ՉՊԻՏԻ ՀԱՄԱԽՈՀԸ ՀԱՂԹԻ ՀԱՄԱԽՈՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական վիճակի եւ սպասվող ընտրությունների մասին խոսել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, հայտնի է, որ ՔՊ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու է դաշինքով: Բացի «Առաքելություն» կուսակցությունից հնարավո՞ր է, որ այլ կուսակցություններ էլ լինեն դաշինքում:
-Հնարավոր է, որ կլինեն ուրիշ կուսակցություններից անհատներ: Բայց կուսակցությունների հետ դաշինք չի լինի: Ամեն դեպքում, նման տրամադրություններ դեռեւս չկան:
-Ո՞ր արժանիքի համար եք հենց «Առաքելության» հետ դաշինք կազմում:
-Ավագանու ընտրություններին միասին ենք մասնակցել: Այդ կուսակցության մեջ կան ակտիվիստներ, որոնք կիսում են մեր մոտեցումները, կանգնած են եղել մեր կողքին: Միգուցե նաեւ դեր կատարեց այն հանգամանքը, որ «Առաքելությունը» շատ հայտնի կուսակցություն չէ: Որովհետեւ եթե շատ հայտնի կուսակցություններն են դաշինք կազմում, մեր քաղաքական 20 ամյակի վերջին փորձը ցույց է տալիս, որ դաշինքները, որպես կանոն, լավ ավարտ չեն ունենում: «Առաքելություն» կուսակցության անդամները առանց իրենց կուսակցական պատկանելիության էլ մերվել են մեզ:
-Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի կուսակցությունը, որ ձեզ դաշնակից դառնա:
-ԱԺ ընտրություններից հետո կերեւա` այս կամ այն կուսակցությունը ժողովրդի կողմից ինչ քվեի է արժանացել: Էդտեղից պարզ կդառնա, թե կուսակցություններից որ մեկի հետ է մեր արժեքների բազան համապատասխանում:
-Ձեր ռեյտինգային ընտրացուցակներում ի՞նչ կերպար ունեցող մարդիկ են առաջադրվելու:
-Առաջադրվելու են առավելապես այնպիսի անհատներ, որոնք բառիս բուն իմաստով արժանի կլինեն Աժ պատգամավոր լինելու այդ կոչմանը իրենց գիտելիքներով, իրենց փորձով, իրենց աշխարհայացքով ու աշխարհընկալմամբ, որպեսզի ԱԺ-ն կարողանա աշխատել իսկապես որպես օրենսդիր օրգան: Հաշվի է առնվելու մարդկանց պրոֆեսիոնալիզմը, պատրաստակամությունն ու հասարակության մեջ ունեցած իրենց դիրքն ու հեղինակությունը:
-Ռեյտինգային ընտրակարգը այս ԱԺ ընտրություններում ներքին կռիվների առիթ դարձավ: Ի՞նչ եք անելու նման բաներից խուսափելու համար:
-Եթե ընտրության է գնում թիմ, համախոհների մի բանակ, ապա էդտեղ պետք է լինի առավելագույն հավասար եւ արդար հնարավորություններ ռեյտինգային պայքարում դրսեւորվելու համար: Չպիտի համախոհը հաղթի համախոհին ոչ մի այլ լծակով, ոչ մի այլ մեթոդով, քան իր գիտելիքների, պրոֆեսիոնալ պատրաստակամության` առավելություն ունենալով իր կուսակցական ընկերոջ նկատմամբ: Ամեն ինչ անելու ենք, որ այդպես լինի, եւ որ պարտվողն էլ ինքն իրեն ոչ մի ձեւով վատ չզգա: Ոչ մեկն էլ պարտություն չի սիրում, բայց հույս ունեմ` դրանք ցավալի պարտություններ չեն լինի: Բացառված է, որ լուրջ խնդիրներ եւ բարդ խնդրահարույց իրավիճակներ կլինեն:
-Նիկոլ Փաշինյանը հենց բեմահարթակի վրա ԲՀԿ նախարարներին ազատեց աշխատանքից: Հիմա տեսնում ենք, որ «Ծառուկյան» դաշինքը կանգնել է Փաշինյանի կողքին, նրանք կողմ քվեարկեցին ԸՕ նախագծին: Ըստ Ձեզ` կառավարությունը կվերանայի՞ իր որոշումները, եւ արտահերթից հետո հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ից նախարարներ կլինեն կառավարությունում:
-«Ծառուկյան» դաշինքը իրեն համարում է հեղափոխության արժեքների կրողը եւ իրենց արժեհամակարգի շրջանակներում իրենց մասնակցությունն են ունենում այս գործընթացներին: Մեր եւ իրենց մեջ կան տարաձայնություններ շատ ոլորտներում: Հետեւաբար հիմա անհնար է, որ նման բան լինի: Իսկ ընտրություններից հետո չեմ կարծում, որ նման իրավիճակ կառաջանա: «Իմ քայլը» դաշինքը կունենա բավարար թվով մանդատներ:
-Ասում եք` տարաձայնություններ կան շատ ոլորտներում: Սրանից առաջ ԲՀԿ նախարարներ են եղել կառավարությունում: Այսինքն` այդ տարաձայնությունները չկայի՞ն մինչեւ հոկտեմբերի 2-ի հայտնի միջադեպը:
-Մենք հո չէինք կարող գիծ գծել: Մեկ անգամ մեր տեսակետը կհամընկնի նրանց տեսակետի հետ: Մինչեւ դա նրանց նախարարների նշանակված լինելու հանգամանքը պայմանավորվում էր վարչապետի կողմից այն մոտեցմամբ, որ հասարակության, քաղաքական ուժերի հնարավորին լայն շրջանակներ այդ անցումային շրջանում կանգնեն հեղափոխության արժեքների պահպանման կողքին: Ե՛վ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն իրենց ներդրումը ունեցան շատ գործընթացներում: Դժվար է ասել` ինչ չափով, բայց ունեցան:

 

 

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎՏԱՆԳ

Նոյեմբերի 2-3-ը Մոսկվայում կազմակերպված համաժողովում կկայանա բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի` ԱԻԲԱ-ի նախագահի ընտրությունը, որ համախմբում է սիրողական բռնցքամարտիկներին:Պայքարը ընթանալու է Ուզբեկստանի թեկնածու Գաֆուր Ռախիմովի եւ Ղազախստանի թեկնածու Սերիկ Կանակբաեւի միջեւ:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը այդ ընտրություններում քվեարկելու է Գաֆուր Ռախիմովի օգտին: Ըստ երեւույթին, ընտրությունները կարող են իրենց հերթին բացասական դեր խաղալ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ հարաբերությունների վրա, մի երկիր, որտեղ ՀՀ-ն սփյուռք ունի: Ավելին, ՀՀ-ն ու Ղազախստանը համագործակցում են ոչ միայն մշակույթի, կրթության, գիտության, հումանիտար ոլորտներում, այլեւ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն: Ու հիմա այս հարցում ՀՀ դիրքորոշումը կարող է միանշանակ չընկալվել Ղազախստանի իշխանությունների կողմից: Առավել եւս, երբ Ուզբեկստանի թեկնածու Գաֆուր Ռախիմովը հայտնի է ոչ միայն սպորտի աշխարհում, այլ հայտնի է որպես հաջողակ գործարար` մութ կենսագրության էջերով: Նրա անունը կապվում է թմրամիջոցների բիզնեսի հետ: Ըստ որոշ տեղեկությունների` նա վերահսկում էր Ուզբեկստանում բամբակի արտադրությունը, ինչպես նաեւ զբաղվում հերոինի տեղափոխմամբ Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ: Այս ընտրությունը կարող է չար կատակ խաղալ այս սպորտաձեւի ճակատագրում: Հնարավոր է, որ միջազգային օլիմպիական կոմիտեն, որը դեմ է Ռախիմովին, 2020 թ. Օլիմպիական խաղերի ծրագրից հանի բռնցքամարտը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին խոսել է նախագահ Արթուր Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գեւորգյան, եթե Ռախիմովը ընտրվի, հնարավոր է` միջազգային օլիմպիական կոմիտեն 2020 թ. Օլիմպիական խաղերի ծրագրից հանի բռնցքամարտը: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Չեմ կարող ասել` ինչ է հնարավոր, ինչը` անհնար: Այս պահին կան որոշակի հակասություններ նրանց միջեւ: Բոլորն էլ գիտեն դրա մասին: Բայց եկեք չմոռանանք, որ բռնցքամարտը ամենադիտարժան մարզաձեւն է, հեռուստատեսությամբ ամենաշատ դիտված, ամենաշատ հանդիսատես ունեցող մարզաձեւն է ամբողջ օլիմպիական խաղերի: Այստեղ ավելի շատ հեղինազրկվելու խնդիր ունի ՄՕԿ-ը: Այն ժամանակ, երբ Հայաստանի ֆեդերացիան տվել էր իր ստորագրությունը Գաֆուրի թեկնածությանը աջակցելու համար, ղազախական կողմը գտնվում էր նույն թիմի մեջ: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Սերիկ Կանակբաեւի հետ: Անկախ ամեն ինչից` մեր հարաբերությունները չեն սրվում:
-Չե՞ք կարծում, որ այդ ընտրությունները կազդեն Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների վրա:
-Մեր հարաբերությունները երբեք փայլուն չեն եղել եւ փայլուն չեն Ղազախստանի հետ: Նա միշտ աչքի է ընկել իր հակահայկական դիրքորոշմամբ: Չեմ ուզում սպորտը խառնել քաղաքականության հետ եւ պետք չէ այդպես անել: Մենք ընդամենը որոշում ենք բռնցամարտի ապագան, ընտրում ենք այն մարդուն, ով հնարավորություններ ունի համախմբելու բռնցքամարտի աշխարհին: Մենք այս տարիների ընթացքում Ղազախստանում մի շարք մրցաշարեր ենք տեսել: Այն երբեք իր արդարությամբ աչքի չի ընկել:
-Գաֆուր Ռախիմովի անունը բազմաթիվ անգամներ կապվել է սկանդալային պատմությունների հետ: Որեւէ մտավախություն չունե՞ք դրա հետ կապված:
-Ամեն ասեկոսեներին չի կարելի հավատալ: Ես որքանով որ ճանաչում եմ իրեն, ինքը շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա: Նույնիսկ եթե ընտրվի ղազախական կողմը, մենք դրանից չենք տուժում: Բայց մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

 

ԿՏԱՐԱԾՎԻ՞, ԹԵ՞ ՈՉ
Այսօր ԱԺ-ն սկսելու է քննարկել Համաներման նախագիծը: Շատերին հետաքրքրում է՝ արդյոք համաներումը կտարածվի՞ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերով անցնող պաշտոնյաների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համաներումը չի տարածվի, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա: Ինչպես հայտնի է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական լիազորությունները անցնելու եւ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու համար՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված: Համաներման նախագծում հստակ նշվում է` եթե որեւէ քրեական գործով կա գույքային պահանջ, մինչ այն չհարթվի, համաներումը չի տարածվի ամբաստանվող անձի վրա: «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կապված քրեական գործով Հովիկ Աբրահամյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Գեւորգ Գեւորգյանը, քրեական գործի շրջանակներում նշել է, որ իրեն նյութական վնաս է հասցվել 80 հազար դոլարի սահաններում: Նա քաղաքացիական հայց է ներկայացրել իր վնասը փոխհատուցելու համար, ու հիմա ստացվում է, որ եթե Հովիկ Աբրահամյանն ուզում է համաներմամբ ազատվել քրեական գործով պատասխանատվությունից, պետք է փոխհատուցի ներկայացված պահանջը: Սակայն, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ուր մնաց թե` տուժողի վնասը փոխհատուցի: Նշենք, որ ընկերության հիմնադիրը եւ այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերեւույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները:

 

 

ԱԺՄ-Ն` ՄԻԱՅՆԱԿ
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն դեռ վերջնական որոշում չունի՝ մասնակցելու է դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Միաժամանակ կուսակցության ներսում քննարկումների արդյունքում հստակ է մեկ բան. մասնակցելու պարագայում նրանք որեւէ այլ ուժի հետ դաշինք չեն կազմի: «Ժողովուրդ» օրաթերթին կուսակցությունից փոխանցեցին, թե այժմ մասնակցել-չմասնակցելու շուրջ քննարկումները շարունակվում են: Նաեւ հայտնի է մեկ բան` չմասնակցելու պարագայում Վազգեն Մանուկյանը ոչ մի այլ կուսակցության ցուցակում չի լինի:

 

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը բավականին ապահովված է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմում են 25 մլն դրամ, 98 հազար դոլար եւ 4300 եվրո: Բացի այս, Փոլադյանն ունի 4 հողամաս, 3 հատ բնակարան եւ nissan Sentra 2.0 մակնիշի մեքենա: Ոչ պակաս ունեցվածքի տեր է նաեւ նրա կինը`Նաիրա Սարգսյանը, ում դրամական միջոցները կազմում են 21.5 մլն դրամ, 42 հազար դոլար, 3800 եվրո: Փոլադյանի կինը անցած տարում գնել է բնակարան` 16 մլն 320 հազար դրամով:




Լրահոս