ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՉԱՐՉՐԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ` ԱԺ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Այս նախագիծը պետք է ընդգրկված լիներ դեռեւս հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած արտահերթ նիստում, որի օրակարգում նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն էր: Սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրաժարվել էր այն ընդգրկել օրակարգ` համարելով ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում: Պատճառաբանությունը այն էր, որ օրակարգում նախագիծ ներառելու համար պետք էր դիմել 5 օր առաջ: Եվ հենց դրա համար էլ ՀՀ կառավարությունը որոշեց ինքն արտահերթ նիստ գումարելու առաջարկությամբ հանդես գալ:

Սակայն հետաքրքիր է, որ չնայած Արա Բաբլոյանն ԱԺ կանոնակարգ-օրենքին էր հղում արել եւ այդ պատճառով հրաժարվել հարցը ներառել օրակարգ, սակայն հենց այդ նույն ԱԺ կանոնակարգ-օրենքում ամրագրված է, որ այս հարցը պետք է քննարկվի հերթական նիստերում:
Մասնավորապես ԱԺ կանոնակարգ-օրենքի 93-րդ հոդվածով, որը վերնագրված է «Համաներման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու եւ քննարկելու կարգ», ամրագրված է.
3.. Իրավասու մշտական հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի լրանալուց հետո համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:
4. Համաներման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:
5. Համաներման մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Հանրապետական խմբակցության բուն կորիզը որդեգրել է նիստերը եւ հատկապես արտահերթ նիստերը բոյկոտելու ռազմավարություն: Ընտրական օրենսգրքի եւ վարչապետի ընտրության նիստերի օրը եւս Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մի քանիսը պարզապես բոյկոտել էին նիստերը եւ չէին ներկայացել: Այդպես եղավ նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության ժամանակ: Եվ քանի որ շատ օրենքներ, այդ թվում Ընտրական օրենսգիրքը, դատավորի ընտրությունը սահմանադրական օրենքներ են եւ պետք է ընդունվեն 63 կողմ ձայների պարագայում, ստացվում է այնպես, որ մի շարք նախագծեր պարզապես չեն անցնում:
Եվ չի բացառվում, որ այսօր կայանալիք արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության մեծ մասը կրկին բոյկոտի եւ չմասնակցի նիստին: Սակայն դա ամեն դեպքում հարվածի տակ չի դնելու նախագիծը, եւ այն կընդունվի, քանի որ քվեարկության համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ինչպես ամրագրված է ԱԺ կանոնակարգ-օրենքում, այսինքն ` 53 կողմ ձայն: Դա նշանակում է, որ այն պատգամավորները, ովքեր ՀՀԿ-ից տարբերվող տեսակետներ են արտահայտում եւ այդպես շարժվում, վաղը կարող են նպաստել Համաներման նախագծի անցնելուն: «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը` 31, ՀՅԴ-ն էլ` 7, սակայն նախորդ նիստերի պրակտիկան ցույց է տվել, որ բոլոր պատգամավորները ոչ միշտ են նիստերին ներկա լինում, եւ կարող են խնդիրներ առաջանալ:
Եվ ահա այս պարագայում էլ կարող են օգնել ՀՀԿ-ի հետ այլեւս նույն կարծիք չունեցողները: Հավելենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Կորյուն Նահապետյանը գործուղման են եւ նիստին չեն մասնակցի: ՀՀԿ խմբակցությունից դեռեւս չեն գաղտնազերծում` ինչպես են քվեարկելու նախագծին կամ ինչպիսի մասնակցություն կունենան, սակայն, ըստ էության, կունենանք նույն պատկերը, ինչ նախորդ անգամներում` մանավանդ որ ՀՀԿ-ի առաջարկները չեն ընդունվել:
Հ. Գ. Երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ԳԵՐԱԿԱ
Երեկ 18:00-ին ավարտվեց վարչապետի պաշտոնում թեկնածուներ առաջադրելու ժամկետը: Միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` վարչապետի ընտրությունը կայանում է առաջադրումների ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը` իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում: Սակայն վարչապետի ընտրությունը տեղի կունենա ոչ թե այսօր, այլ վաղը: Եվ այս դեպքում պատճառը Սահմանադրությունում ամրագրված դրույթներն են. ի վերջո Սահմանադրությունը գերակա է ԱԺ կանոնակարգ-օրենքին, եւ հենց այդ պատճառով էլ ընտրությունը կկայանա վաղը: Մասնավորապես 149-րդ հոդվածում ամրագրված է. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն.. Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»: Յոթերորդ օրն էլ հենց վաղն է: Սակայն ուշագրավն այն է, որ նույնիսկ մասնագետները մինչեւ վերջ չէին կողմնորոշվում, թե որ հիմնավորմամբ պետք է շարժվել եւ կազմակերպել վարչապետի ընտրություն: Եվ սա էլ բխում է այն հանգամանքից, որ շատ օրենքների դրույթներ հակասում են մեկը մյուսին, եւ այսպիսի պայմաններում կիրառման խնդիր է առաջանում:

 

 

ԵՎՍ 25 ՄԼՆ
Մինչ իրավապահ համակարգը փնտրում է «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, նրան պատկանող ընկերության դեմ դատարան նոր հայցեր են ներկայացնում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությունից գանձել 25 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի իրականացրած քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է Լեւոն Սարգսյանը:

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆ
Ինչպես հայտնի է, դատավորն ունի կառավարության սահմանած պայմաններով եւ չափով առողջության եւ դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք: Միաժամանակ, դատավորն օգտվում է նաեւ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավորի պաշտոնավարման ընթացքում դժբախտ պատահարի հետեւանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին կվճարվի ապահովագրական միանվագ գումար` առաջին խմբի հաշմանդամին` 1 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամին` 800 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամին` 600 հազար դրամ: Ի դեպ, ապահովագրական գումարի վճարումը դատավորին պետք է ապահովի դատական դեպարտամենտը կամ ՍԴ աշխատակազմը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Մինսկում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: «Ձեր այցը Մինսկ խոսում է այն մասին, որ Հայաստանին ոչ թե պարզապես անհանգստացնում է այս խնդիրը, այլեւ այն խիստ կարեւոր է հայ ժողովրդի համար: Դուք պետք է իմանաք, որ անկախ տարատեսակ դատողություններից` ժողովրդավար Հայաստանում դուք, ի դեմս Բելառուսի, ունեցել եւ մշտապես ունենալու եք լավ ու վստահելի ընկերներ: Մենք ձեզ հետ աշխատում ենք տնտեսական միասնական հարթակում` ԵԱՏՄ-ում, աշխատում ենք ռազմաքաղաքական միությունում` ՀԱՊԿ-ում, եւ հետեւողականորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները: Մենք, ի դեմս Ձեզ, տեսնում ենք այն մարդուն, ով օբյեկտիվ է, իրատես ու պատրաստ է աջակցել Բելառուսի հետ հարաբերություններին, եւ մենք փոխադարձ պատասխան ենք տալիս այս ամենին»,-նշել է Բելառուսի նախագահը:

 

 

ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանինի խոսքով` Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նոր խոշոր ծրագրեր իրականացնել: Նրա խոսքերով` երեք երկրների դիվանագիտության ղեկավարների բանակցությունների ընթացքում նշված հարցի վերաբերյալ կարեւոր որոշումներ են ընդունվել: Նախարարը նշել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են ռազմավարական բնույթի նոր ծրագրերի նախապատրաստման ուղղությամբ:

 

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով նախօրեին ԸՕ փոփոխությունների երկրորդ անգամ տապալմանը, նշել է, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ ԱԺ-ում, այդ ապոլիտիկ, իռացիոնալ, ոչ քաղաքական վերաբերմունքը, երբեմն տպավորություն է, որ կան քաղաքական ուժեր, որ սիրում են պերմանենտ գնալ քաղաքական ինքնասպանության ճանապարհով: «Ես ուզում եմ հուսալ, որ բոլոր քաղաքական ուժերը հավատարիմ կմնան իրենց հայտարարություններին, պայմանավորվածություններին եւ որեւէ ֆորս մաժոր նոյեմբերի 1-ին չի լինի: Այսինքն` վարչապետ չի ընտրվի Նիկոլ Փաշինյանը, ինչը նշանակում է, որ իրավունքի ուժով ԱԺ-ն կլուծարվի, եւ կմիացվի արտահերթ ընտրությունների ժամացույցը»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը Աժ-ում ստացավ 62 կողմ ձայն. չբավարարեց մեկ ձայն, որ այն ընդունվի:

 

 

ՀՍՏԱԿ ԵՆ
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պնդմամբ` Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Նա նշել է, որ նոյեմբերի 1-ին Հանրապետական խմբակցությունը չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը: «Հանրապետականի բոլոր քաղաքական հայտարարությունները հստակ են, ուղիղ են եւ տրամաբանական են, հետեւաբար Հանրապետականը նոր թեկնածու չի առաջադրելու: «Դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին` այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը»,-ասել է նա:

 

ՉԵՆ ԱՌԱՋԱԴՐԻ
Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Շարմազանովը նաեւ նշել է, որ նոյեմբերի 1-ին Հանրապետական խմբակցությունը չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։ «Հանրապետականի բոլոր քաղաքական հայտարարությունները հստակ են, ուղիղ են եւ տրամաբանական են, հետեւաբար Հանրապետականը նոր թեկնածու չի առաջադրելու: Դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին` այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։ Եթե դահլիճում լինեմ, դեմ կքվեարկեմ, կամ չեմ մասնակցի, էականը կողմ չքվեարկելն է, որովհետեւ ե՛ւ մայիսի 1-ին, ե՛ւ մայիսի 8-ին, ե՛ւ դրանից հետո, ե՛ւ այս վեց ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը լավ հռետոր է, բայց վատ վարչապետ»,- ասել է նա:




Լրահոս