Դեռ հասցրած չլինելով ներկայանալ որպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծամասնություն` ԱՄՆ դեմոկրատների ներսում խլրտումներ են առաջացել: Պատճառը պալատի խոսնակի պաշտոնն է, որին կրկին հավակնում է Նենսի Փելոսին: Վերջինիս թեկնածությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել կուսակցության ներսում, որտեղ փոփոխություններ են պահանջում` կարեւոր համարելով ամերիկյան ընտրողների առաջ նոր դեմքերով ներկայանալը:
Ներկայացուցիչների պալատը նախորդ երկու տարիներին ղեկավարել է հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փոլ Ռայընը, որը դեռ 2008թ. նախագահական ընտրություններում հանրապետականների փոխնախագահի թեկնածուն էր: Նա համարվում է չափավոր հանրապետական եւ Թրամփի վերաբերությամբ հրապարակային դժգոհությամբ հանդերձ` նախագահական ընտրություններում սատարեց նրան եւ պահպանեց կուսակցական կարգապահությունը: Սակայն Ռայընը ավելի հակված է կուսակցության ավանդական ղեկավարության կողմը, ուստի Թրամփի քաղաքականության հանդեպ մշտապես վերապահումներ է ունեցել` երբեմն անգամ դրանց մասին բարձրաձայն խոսելով: Ուշագրավ է, որ նա դեռեւս ամռանն էր հայտարարել, որ լքելու է խոսնակի պաշտոնը` անկախ նոյեմբերի ընտրությունների արդյունքներից: Ռայընը շատ լավ էր հասկանում, որ Կոնգրեսի առաջին պալատը պահպանելն անհնար էր լինելու, ուստի կանխավ իր համար քաղաքական հարթակ ստեղծեց պարտության բեռը հրապարակավ չկրելու համար: Նա, ինչպես մի շարք երեւելի հանրապետականներ, կարծես հակված են ակտիվ քաղաքականությունից դադար վերցնելու` քաջ գիտակցելով, որ հիմա Դոնալդ Թրամփի աստեղային ժամն է, որը կարող են խլել միայն դեմոկրատները: Հետեւաբար գաղափարական հանրապետականների համար գործունեության ոլորտն առանձնապես մեծ ու հարմար չէ:
Եթե Ռայընի պես գործիչները հեռանում են ասպարեզից, ապա նախկին հայտնի դեմոկրատները վերադառնալու ակտիվ քայլեր են ձեռնարկում: Այս առումով անգերազանցելի է թվում Նենսի Փելոսին, որը 2011թ. ի վեր Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդն է, իսկ 2007-2011թթ. զբաղեցրել է պալատի խոսնակի պաշտոնը: Ներկայումս Փելոսին ակտիվորեն աշխատում է իր համախոհներին միավորելու ուղղությամբ` փորձելով կրկին դառնալ խոսնակ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` նա բավականին ինքնավստահ է ներկայացուցիչների հետ բանակցություններում եւ քիչ հավանական է համարում, որ չի ընտրվի այդ պաշտոնում: Սակայն Փելոսիի նկրտումները էականորեն խաթարվեցին նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 16 դեմոկրատների հրապարակային նամակի պատճառով: Դեմոկրատները, արտահայտելով իրենց հարգանքը Փելոսիի հանդեպ եւ նրան անվանելով «պատմական կերպար», միեւնույն ժամանակ պնդում են, որ եկել է վերնախավի փոփոխության ժամանակը: Նրանց համոզմամբ` հասարակությունն իր քվեն տվել է դեմոկրատներին նախ եւ առաջ վերնախավում փոփոխություններ կատարելու համար, իսկ այսօր Փելոսիին ընտրելը չի կատարում հանրության սպասելիքները: Խոստանալով իրերի դրությունը փոխել` նշյալ դեմոկրատները հավաստիացնում են, որ կատարելու են հասարակության պահանջն ու թույլ չեն տալու, որ Փելոսին ընտրվի խոսնակ: 16 դեմոկրատներին կարծես միացել են նաեւ երեքը, որոնք մասնավոր զրույցներում պատրաստակամություն են հայտնել միանալ Փելոսիի դեմ պայքարին:
Սակայն դեմոկրատների ներքին պայքարը, ինչպես եւ սպասվում էր, անմասն չմնաց ամերիկյան ընդհանուր քաղաքական կյանքից` ներգրավելով նախագահ Դոնալդ Թրամփին: Վերջինս որսացել է դեմոկրատների շարքերում հնարավոր պառակտման պահը եւ արդեն իսկ քայլեր է ձեռնարկում իրավիճակից օգտվելու համար: Թրամփը հայտարարել է, որ դրականորեն է վերաբերվում Փելոսիի թեկնածությանը` վերջինիս անվանելով ուժեղ անհատականություն, որը արժանի է զբաղեցնելու այդ պաշտոնը: Նա միաժամանակ խոստացել է ապահովել համապատասխան ձայներ Փելոսիի համար, եթե հանկարծ նա չկարողանա ստանալ դեմոկրատների աջակցությունը: Թրամփը նշել է, որ Փելոսիի ընտրության համար կարող է ապահովել ինչպես 1-2, այնպես էլ 10-50 ձայն, եթե դրա կարիքը լինի: Նախագահը շտապել է հիասթափեցնել Փելոսիի թեկնածությանը դեմ արտահայտվող դեմոկրատներին` խնդրելով լրատվամիջոցներին փոխանցել նրանց, որ անտեղի վատնում են իրենց ժամանակը:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Թրամփը ձեռք է մեկնում դեմոկրատական կուսակցության ֆրակցիաներից մեկին մյուսի դեմ պայքարում: Թրամփն այստեղ իրեն դրսեւորում է օպորտունիստ քաղաքական գործիչ, ինչը լիովին տրամաբանական է: Այստեղ հատկանշական է, որ Թրամփն աջակցության պատրաստակամություն է հայտնել իր ոխերիմ հակառակորդներին, ինչը, նախագահի խառնվածքը հաշվի առնելով, անակնկալ էր շատերի համար: Բայց Թրամփն ամենեւին էլ չի դավաճանում իրեն, այլ նոր ինտրիգային իրավիճակի մեջ է հայտնվում այս անգամ արդեն դեմոկրատների ճամբարում: Ի դեպ, Փելոսին, անդրադառնալով հանրապետականների հնարավոր աջակցությանը խոսնակի պաշտոնը ստանալու հարցում, կտրականապես ժխտել է այդ տարբերակը: Սակայն հազիվ թե նախկին խոսնակը հրաժարվի կրկին այդ պաշտոնում հայտնվելու գայթակղությունից, ինչ է թե օժանդակություն ցուցաբերողը քննադատելի նախագահն է: Կարելի է ակնկալել, որ Թրամփը չի կորցնի դեմոկրատների առաջնորդին լավություն անելու հնարավորությունը, իսկ վերջինս էլ դժկամությամբ, բայց կընդունի այդ աջակցությունը` կրկին դառնալով ԱՄՆ-ում կարգավիճակով երրորդ մարդը:
Ն. Հովսեփյան