Երեկ Հայաստան է ժամանել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն: Նա այսօր Երեւանում մասնակցելու է «Նոր Հայաստանի Սահմանադրությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին, որը տեղի կունենա Սահմանադրական դատարանում: Մինչ այդ, սակայն, Բուքիքիոն հասցրել է բազմաթիվ հանդիպումներ ունենալ:
Մասնավորապես, երեկ նա հանդիպել է Բարձրագույն խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, ապա ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, վարչապետի լրատվական ծառայության հրապարակած պաշտոնական հաղորդագրության տեքստում նշված է, թե վերջինս ողջունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը եւ նշել, որ կարեւորում են դրանցով նախատեսված փոփոխությունները: «Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախանշված բարեփոխումները, որոնք միտված են քվեարկության իրավունքի իրականացմանը, դիտորդների իրավունքների պաշտպանությանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին, ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացմանը եւ այլն: Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ընտրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում հաջողությամբ կիրականացվի», – նշված է հաղորդագրության մեջ:
Սակայն հետաքրքիր է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Հայաստան է ժամանել խորհրդարանի լուծարման նախօրեին, իսկ այսօր տեղի ունենալիք համաժողովն էլ համընկնում է վարչապետի հարցի ընտրության, ավելի ճիշտ` չընտրության հետ: Ինչեւէ, այսօր տեղի ունենալիք համաժողովից հետո Բուքիքիոն հանդիպումներ կունենա նաեւ քաղաքական ուժերի հետ: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականները շատ լուրջ են տրամադրված եւ նպատակ ունեն հակադարձումներ ներկայացնել օրեր առաջ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, երեկ էլ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետներին: Եվ ամեն պարագայում ՀՀԿ-ի փաստարկները նույնն են լինելու. այսպիսի փոփոխություններ հապճեպ չեն բերում, հավասար հնարավորություններ չեն թողել, կոնսենսուս չկա եւ այլն: Իսկ ահա մյուս կողմն էլ` ի դեմս ՔՊ-ի կամ ներիշխանական պատգամավորների, փորձելու են Բուքիքիոյին համոզել, թե ի վերջո ինչու չսպասեցին մինչեւ մայիս, եւ որքանով էին հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ամեն դեպքում նրանք փորձելու են ՀՀԿ-ի քայլը հակաժողովրդավարական եւ հակահեղափոխական որակել: Եվ այս պարագայում ամենադժվար գործը հենց Վենետիկի հանձնաժողովի նախագահինն է, ով պետք է որոշի` ում վստահել եւ հավատալ:
Առհասարակ, այս այցին ամենից շատ հենց ՀՀԿ-ականներն են սպասել, ովքեր վերջին ամիսներին կառավարությանը, նոր իշխանություններին հենց Վենետիկի հանձնաժողովով էին «վախեցնում»: Եվ նրանք որպես փաստարկ հենց Վենետիկի հանձնաժողովի հայտարարություններն էին վկայակոչում, թե չի կարելի նոր օրենսգրքի ընդունումից մեկ ամիս անց ընտրություն անել: Ընդ որում, նրանք բազմիցս նշել էին` եթե ընտրություններն անցնեին նոր օրենսգրքով, ապա բոլոր եվրոպական կառույցներում ՀՀ-ն խնդիր էր ունենալու: Սակայն հետաքրքիր է, որ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջերս ավելի շատ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը սատարող հայտարարություններ է անում: Մասնավորապես, օրենսգրքի տապալման օրը նա նշել էր. «Ցավալի է, քանի որ փոփոխությունների այդ փաթեթը դրական գնահատական էր ստացել նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի կողմից։ Որոշ փոփոխություններ ներկայացնում էին նաեւ այն փոփոխությունները, որոնք առաջարկվել էին Եվրախորհրդի կողմից։ Այնպես որ, մենք կարծում ենք՝ Հայաստանը կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը»:
Եվ այս իրավիճակում հետաքրքիր է` ինչ փաստարկներով եւ ինչ մթնոլորտում տեղի կունենան հանդիպումները, եւ որքանով եվրոպացիների վրա կազդեն ՀՀԿ-ականների կոկորդիլոսի արցունքները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՖԻՆՆԱԽԸ ՁԵՎԱՓՈԽԵԼՈ՞Ւ ԵՆ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը փորձում է անել ամեն ինչ քաղաքական ղեկավարությանը համոզելու, որ ՊԵԿ-ը վերստին միացվի ֆինանսների նախարարությանը: Սա, թերեւս, պատահական չէ, քանի որ 2016թ. եղել է ՊԵԿ առաջին փոխնախագահ: Ըստ մեր աղբյուրների` եթե այս տարբերակը չհաջողի, Բրուտյանը փորձելու է հասնել ՀՀ ֆինանսների նախարարության եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միացմանը, մանավանդ որ ՀՀ կառավարության անդամները բազմիցս հայտարարել են պետական ապարատն օպտիմալացնելու, այդ թվում՝ նախարարությունների թիվը կրճատելու մասին: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունից արձագանքելով մեր այս տեղեկություններին` հայտարարեցին, որ չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա: Մյուս կողմից` տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ, այնուամենայնիվ, ՊԵԿ-ը ֆինանսների նախարարությանը կմիանա, իսկ ղեկավար կնշանակվի Մեսրոպ Առաքելյանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի հետ, սակայն վերջինս համառորեն ո՛չ մեր նամակներին, ո՛չ զանգերին չպատասխանեց:
ՆԻՍՏԻ ՕՐԸ
Սահմանադրական դատարանն արդեն վարույթ է ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը` ԱԺ կանոնակարգ-օրենքում արված փոփոխությունների հետ կապված, եւ նշանակել առաջին նիստի օրը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատաքննությունը կսկսվի նոյեմբերի 6-ին` 10:00-ին, ընդ որում` կիրականացվի գրավոր ընթացակարգով: Որպես պատասխանող կողմ Սահմանադրական դատարանը ներգրավելու է Ազգային ժողովին: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակը ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն էր, սակայն աղմկահարույց դրույթը ներառելու հեղինակը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն է եղել եւ, ըստ էության, հենց նա էլ կլինի պատասխանող կողմը: Դատելով այս օրերին «Ծառուկյան» խմբակցության պահվածքից` չի բացառվում` Պետրոսյանն ինքն անի ամեն ինչ այդ նախագիծը ՍԴ-ում հակասահմանադրական ճանաչելու համար:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նախկին փեսացուի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, դատի է տվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ կառավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա, հոկտեմբերի 30-ին դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է անվավեր ճանաչել Երեւան Կենտրոն ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Սարգսյանի շնորհված ներման մասին մարտի 31-ի հրամանագիրը: Հիշեցնենք, որ 2012թ. սպանվել էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն, որի համար 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Հարություն Սարգսյանը:
ՉԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԻ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ Շիրակի մարզը երկրաշարժից հետո ՀՀ-ում ամենախոցելի հատվածն է: Նախարարի խոսքով` այդ տարածքում տարբեր խնդիրներ են ծագել երկրաշարժի հետեւանքով, եւ երկար տարիներ հարցերը չեն լուծվում, այդ իսկ պատճառով բազմաթիվ մարդիկ լքել են իրենց բնակավայրերը, եւ ընտանիքները մնացել են անպաշտպան: «Բազմաթիվ քաղաքացիներ տարիներ շարունակ անօթեւան են` ե՛ւ մանկատան սաները, ե՛ւ Բաքվի հայերը, կենսաթոշակառուները, եւ այդ մասով ինչ քաղաքականություն, որ վարում է նախարարությունը, վերաբերվում է բոլորին, այդ թվում եւ Բաքվի հայերին»,- ասել է Մ. Թանդիլյանը: Հարցին` արդոք նախարարությունը հարցին որեւէ լուծում առաջարկելու է, նախարարը նշել է, որ բաքվեցի անօթեւանների խնդիրը լուծվելու է անօթեւանների համընդհանուր հարցերի լուծման ներքո, նրանք չեն առանձնացվելու:
ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ն լքած Վահան Կարապետյանը, խոսելով այն մասին, թե պատրաստվում է արդյոք նախկին ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի հետ կուսակցություն բացել, ասաց, որ նման խոսակցություններին պետք է հումորով վերաբերվել: «Լյովա Խաչատրյանը կոնկրետ բան չի ասել, ուղղակի մտածում է, որ կարող է կուսակցություն բացել: Ինչ մտածել, դա էլ խոսել է: Դրան պետք է հումորով մոտենալ»,-ասել է նա: Հարցին` խնդիրները Գագիկ Ծառուկյանի հետ էին արդյոք, պատգամավորն ասել է. «Ներքին խնդիրներ էին»: Նշենք, որ Վահան Կարապետյանը դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին, քանի որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ տարաձայնություններ են եղել:Իսկ այն հարցին, թե ԲՀԿ-ի կամ ՔՊ-ի հետ է մասնակցելու ընտրություններին, նա ասել է. «Դեռ որոշում չեմ կայացրել: Ինչ որոշում էլ կայացնեմ, կլինի իմ սկզբունքների շրջանակներում»:
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՅԴ ցուցակը դեռ որոշված չէ, որոշված չէ նաեւ, թե ով է գլխավորելու «Դաշնակցության» ցուցակը: Հարցին` հնարավոր է` ցուցակում լինեն անակնկալ անուններ, Ռուստամյանը պատասխանել է, որ անակնկալներով լի է կյանքը: «Այո, կարող են նաեւ այդպիսի անակնկալներ լինել»,-ասել է նա: «Դեկտեմբերը բերեց նրան, որ ունենալու ենք երկու ելք, որոնցից երկուսն էլ նորմալ չեն մեր երկրի համար: Առաջինը` չի ընդունվում, ունենում ենք հինը, որը լավ չի, երկրորդ` ընդունում ենք, ունենում ենք մեկ ամիս ամենաշատը ժամանակ նոր ընտրություններ անցկացնել նոր ընդունված ԸՕ-ով, որը նույնպես լավ չէ. հենց սկզբից էլ մենք սրա մասին ասել ենք»,- նկատել է նա:
ԼՔԵԼ Է
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հեռանում է կուսակցությունից եւ միանում Փաշինյանի թիմին։ Նա իր քայլը մեկնաբանել է ԼՀԿ-ի գործելաոճի հետ քաղաքական անհամաձայնություններով:
ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից եւ հանձնել առանձնատան բանալիները: Ըստ Ս. Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի` նա բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:
ԱՐՑԱԽԻ ՄԻՊ
Արցախի Հանրապետության խորհրդարանը 29 կողմ ձայնով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Արտակ Բեգլարյանին: Նշենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռուբեն Մելիքյանը, որը սեփական դիմումի համաձայն ազատվել էր ՄԻՊ-ի պաշտոնից: 2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով` ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի` դեպարտամենտի ու քարտուղարության: Փետրվարի 5-ին Ռուբեն Մելիքյանի հրամանով` Արտակ Բեգլարյանը նշանակվել էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: