Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը կարծես թե հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ: Նրանք նույնիսկ խոսում են խորհրդարանում երկրորդ ուժը լինելու մասին:
Եվ չնայած ներկայիս իշխանությունները պնդում են, թե հատկապես գործող օրենսգրքի պարագայում ոչ ոք չի համաձայնի ՀՀԿ-ի համար վարկանիշային թեկնածու լինել եւ ձայներ բերել, սակայն նրանք այժմ այնպիսի մարդկանց են փորձում ներգրավել, որոնք կկարողանան տեղերում քիչ թե շատ ձայներ բերել: Իհարկե, նրանք մեծ թվերի հույսեր չունեն, սակայն վստահ են, որ եղած ռեսուրսով եւ մինչեւ դեկտեմբեր տեղի ունեցող գործընթացների ֆոնին կլինեն տեղեր, որտեղ Նիկոլ Փաշինյանի թիմին շատ ձայն չեն տա:
Հնարավոր թեկնածուներ քննարկելիս ՀՀԿ-ում առաջին հերթին բացառել են Շիրակի մարզից ձայներ ստանալու տարբերակը: Գաղտնիք չէ, որ այս մարզը ՀՀԿ-ի իշխանության տարիներին միշտ էլ ընդդիմադիր է եղել եւ այն էլ այս պարագայում այս մարզից ձայներ ստանալու տարբերակը ՀՀԿ-ականներն աբսուրդի ժանրից են համարում: Իսկ այս մարզից ընտրված ռեյտինգային թեկնածուները ՀՀԿ-ի հետ չեն: Փոխարենը կան մարզեր, որտեղից ՀՀԿ-ականները հույսեր ունեն եւ արդեն թեկնածուների անուններ են շրջանառում:
Օրինակ` Լոռու մարզում որպես ՀՀԿ-ի հավանական վարկանիշային թեկնածուներ շրջանառվում են նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արկադի Համբարձումյանի եւ նաեւ նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի անունները: ՀՀԿ-ում հույս ունեն, որ այս մարդիկ կկարողանան առանձին վայրերում ձայներ ապահովել. օրինակ Հովհաննես Սահակյանը` Սպիտակում, Վահրամ Բաղդասարյանը` Վանաձորում: Այլ հարց է, թե որքանով այս պարագայում նրանք կցանկանան կրկին ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել նրանց հետ.
Հովհաննես Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու առաջարկ ստացե՞լ եք ՀՀԿ-ի կողմից:
-Որտեղի՞ց նման տեղեկություն: Նման խոսակցություն երբեք չի եղել: Ինձ հետ ոչ մեկը չի խոսել այդ մասին: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ:
-Սպասո՞ւմ եք նման առաջարկի:
-Եթե սենց լինի, բա որ սենց լինի: Եկեք այդ եթե-ները թողնենք մի կողմ: Այսօր վարչապետի երկրորդ առաջադրումն է: Ընտրությունների ժամանակացույցը պարզ կլինի, նոր մնացածը կորոշենք:
-Այնուամենայնիվ, եթե նման առաջարկ լինի, կընդունե՞ք:
-Այնքան բան ունեմ մտածելու: Եթե-ներով հարցերի մասին չեմ ուզում մտածել: Երբ որ կլինի, կորոշեմ: Խոստանում եմ` հենց առաջարկ լինի, առաջինը Ձեզ եմ զանգահարելու, որ տեղեկացնեմ:
Գեղարքունիքի մարզում եւս թեկնածուների մի քանի անուններ են շրջանառվում: Նրանց թվում են գործող պատգամավորներ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ), Ռաֆիկ Գրիգորյանը եւ նախկին մարզպետ Կարեն Բոթոյանը: Չնայած այժմ խորհրդարանում Արագածոտնի մարզից պատգամավոր է դարձել Նաիրի Սահակյանը, սակայն ՀՀԿ-ն այժմ քննարկում է որպես ռեյտինգային թեկնածու առաջադրել ոչ թե նրան, այլ եղբորը` նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին: Վերջինս նաեւ հանդիսանում է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը:
Սարգիս Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, տեղեկություններ կան այն մասին, որ ՀՀԿ-ից առաջարկ է եղել լինել իրենց ռեյտինգային ցուցակում: Կա՞ նման բան:
-Չկա նման բան, սուտ է: Ո՛չ առաջարկ է եղել, ո՛չ քննարկում այդ մասին:
-Եթե նման առաջարկ լինի, կընդունե՞ք:
-Չեմ կարծում, որ կընդունեմ:
Թեպետ Սարգիս Սահակյանը չունի տրամադրվածություն ընդունելու Հանրապետական կուսակցության առաջարկը, այնուամենայնիվ հարկ է նշել, որ կուսակցությունը ամենամեծ հույսերը կապում է հենց նրա հետ:
Նշենք, որ չի բացառվում, որ ՀՀԿ-ն հույսեր ունի, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանին աջակցող եւ արտահերթ ընտրություններին կողմ հանդես եկող պատգամավորներից մի քանիսը եւս, ամեն դեպքում, կվերադառնան իրենց շարքերը: Չի բացառվում նաեւ նոր ու թարմ կադրերի ներգրավումը, սակայն, ամեն դեպքում, ՀՀԿ-ն ապավինում է փորձառու, բայց ոչ այնքան վարկաբեկված կադրերին: Հնարավոր է նաեւ, որ արդեն փորձառու կադրերը չառաջադրվեն, բայց իրենց ստվերային աջակցությունը ցուցաբերեն նորերին եւ իրենց հնարավորությունները օգտագործելով` անցկացնեն նրանց: Ցուցակներում կլինեն նաեւ այնպիսի վարկանիշային թեկնածուներ, ովքեր մասնակցել են նաեւ նախորդ խորհրդարանական ընտրություններին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել խորհրդարանում: Իսկ ավանդաբար ծանր հրետանի հանդիսացող ՀՀԿ-ականները կլինեն միայն համամասնական ցուցակներում: Միայն թե, իսկապես, հետաքրքիր է՝ առանց ընտրակաշառքի, քրեական տարրերի ճնշումների, արդյոք կգտնվեն բավարար թվով մարդիկ, որ ՀՀԿ-ական թեկնածուներին ձայն տան: Մի տեսակ այս հեռանկարը շատ մշուշոտ է երեւում:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ԸՆԿԵՐՈ՞Ջ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ
Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենների եւ տեղակալների աշխատավարձը բարձրացել է:
Տեղեկացնենք, որ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենը Մհեր Դավիդյանցն է: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ մեծ արագությամբ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում էլ հաղթել է մրցույթը: Հիշեցնենք, որ հիվանդանոցի երկարամյա տնօրեն, գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո այս պաշտոնին հավակնում էր Ասոյանի որդին` Վիգեն Ասոյանը, ինչին դեմ էր Թորոսյանը` հայտարարելով, որ սկզբունքորեն անընդունելի է համարում ժառանգաբար պաշտոնների փոխանցումը:
Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ:
-Պարո՛ն Դավիդյանց, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տնօրենի տեղակալի հաստիքը կրճատել եք եւ 3 նոր հաստիք եք բացել` տնօրենի խորհրդատու ֆինանսական գծով, տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով եւ տնտեսվար: Ավելին` արդեն իսկ նախարարության կողմից հաստատվել է հաստիքացուցակը:
-Այո, նման փոփոխությունները առողջապահության նախարարության կողմից է առաջարկվել: Բայց կրճատում չի եղել, այլ տնօրենի տեղակալի հաստիքն է փոփոխության ենթարկվել, անվանումն է փոխվել` դառնալով ֆինանսատնտեսական գծով տեղակալ: Ոչ թե երեք, այլ երկու հաստիք է ավելացել:
-Փոփոխե՞լ եք աշխատավարձի չափերը. օրինակ` տնօրենինը 350 հզ. դրամից բարձրացվել է` հասցնելով 750 հզ. դրամի:
-Ես չեմ փոփոխել: Դա փոփոխվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից…
-Բայց 350 հազար դրամից դարձե՞լ է 750 հազար դրամ…
-750 հազար դրամ չէ, այլ 710 հազար դրամ:
-Այդ դեպքում տեղակալների աշխատավարձերը որքա՞ն են կազմում:
-Նույնպես բարձրացվել է համապատասխան չափով:
-Համապատասխան չափը ո՞րն է…
-Դարձել է 540 հազար դրամ:
-Ի՞նչ հիմնավորմամբ է աշխատավարձը բարձրացել: Ինչ է, նոր ղեկավարությունն ավելի շատ է աշխատո՞ւմ, քան նախո՞րդը:
-Դա նախարարի որոշմամբ է բարձրացվել: Որքան ես տեղյակ եմ, բոլոր բուժհաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվել են:
-Կոռուպցիոն ռիսկերից խուսափելո՞ւ նպատակով…
-Այո, ապրեք, ես գիտեմ` մոտավորապես մոտիվացիան դա է:
-Ճի՞շտ է արդյոք, որ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել ֆինանսական խորհրդատուի կնոջ ընկերության հետ:
-Ոչ, նման բան գոյություն չունի: Նման կապ չկա: Ֆինանսատնտեսական գծով փոխտնօրենի հաստիքը թափուր է, եւ նման կապ չկա:
-Պարո՛ն Դավիդյանց, վերահսկողական ծառայությունը Ձեր ղեկավարած կառույցում ստուգումներ իրականացրե՞լ է, թե՞ ոչ:
-Այս պահին` ոչ: Իմ նշանակումից հետո էլ չի իրականացվել:
-Այդ դեպքում ո՞ր պետական հիմնարկն է Ձեզ մոտ ստուգումներ իրականացրել:
-ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նոր է ավարտել ստուգումները: Առողջապահական պետական գործակալությունն է իրականացրել ընթացիկ ստուգումներ:
-Չարաշահումներ հայտնաբերվե՞լ են:
-Համենայնդեպս, իրենց կազմած եզրակացություններով` ոչ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ
Վրաստանի հետ ՀՀ պետականի սահմանի պահպանությունն իրականացնում են ՀՀ ազգային անվտանգության ենթակայության տակ գտնվող սահմանապահ զորքերի զինծառայողները: Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանի մի զգալի հատված Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում է: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման միակ տեղը Նոյեմբերյանի տարածաշրջանում է, Կողբ գյուղի Ղիասի քար կոչվող տեղամասում, որտեղ գործում է ՀՀ մտնող բնական գազի կոմպրեսորային կայան: Վրաստանի սահմանը հսկող սահմանապահ զինծառայողներից շատերը, գործի ընդունվելով, 1-2 ամսից ինքնակամ ազատվում են ծառայությունից: Իսկ ո՞րն է պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանցից մեկը պատմեց, որ սահմանապահ շարքային զինծառայողի աշխատավարձը բարձր չէ` 130 հազար դրամ: Ցածր աշխատավարձից բացի՝ խնդիր են նաեւ ծառայության պայմանները: Վրաստանի հետ Նոյեմբերյանի սահմանագոտին ձգվում է սարերի գլխով կամ Դեբեդ գետի ափով: Սարերի գլխին ամռանը ուժեղ քամիներ են, որոնք ձմռանն ուղղակի անտանելի են դառնում: Դեբեդ գետի հոսքն իր հետ օդի սառը հոսանք է բերում: Հայ սահմանապահները, ոտքով քայլելով, հսկում են հայ-վրացական պետական սահմանը: Ի տարբերություն հայ սահմանապահների` Վրաստանի սահմանապահները ձմռանը չեն մրսում, քանզի Հայաստանի հետ սահմանը հսկում են «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաներով, որը Վրաստանի սահմանապահներին նվիրել է ԱՄՆ կառավարությունը:
ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Հոկտեմբերի 24-ին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ինտերնետային կայքում տեղադրվել է տեսանյութ այն մասին, որ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ծանոթացել է ՀՀ-ում ճանապարհների շինարարության ընթացքին: Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ: Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող 38,5 կմ ճանապարհահատվածում, որի հիմնանորոգումն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով, շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Ասֆալտապատումն արված է, ընթանում են ճանապարհի կահավորման եւ անվտանգության էլեմենտների տեղադրման աշխատանքներ: Վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապեդներ եւ արգելապատնեշներ, կատարվել են հենապատերի վերանորոգման եւ կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման եւ վերակառուցման աշխատանքներ: Կառուցվել ու հիմնանորոգվել են ճանապարհահատվածի 3 թունելներն ու կամուրջները: Նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ այդ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերի վերջին: Սակայն չի պարզաբանել, թե ինչու է հերթական անգամ հետաձգվել ժամկետը, որ կազմակերպություններն են մեղավոր եւ արդյոք պատասխանատվություն են կրելու:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ