ԵՎՍ ՄԵԿ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՀԱՍՑՐԵՑ ԹԱՔՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ-ն մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրել այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նաեւ միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանն ի պաշտոնե հայտնաբերել է, որ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք այդ ընթացքում նաեւ հրազեն են գործադրել, բայց այդ փաստերը թաքցնելու համար դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու հրահանգ է տվել: Եւ այդպես կեղծվել են ապացույցները:
ՀՔԾ այս բացահայտումը միանգամայն սպասելի էր: Ի վերջո, այս տասը տարիների ընթացքում մշտապես խոսվել է, որ Վահագն Հարությունյանը եղել է մարտի 1-ի դեպքերի գլխավոր պարտակողը: Ընդ որում, սպասվում էր՝ նրան մեղադրանք կառաջադրվի հենց հանցագործություն պարտակելու համար, այնինչ պարզվում է` ժամանակին Հարությունյանը շատ հեռուն է գնացել ու ապացույցներ կեղծել: Բնականաբար, այս ամենը նա ինքնագլուխ չի արել, ու ՀՔԾ-ն դեռ պետք է պարզի՝ կոնկրետ ում հրահանգով է Վահագն Հարությունյանն այդ ամենն արել: Ի վերջո, քրեական գործի նախաքննությունը հիմնականում ընթացել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, եւ Հարությունյանին մեղսագրվող արարքներն արվել են, երբ նախագահը Սարգսյանն էր: Հուսանք՝ ՀՔԾ-ն կպարզի այս հարցերի պատասխանները: Թեեւ այս գործով ՀՔԾ-ի դանդաղկոտությունը մի տեսակ կասկածելի է, քանի որ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց բավական ուշ` հնարավորություն տալով թաքնվել նախաքննական մարմնից: Ի վերջո, երբ պարզ դարձավ, որ մարտի 1-ի գործին կցված չէ բանակի ներգրավվածության մասին նախկին Փաստահավաք խմբի զեկույցը, առնվազն որպես կասկածյալ պետք է ընդգրկվեր նաեւ նույն Հարությունյանը կարեւոր փաստերը թաքցնելու համար: Բայց դա չարվեց, ու հիմա նրան փնտրում են՝ հայտարարելով հետախուզում:

 

 

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ է հայտնել, թե Հայաստանը վստահելի երկիր է հանդիսանում ներդրողների համար: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե օտարերկրացի ներդրողների համար ՀՀ-ն արդյոք անվտանգ երկիր է, Գերմանիայի դեսպանը պատասխանել է. «Այո, ես կարծում եմ: Երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական անվտանգությանը, ապա Հայաստանը միշտ էլ ապահով երկիր է եղել: Խնդիրներ են եղել դատական համակարգի հետ կապված: Սակայն ես կարծում եմ, որ կառավարությունն ու իշխանություններն աշխատում են, որպեսզի այն ավելի լավը դարձնեն»: Նա խոսել է նաեւ ՀՀ-ում անցկացվելիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին` նշելով. «Միշտ կարեւոր է ունենալ այնպիսի կառավարություն, որն ունի խորհրդարանի մեծ աջակցությունն ու վստահությունը: Դա ավելի լեգիտիմություն եւ հնարավորություն է տալիս օրենքներ ընդունելու»:

 

 

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար: Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում էլ հաղթել է մրցույթը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա էլ հիվանդանոցի տնօրենների եւ տեղակալների աշխատավարձը բարձրացրել է: Տնօրենի աշխատավարձն, օրինակ, 350 հազարից դարձել է 710 հազար դրամ: Դավիդյանցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ լուրը. «Ես չեմ փոփոխել: Դա փոփոխվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից»:

 

 

 

Թեեւ Հայաստանում շարունակում է նվազել բնակչության թվաքանակը, սակայն միաժամանակ նկատելի է՝ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ նվազել են արտագաղթի ծավալները: Ըստ վիճակագրական կոմիտեի` 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտագաղթել էր 75 հազար 15 ՀՀ քաղաքացի, ապա այս տարի՝ 42 հազար 182 քաղաքացի: Ինչ վերաբերում է մշտական բնակչության քանակին, ապա այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 979 հազար 600 էր: Այսինքն` մեկ տարվա կտրվածքով բնակչության թվաքանակը պակասել է 10 հազար 400-ով: Միաժամանակ ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած կես տարվա ընթացքում մշտական բնակչությունը պակասել է 700-ով. 2018թ. ապրիլի 1-ին այդ թիվը 2 մլն 969 հազար 900 էր, հոկտեմբերի 1-ին՝ 2 մլն 969 հազար 200: Բայց դե, անկախ այս ամենից, ժողովրդագրական խնդիրները շարունակում են մնալ ՀՀ հիմնական մարտահրավերներից մեկը:

 

 

 

ԺԱՄԱՆԱԿ ՉԵՆ ԿՈՐՑՆՈՒՄ
Հանրության ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է ներքաղաքական խնդիրների վրա: Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ-ն պետք է, քաղաքական պայմանավորվածության համաձայն, Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրի ՀՀ վարչապետ, որից հետո Սահմանադրության համաձայն` խորհրդարանն իրավունքի ուժով ազատ կարձակվի, եւ դեկտեմբերին կանցկացվեն նոր ընտրություններ: Եւ ահա մինչ հասարակության ուշադրությունը զբաղված է արտահերթ ընտրությունների անցկացման հարցերով, հետաքրքիր զարգացումներ են ընթանում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Միջազգային հանրությունը նոր թափով ձեռնամուխ է եղել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացմանը: Այս օրերին տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, երկուշաբթի նրանք Երեւանում էին, երեկ մեկնել են Արցախ: Սա, թերեւս, պատահական չէ: Ինչպես հիշում եք, օրերս տարածաշրջանում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որ հայտարարել էր ՀՀ-ում արտահերթ ընտրություններից հետո ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վճռական քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին: Բոլթոնը շեշտել էր, որ եթե Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն ընտրություններում հաղթի, ապա վարչապետը լուրջ մանդատ կստանա վճռական քայլեր իրականացնելու համար:
Որ Փաշինյանի ղեկավարած ուժն ընտրություններում համոզիչ հաղթանակ կտանի, որեւէ մեկը, անգամ նրա քաղաքական հակառակորդները չեն կասկածում: Ու հիմա միջազգային հանրությունը, հանձինս համանախագահների, փորձում է ժամանակ չկորցնել` այս ընթացքը եւս օգտագործելով բանակցային գործընթացն առաջ մղելու, կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար, որպեսզի արդեն հաջորդ տարվա սկզբներին հնարավոր լինի կազմակերպել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:
Մինչ այդ, սակայն, ուշագրավ է արցախյան կողմի դիրքորոշումը: Երեկ Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարության հետ, եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարեւորելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը, Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին: Սա ինքնին կարեւոր հանգամանք է, եթե հաշվի առնենք փաստը, որ ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին են պնդում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչպես նախատեսված է այսօր էլ գործող միջազգային փաստաթղթերով:




Լրահոս