի տան հիմնանորոգում` 400 մլն. դրամ եւ այլն: Այս պարագայում էլ Հակոբ Հակոբյանի առաջարկները վերաբերել են Տավուշի մարզին, որտեղից էլ նա պատգամավոր է ընտրվել: Արարատի մարզից պատգամավոր դարձած Կարինե Պողոսյանի երեք առաջարկներն էլ վերաբերել են Արտաշատ քաղաքին, սակայն այդ երեքն էլ մերժվել են: Շիրակ Թորոսյանի կողմից ներկայացված մեկ առաջարկը մերժվել է, Խոսրով Հարությունյանի մեկ առաջարկն էլ` ընդունվել: Չի ընդունվել նաեւ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի առաջարկությունը: Մի քանի փոփոխություն էլ նախաձեռնել էր հենց կառավարությունը, եւ արդյունքում նման պատկեր է ստացվել:

Նկատենք՝ այս անգամ առաջարկներ չեն ներկայացրել քաղաքական թեւի պատգամավորները: Միաժամանակ, որեւէ առաջարկ չի ներկայացվել խորհրդարանական խմբակցությունների անունից: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ այս ԱԺ-ն նոյեմբերի 1-ից իրավունքի ուժով արձակվել է, սա բնական է, չնայած իրականում այստեղ խնդիրն ուրիշ է. խորհրդարանական խմբակցությունները կարծես կառավարությունից նեղացածի կեցվածք են ընդունել, իբր հարկ չեն համարում կառավարությանը որեւէ առաջարկ ներկայացնել;

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս