Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ չկար:
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չունի, այն բացառապես մարդասիրական ակտ է եւ կիրառվելու է 660 դատապարտյալի նկատմամբ, որոնցից 270-ն ուղղակիորեն կազատվի պատժի կրումից:
Ազգային ժողովում Արդարադատության նախարարը, անդրադառնալով նախագծին, ասաց, որ Համաներման ակտով բացառվում է համաներման կիրառումը առանձնապես ծանր ռեցիդիվի նկատմամբ. «Փաստորեն, իրավիճակն այնպիսին է, որ այդ անձինք երկու անգամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելուց հետո կրկին հանցագործություն են կատարել եւ այդ կատեգորիայի մեջ են հայտնվել: Մի քանի անգամ նրանք հնարավորություն են ունեցել չհայտնվելու բանտում, բայց հայտնվել են, եւ նրանց նկատմամբ հիմա համաներում չի կիրառվում: Մենք փորձել ենք հավասարակշռել այս ամենը, անշուշտ, ստացվել է, թե չի ստացվել, կկարողանանք գնահատել ամիսներ, տարիներ հետո: Բոլոր դեպքերում, մեր ցանկությունը դրական է, իսկ թե դա կյանքում ինչպես պիտի դրսեւորվի, դրա ուղղությամբ պիտի աշխատենք բոլորս, որպեսզի մենք սխալված չլինենք»:
Անդրադառնալով հարցին` արդյոք համաներման շահառուների քանակը, որն անցնում է 6500-ի սահմանը, հետագայում խնդիրներ չեն առաջացնելու իրավապահ համակարգի համար, քանի որ կլինեն անձինք, ովքեր կրկնահանցագործություն կկատարեն` Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախկին համաներումների վերաբերյալ վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ համաներման ակտից հետո կրկնահանցագործություն կատարելու ցուցանիշները շատ մեծ չեն:
Ինչեւէ, մինչ Ազգային ժողովը պատրաստվում է համաներման նախագծի երկրորդ ընթերցմանը, նախաքննական մարմիները եւ փաստաբանները ահազանգում են, որպեսզի համաներման նախագծում շատ կարեւոր մեկ կետ ավելացնեն, որը իրենց համար այս օրերին դարձել է պատուհաս: Այսպիսով, գրեթե բոլոր նախաքննական մարմինների քննիչները նշում են, որ հեղափոխությունից հետո հաճախ է ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվել, որ պետական միջոցներից յուրացումներ կատարելու համար մեղադրվող անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եթե այդ յուրացված գումարը կամովին փոխհատուցվի պետական բյուջե:
Սակայն հարկ է նշել, որ ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերը որեւէ հնարավորություն չեն ընձեռում կարճել առանձնապես խոշոր չափերով յուրացման վերաբերյալ գործերը, ուստի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, որ յուրացված գումարը կամովին վերականգնելուց հետո քրեական հետապնդման մարմինները ցանկանում եմ կարճել քրեական գործը, սակայն որեւէ իրավական հնարավորություն չունեն:
Ուստի նախաքննական մարմնի ներկայացուցիչները ահազանգում են` նշելով, որ քաղաքական իշխանությունը չպետք է բաց թողնի այս բացառիկ հնարավորությունը, եւ համաներման ակտում պետք է հատուկ կետով առանձին կարգավորում տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ եւ նախատեսվի, որ այս հոդվածով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել, եւ քրեական գործը ենթակա է կարճման, կամ էլ անձը ենթակա է ազատման պատժի կրումից, եթե փոխհատուցել է պատճառված նյութական վնասը:
«Ժողովուրդ» օրաթերթը նախաքննական մարմնի ղեկավարների, ինչպես նաեւ փաստաբանների այս բարձրաձայնման մասով դիմեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, թե նա չի պատրաստվում արդյոք համաներման նախագծում այս մասով եւս կոնկրետ կետ ավելացնել, որպեսզի այս գործով անցնող անձանց վրա համաներումը տարածվի: Ի պատասխան` նախարարն ասաց. «Քննարկելու ենք, փորձելու ենք գտնել լուծումներ»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
1300 ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐ` 13 ՄԼՆ ԴՐԱՄ
Հուլիսի 14-ին ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու համար: ՀՔԾ-ում քննվող քրեական գործով պարզվել էր, որ գյուղապետը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք է բաժանել: 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում, լինելով ԱԺ պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար, նրա օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինից ստացել է 13 մլն դրամ եւ այն 10.000-ական դրամներով բաժանել ընտրողներին:
Եվ քանի որ թեկնածուն ընդամենը 800 ձայն է ստացել, պայմանավորվածության համաձայն` նրան է վերադարձրել չստացած 500 ձայնի դիմաց վերցրած 5 մլն դրամը:
Հատուկ քննչական ծառայությունը դատարանին միջնորդել է գյուղապետ Մհեր Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել էր, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին կաշառք տվող պատգամավորը «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանն է եղել:
ՀՔԾ բացահայտումից անցել է 3 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը նախաքննական մարմնից` ՀՔԾ-ից, հետաքրքրվեց թե ինչ փուլում է գտնվում այս գործը: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է:
Սակայն նկատենք, որ աղմուկից հետո նախաքննական մարմինը այս գործով դեռեւս ոչինչ չի արել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը անգամ ծանուցում չի ուղարկել Աշոտ Արսենյանին նրան հարցաքննության հրավիրելու համար: Ուստի այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Արսենյանին հարցաքննության հրավիրելու հարցում նախաքննական մարմինն անգործություն է ցուցաբերում. ի վերջո, պատգամավորին որպես վկա հարցաքննելու հարցում չկա որեւէ խոչընդոտ: Խնդիր է, քանի որ երբ նրան մեղադրանք է առաջադրվում, անհրաժեշտ է ԱԺ-ի համաձայնությունը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ պատգամավորը իր մտերիմ շրջապատում ասել է, որ ինքը որեւէ մեկին գումար չի տվել, եւ նման բան չկա եւ, առհասարակ, իրեն էլ իրավապահները չեն կանչել հարցաքննել, որ ինքը հերքի այդ տեղեկությունները, որի մեջ իբր ցանկանում են իրեն մեղադրել: Արդյոք ԱԺ պատգամավորի պնդումները ճիշտ են, ցույց կտա ժամանակը, սակայն փաստ է մեկ բան, որ վերջինիս դեռեւս հարցաքննության չեն կանչել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԿԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, նախկինում այս գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին:
Երեկ ՀՔԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ նա կազմակերպել է ապացույցների կեղծում: «Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու եւ տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաեւ իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որեւէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները»: ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ Հարությունյանը «կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված եւ վերցված ապացույցների կեղծելը»: Հաղորդագրության համաձայն` «Քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վ. Հ.-ն եւ քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին եւ հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի եւ տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին: Վերջիններս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի եւ տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հանձնվել քննիչին: Այնուհետեւ պարկուճները տրամադրվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին»: Այդ կեղծ ապացույցները 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել են քրեական գործին: Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ա. Գ.