ԲՆՕՐԻՆԱԿ ԿՏՐՈՆԻ ԶՈՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հատկանիշներով: Ու մինչ իրավապահները քննում են այս գործը, Սամվել Մայրապետյանը կոնկրետ հարց է բարձրացրել:

Նախ հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք առաջադրելուց հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ գործարար Սիլվա Համբարձումյանը: «Սամվելի պատճառով ես էլ եմ հարցաքննվել: Հարցաքննությունը եղել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Սկզբում իրեն են ստուգել, հետո ինձ են կանչել, հարցաքննում: Մարտի 1-ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որեւէ կապ չունեմ Մարտի 1-ի գործի հետ: Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»,- հայտարարեց գործարարը:
Ավելին, Համբարձումյանը նշել էր, թե այժմ գումարի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերն է հավաքում նախաքննական մարմնին ներկայացնելու համար եւ այս գործի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ: Չնայած նրան, որ Սիլվա Համբարձումյանն ասել էր` իրեն եւ Մայրապետյանին հարցաքննել են մարտի 1-ի գործի շրջանակներում, սակայն նրա պաշտպան Կարեն Բատիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ այս քրեական գործը մարտի 1-ի հետ կապ չունի: «Մնացածը չեմ կարող բացահայտել»,- ասաց նա:
Բայց լուրեր են շրջանառվում այն մասին, որ իրավապահ մարմիններն, այնուամենայնիվ, նշյալ կաշառքի գործով քննություն են իրականացնում: Այսինքն՝ գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր կամ փոխանցել է Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանն այդ գումարը պետք է փոխանցեր կամ փոխանցել է Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին, որն էլ, ենթադրվում էր, թե գումարը պետք է տրամադրեր Ռոբերտ Քոչարյանին:
Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին այս գործի շրջանակներում որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` երբ դատարանը քննել է Մայրապետյանի խափանման միջոց կալանքը ընտրելու հարցը, Սամվել Մայրապետյանին հնարավորություն է տրվել իր կարծիքը հայտնել իր դեմ առաջադրված մեղադրանքից:
Սամվել Մայրապետյանն ասել է` ենթադրենք ես կաշառք ստանալուն օժանդակել եմ, բայց այստեղ հարց է առաջանում, ըստ էության կոնկրետ մարդիկ են եղել կաշառք տվողը կամ կաշառք վերցնողը: Եւ նրանք այսօր ինձ պես պետք է լինեին դատարանում, քանի որ իրենք առավել մեծ ու կարեւոր գործ են կատարել, սակայն ինձ համար անհասկանալի է մնում ու տարօրինակ, որ այսօր իրավապահները միայն կաշառք ստանալուն օժանդակողին են կալանավորում, իսկ այն տվողը, իսկ այն վերցնողը ազատության մեջ են: Արդյոք դա տրամաբանակա՞ն է»:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին Սամվել Մայրապետյանի կալանավորման գործով այլ ուշագրավ մանրամասներ էլ են հայտնի դարձել: Մասնավորապես, գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ մարտի 1-ի օրերին ինքը փոխանցում է արել Սամվել Մայրապետյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա այդ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով եւ իրավապահներին է ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը, ինչի արդյունքում էլ Մայրապետյանին կալանավորել են:
Իսկ ահա, օրինակ, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեպքում նա իրավապահներին է ներկայացրել փոխանցված գումարի փաստաթղթի պատճենը, ինչն էլ նախաքննական մարմնի համար հիմք չէ, որպեսզի Արամ Հարությունյանին կալանավորեն, ուստի սպասում են բնօրինակին արտերկրից, որպեսզի կոնկրետ քայլերի գնան:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու. «ԱԺ պատգամավորի վրա կա գործ, 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է` այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա` հավելելով,- «սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից»:
Փաշինյանը չէր մանրամասնել, թե ով է այդ պատգամավորը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կան կասկածներ` խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի մասին է: Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատեցնել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ:
Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին` թավշյա հեղափոխությունից հետո, ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել, ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար եւ գործով կրկին վերսկսել են քննությունը»: Այսինքն` կասեցման որոշումը հանել են, եւ այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Ասել է թե` Դուբայից գործարարին ուղարկել են փոխանցված գումարի փաստաթղթային ապացույցի պատճենը, ուստի իրավապահները ներկայումս սպասում են բնօրինակին:
Հիմա հարց կառաջանա՝ բա որ այս ընթացքում Արամ Հարությունյանը փախչի երկրից; Պարզվում է՝ չի կարողանալու: Նրա մասով տեղաշարժը ամենօրյա հսկողության տակ է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ԴԱՏԱՐԱՆ ԿՍՏԵՂԾՎԻ՞
ՀՀ իշխանությունների ներսում նոր դատարան ստեղծելու շուրջ ակտիվ քննարկումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` կառավարությունում մտադրություն կա ստեղծել ներդրումների պաշտպանության դատարան սնանկության դատարանի փոխարեն:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից գործելու է սնանկության դատարան եւ դեռ ավելին` 12 դատավոր Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվեցին նոր դատարանի դատավորի պաշտոնում:
Սակայն ինչպես ցույց տվեց իրավիճակը, Բարձրագույն դատական խորհրդի որոշման հետ ոչ բոլոր դատավորները համամիտ եղան: Բանն այն է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավաության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը դիմել էին ԲԴԽ-ին, որպեսզի կարողանային ընտրվեին սնանկության գործերով դատարանի դատավոր, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել, ինչի արդյունքում դատավորները դատի են տվել ԲԴԽ-ին եւ ՀՀ վարչական դատարանից պահանջում են կասեցնել ԲԴԽ-ի որոշումը:
Ու մինչ դատավորները տարբեր ատյաններում պահանջում են մեկ բան, որ սնանկության գործերով դատարանի ստեղծումը օրենքի ուժով ենթակա է կասեցման, ՀՀ կառավարությունում քննարկում են միանգամայն նոր` ՀՀ ներդրումների պաշտպանության դատարան ստեղծելու հարցը: Ի դեպ, քննարկվել է նաեւ այն հարցը, որ ներդրումների պաշտպանության դատարանի իրավասության շրջանակներում կընդգրկվեն ե՛ւ սնանկության գործերով դատական վեճերի, ե՛ւ կորպորատիվ դատական վեճերի, ե՛ւ նմանօրինակ այլ դատական խնդիրների լուծումը: Ինչո՞ւ է առաջացել այս դատարանի ստեղծման հրամայականը: Ինչպես դատական համակարգում, այնպես էլ գործադիր մարմնում քննարկել են այն հարցը, որ թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներդրողներին պետք է խրախուսել եւ նրանց համար հուսալի պայմաններ ստեղծել հանձին նոր ստեղծվելիք դատական մարմնի: Ուստի նրանք եկել են եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել նման դատարան, որի մեջ կընդգրկվեն տարբել գործերով վեճերը:
Ինչ կտան այս քննարկումները, սպասենք զարգացումներին: Սակայն ակնհայտ է մեկ բան. դատավորների մի հատվածը պայքարում է, որպեսզի դատարանը ոչ իրավաչափ ճանաչի սնանկության գործերով դատարանի հետագա գործունեությունը, իսկ ՀՀ կառավարությունը քննարկում է նոր դատարան ստեղծելու անհրաժեշտությունը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԵՏԿԱՆՉԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործին, այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացին: Խոսելով «Մարտի 1»-ի գործով անցնող Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին` Տողանյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մինչեւ վերջ չքննված գործերի քննությունը վերսկսվել է: «Կոնկրետ հարցերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում` նաեւ Խաչատուրովի դեմ: Պարոն Խաչատուրովը շարունակում է գլխավորել ՀԱՊԿ-ը: Մենք արդեն սկսել ենք այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացը, այդ հարցը որոշվելու է անդամ պետությունների ղեկավարների մակարդակով»,-ասել է ՀՀ դեսպանը: Հարցադրմանը, թե արդյոք ստեղծված իրավիճակը լարվածություն չի առաջացնում Մոսկվայի ու Երեւանի հարաբերություններում, թե դա պարզապես աշխատանքային պահ է, դեսպանն ընտրել է պատասխանի երկրորդ տարբերակը:

 

 

119 ՄԼՆ-Ի ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ եւ մաքսազերծմամբ, այսպես կոչված, «կարգո» գործունեությամբ զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017թթ. համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա ընկերությունում իրականացվող վերստուգման եւ հարկային համալիր ստուգման ընթացքում «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գծով 176 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել այդ վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներին` համապատասխանաբար Հայկ Մհրյանին, Արամ Դանիելյանին, Միքայել Թումասյանին եւ Դավիթ Կարապետյանին:




Լրահոս