ԳԵՐՄԱՆԱՑԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե Հայաստանը վստահելի երկիր է հանդիսանում ներդրողների համար: Ամեն դեպքում, դեսպանը դատական համակարգի հետ կապված խնդիրներ նկատել է, սակայն հույս ունի, թե հնարավոր կլինի այդ խնդիրները կարգավորել: Դեսպանի հետ զրույցում խոսել ենք նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից սպասելիքների մասին:

-Պարո՛ն դեսպան, Դուք տեսնո՞ւմ եք փոփոխություններ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:
-Այո, իհարկե, դա նկատելի է: Ես կարծում եմ՝ այլ ոգի է տիրում, մարդիկ ավելի լավատես են դարձել ապագայի հանդեպ: Շատ բաներ արդեն կատարված են կառավարության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Դրանք անշուշտ լավ զարգացումներ են, որ մենք տեսնում ենք:
-Իսկ այժմ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հայ-գերմանական հարաբերությունները:
-Օ~, շատ լավ: Եվ շատերն այժմ պատմական են համարում մեր հարաբերությունները, եւ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել, եւ այդ ժամանակ մենք պետք է տեսնենք, թե որ ոլորտներում կարող ենք ավելին անել: Ես նկատի ունեմ, որ վերջին 25-26 տարիներին՝ Հայաստանի անկախացումից ի վեր, հարաբերությունները միշտ էլ ստացվել են, սակայն ես կարծում եմ, որ դեռ տեղ կա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար:
-Եվ այս առումով կարծում եք՝ Հայաստանն անվտա՞նգ երկիր է ներդրողների համար:
-Այո, ես կարծում եմ: Երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական անվտանգությանը, ապա Հայաստանը միշտ էլ ապահով երկիր է եղել: Խնդիրներ են եղել դատական համակարգի հետ կապված: Սակայն ես կարծում եմ, որ կառավարությունն ու իշխանություններն աշխատում են, որպեսզի այն ավելի լավը դարձնեն: Երբ դա տեղի ունենա, ապա ներդրողները եւս չեն խուսափի հարցերը դատական ճանապարհով կարգավորելու համար:
-Գերմանացի ներդրողների համար այն եւս անվտա՞նգ է:
-Իհարկե, խոսքը վերաբերում է բոլոր օտարերկրյա ներդրողներին: Ես նկատի ունեմ, որ Հայաստանը լավ հեղինակություն ունի: Կարծում եմ՝ շատ բան է արվել կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ անառողջ տնտեսական կառույցների դեմ: Դա շատ լավ է, սակայն իհարկե այն միայն առաջին քայլն է, եւ մենք կարող ենք միայն խրախուսել կառավարությանը եւ բոլորին այստեղ, որպեսզի շարունակեն գնալ այս ուղղությամբ: Եվ ապա կարծում եմ` ողջունելի է, որ գերմանական ընկերություններն ավելի հետաքրքրված են ներդրումներ կատարել նաեւ Հայաստանում:
-Հայտնի է, որ դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դուք ի՞նչ եք ակնկալում ընտրություններից հետո:
-Ես կարծում եմ՝ պարզ էր, որ սա անցումային շրջան էր կառավարության համար, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի համար, ով պետք է կենտրոնանա կարեւոր հարցերի վրա: Եթե նա ունի մեծամասնություն խորհրդարանում, ապա կարծում եմ՝ յուրաքանչյուրը կարող է կենտրոնանալ նաեւ այլ ոլորտների վրա: Ես կարծում եմ, որ տնտեսության զարգացումը հանդիսանում է ամենաառանցքային խնդիրը նաեւ պետության զարգացման համար, որը պետք է, որպեսզի լինեն ավելի լավ վարձատրվող աշխատատեղեր, եւ ապահովվի լավ ներդրումային միջավայր իհարկե ոչ միայն հայկական ընկերությունների, այլ առաջին հերթին օտարերկրյա ներդրողների համար:
-Իսկ Դուք տեսնո՞ւմ եք դրանց անհրաժեշտությունը:
-Ես կարծում եմ, որ այս պարագայում մարդիկ պետք է որոշում կայացնեն: Իհարկե, միշտ կարեւոր է ունենալ այնպիսի կառավարություն, որն ունի խորհրդարանի մեծ աջակցությունն ու վստահությունը: Դա ավելի լեգիտիմություն եւ հնարավորություն է տալիս օրենքներ ընդունելու:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆ ԱՆՁԵՐ

Ինչպես հայտնի է, մի խումբ անձինք հոկտեմբերի 26-ին «Կեցցե՛ Հայաստանը» գրությամբ պաստառներով ակցիա են իրականացրել Օպերայի հրապարակին հարակից հատվածում՝ փակելով Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաները: Համացանցում տարածվեցին մի քանի անձանց ֆեյսբուքյան նամակագրությունից հատվածներ, որոնցից պարզ դարձավ, որ ինչ-որ անձինք մոտ 20 օր շարունակ կես ժամով պետք է փակ պահեն մայրաքաղաքի որոշ փողոցներ, որի դիմաց կես ժամի համար կստանան 1000 դրամ: Այս ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Խաչատրյանի պնդմամբ` դա ոչ թե կառավարության դեմ բողոքի ակցիա է, այլ պարզապես ֆլեշմոբ:

Վերջինս ոստիկաններից մեկին ասել է, որ ինքը դեմ է հակահեղափոխությանը, բայց ուզում է, որ Փաշինյանը կատարի իր խոստումները: Հետո հարց է ուղղել ոստիկանին, թե Ձեզ դուր է գալիս արդյոք երկրի վիճակը, դուր է գալիս` ինչպես եք ապրում: Նշենք, որ Լիլիթ Խաչատրյանը բազմաթիվ կուսակցություններ փոխած եւ «Ռեֆորմիստներ» հիմնադրած Վահան Բաբայանի ղեկավարած կուսակցության անդամ է: Թեեւ կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանը հերքում է, որ ինքը որեւէ կապ ունի այս ակցիայի հետ, այնուամենայնիվ ակցիայի մասնակիցներից Ինգա Սարուխանյանի խոսքով` հենց Կարեն Վարդանյանն է իրեն գումար առաջարկել ակցիաների մասնակցելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ կասեք այն մասին, որ գումարի դիմաց ակցիաներ կազմակերպելը կապվում է Ձեր կուսակցության հետ:
-Կուսակցության հետ կապված լինելը մի քիչ չափազանցված է: Մեր կուսակցությունում կան անձեր, որոնք ունեցել են մասնակցություն: Դա իրենց իրավունքն է: Կուսակցությունը այդ ակցիայի հետ կապ չունի:
-Դուք նորմա՞լ եք ընդունում այն, որ այս ակցիային մասնակցողներին գումար է բաժանվել, եւ նրանց մեջ եղել են Ձեր կուսակիցները:
-Դե շատ բան կարող են ասել: Այսօրվա դարաշրջանում նման սքրիններ տպագրելը կամ չգիտեմ ինչեր անելը բավականին հեշտ բան է, եւ ես սքրիններ մեկնաբանելով չեմ զբաղվում:
-Այսինքն` կարծում եք այդ սքրինները իրակա՞ն չեն:
-Տեղյակ չեմ ու, ընդհանրապես, ցանկություն չունեմ էդ մակարդակի խոսակցությունների մեջ մտնել: Իրենց սահմանադրական իրավունքն է մասնակցելը: Կուսակցությունը ի՞նչ անի: Մենք նման կոչերով հանդես եկե՞լ ենք, կուսակցական լոզունգներ կամ նման բաներ եղե՞լ են այդ ակցիայի ժամանակ, որ դա մեզ հետ է կապվում:
-Այս ակցիան կապվում է ձեր փոխնախագահի հետ: Բնական չէ՞, որ եթե կուսակցության դեմքերից մեկը մասնակցում է դրան, ապա դա վերագրվում է հենց կուսակցությանը:
-Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ իրավունք ունեն մասնակցել տարբեր ակցիաների, եթե դա կուսակցական ակցիա չէ, եւ ներսում ոչինչ չի որոշվում դրա հետ կապված: Ես համենայնդեպս ներքին ժողովրդավարության կողմնակից եմ եւ երբեք չեմ բռնանա, չեմ արգելի որեւէ բան, եթե այդ ամենը բխում է մեր երկրի, մեր պետության շահերից: Ես խոսել եմ մեր փոխնախագահի հետ: Նա այնտեղ չի եղել: Այսինքն` անձամբ մասնակցություն, ես ինչքան գիտեմ, չի ունեցել: Նորմալ է, որ անհատներ կան, որոնք մասնակցել են, բայց դա մեզ հետ որեւէ կապ չունի:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՍՈՂԱՆՑՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանն իր պաշտոնավարման այս կարճ ընթացքում հասցրել է յուրացնել համայնքային բյուջեից հնարավորինս շատ գումարներ կորզելու օրենսդրական հնարավորությունները: Նա ամեն կիրակի իր անվամբ գործուղումներ է ձեւակերպում ու այդպես մեկնում է մարզի տարբեր համայնքներ: Արդյունքում մսխվում են պետբյուջեի միջոցները, որովհետեւ եթե մարզպետը աշխատում է հանգստյան օրերին, ապա դա նշանակում է՝ օրենսդրության համաձայն վարձատրվում է կրկնակի, նաեւ պետությունից լրացուցիչ բենզին է ստանում: Այդ իսկ պատճառով մարզպետը գործուղումները կազմակերպում է հենց կիրակի օրերին, այնինչ այդ ամենը նա կարող էր անել շաբաթվա մյուս աշխատանքային օրերին: Այնուամենայնիվ, նշենք, որ սրանով որեւէ օրենք չի խախտվում, եւ ամեն բան արվում է օրենքի սահմաններում: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին փորձեց պարզաբանում ստանալ մարզպետ Դավիթ Գեւորգյանից: Վերջինս չհերքեց այդ ամենը, միայն նշեց, որ մարզպետարանի աշխատանքները կազմակերպվում են միայն ՀՀ օրենսդրությանը համապատասխան, եւ մարզպետարանը չի պատրաստվում օրենքներ խախտել:

 

 

ՊԱՏՄԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից դարձնելու մեկ դրույք: Քաղաքապետ Առուշ Առուշանյանը ասել է` հետո կլուծենք, ավագանու անդամը պնդել է իր բարձրացրած հարցը, որից սկսել է վեճը: Քաղաքապետը ավագանու անդամին դուրս է հանել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին: Ըստ էության, առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կատարվածին ընթացք կտա, եւ հարուցված քրեական գործը կուղարկվի ՀՔԾ:

 

 

ԱՀԱԶԱՆԳ
Սեւանա լիճը դարձյալ կանաչել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Ծովագյուղի բնակիչներից: Նրանց պատմելով` արդեն մի քանի օր է, ինչ արեւոտ եղանակի պատճառով լիճը կանաչում է: Ըստ մասնագետների` լճի կանաչելու հիմնական պատճառներից է ոչ միայն բարձր ջերմաստիճանը, այլեւ լճում ֆոսֆորի ավելացումը, ինչպես նաեւ ջրի մակարդակի տատանումները: Հիշեցնենք, որ այս ամռան ամիսներին լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը, որը համարվում է տոքսիկ: Բայց կարծես թե ներկայիս կառավարությանը այդքան էլ չի մտահոգում Սեւանա լճի ճակատագիրը. գործնական քայլեր չեն արվում այդ իրավիճակը շտկելու համար:




Լրահոս