Նոր փոփոխություններ` տաքսի ծառայությունների ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրողների համար սահմանել պետական տուրքի նույն դրույքաչափերը:

Բանն այն է, որ ներկայումս ՀՀ-ում տաքսի ծառայություն է մատուցում 190 ընկերություն, որոնցից 52-ը 1-4 ավտոմոբիլով, եւ վճարում են լիցենզիայի համար տարեկան 100 հազար դրամ պետական տուրք: Իսկ ահա 138-ը` 5 եւ ավելի ավտոմոբիլներով, վճարում են լիցենզիայի համար տարեկան 200 հազար դրամ պետական տուրք: Այսինքն լիցենզավորման պետական տուրքի մասով անհավասար պայմաններ են ստեղծվում մեքենաների տարբեր քանակով նույն գործունեությունն իրականացնող ընկերությունների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լիցենզիայի պետական տուրքի չվճարման տուգանքներ կան կուտակված, որոնք անընդհատ աճում են լիցենզավորված անձանց կողմից լիցենզիաները չհանձնելու հետեւանքով: Անընդհատ աճող տուգանքներից խուսափելու համար նախարարությունը առաջարկում է այս տարվա հունվարի 1-ից դադարեցնել 3 ամսից ավելի պետական տուրքը չվճարած անձանց լիցենզիաների գործողությունը: Ի դեպ, այն կտարածվի նաեւ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Ինչպես հայտնի է, այժմ Հայաստանում գոյություն չունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տաքսի ավտոմոբիլներ, ինչը խախտում է նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը առաջիկայում պարտադիր պայման կսահմանի, որ 30 եւ ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված առնվազն մեկ տրանսպորտային միջոց: Բայց դատելով այն հանգամանքից, որ 30 եւ ավելի տրանսպորտային միջոց հազվագյուտ ընկերություններ կարող են ունենալ` նախարարության սահմանած պայմանը մի տեսակ ձեւական կարող է լինել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս