
Ազգային ժողովում վերջին օրերին ճամպրուկային տրամադրություն է: 5 տարով խորհրդարան եկած պատգամավորները, որոնցից ոմանք վերանորոգել էին իրենց աշխատասենյակները, իրենց հետ իրեր բերել խորհրդարան, այժմ ստիպված են «էլիտար» աշխատասենյակները թողնել ապագա պատգամավորներին, սակայն իրերից նրանք հրաժարվել չեն ցանկանում:
Եվ վերջին օրերին խորհրդարանի միջանցքներում կարելի էր ակտիվություն նկատել, երբ ակնհայտ հեռացող պատգամավորների օգնականներն ակտիվ եռուզեռի մեջ են կարգավորելու «շեֆերի» իրերի տեղափոխումը: Գաղտնիք չէ, որ 2017 թվականին ընտրված պատգամավորներից շատերը եվրովերանորոգում էին կատարել իրենց աշխատասենյակներում, հատկապես, երբ նախորդ գումարման խորհրդարանի հետ համեմատած` այլ աշխատասենյակ էին տեղափոխվել: Եվ ոչ միայն վերանորոգումներ են եղել, այլ փոխել են ամեն ինչ` գրասեղաններ, սեղաններ, անգամ ջահեր, «նախկինից ոչինչ չմնա» կարգախոսով: Եղել են անգամ պատգամավորներ, ովքեր չեն բավարարվել միայն մեկ աշխատասենյակով եւ մի քանիսը միացրել են իրար: Բայց, փաստորեն, չհասցրին վայելել իրենց ունեցվածքը, որ ժառանգություն է մնալու նոր պատգամավորներին: