ՀՀ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց. երեկ, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետ, եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` արձակվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին հրամանագիրը: Գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը չուներ լեգիտիմություն, այն ձեւավորվել էր համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում: Իսկ արդեն այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանը ոչ միայն չէր արտացոլում հասարակական տրամադրությունները, այլեւ ստեղծվել էր սահմանադրական ճգնաժամ, երբ խորհրդարանում վերացել էր սահմանադրությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը: ՈՒստի այդ իրավիճակում ԱԺ արձակումն այլընտրանք չուներ:
Միայն թե նկատենք` ԱԺ արձակումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ, ընդհանրապես, երկրի համար վտանգները չեն վերացել: Արձակված խորհրդարանը շարունակելու է պահպանել բոլոր լիազորությունները մինչեւ նոր ԱԺ ձեւավորումը: Եւ այս իրավիճակում մեծ է վտանգը, որ թվաքանակով դեռեւս ամենամեծ խմբակցությունը համարվող ՀՀԿ-ն կոալիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին Փաշինյանի կառավարության գործունեությունը խոչընդոտելու համար սկսեն ամենատարբեր օրենքներ ընդունել` արհեստականորեն լարելով իրավիճակը: Ի վերջո, նրանք այլեւս կորցնելու որեւէ բան չունեն: Հուսանք` ՀՀԿ-ն այս ընթացքում չի ընկնի որեւէ մեկի ազդեցության տակ ու չի փորձի նման բաներ անել, այլ կգերադասի արժանապատիվ կեցվածքով իշխանությունից հեռանալը:
Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որեւէ պաշտոն եւ, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Նա պարզապես օգտագործելու է իր հեղինակությունը կուսակցության համար տպավորիչ ձայներ ապահովելու: Այս անգամ ԲՀԿ ցուցակի անակնկալը թերեւս կլինի այն, որ ԲՀԿ-ի քաղաքական թեւը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը չի լինելու ընտրական ցուցակներում: Պատճառների մասին երկու կողմերն էլ լռում են: Միայն թե նկատենք՝ ԲՀԿ-ն առանց իր քաղաքական թեւի ներկայացուցչի, ըստ էության, անընկալելի կլինի: Այս իմաստով անչափ հետաքրքիր է, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի ցուցակներում, որոնք կկարողանան փոխարինել կուսակցության ծանր հրետանի հանդիսացող Նաիրա Զոհրաբյանին:
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում դաշինք կազմեց «Առաքելություն» կուսակցության հետ` անվանելով այն «Իմ քայլը»: Նրանք այս դաշինքով մասնակցելու են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին: Միաժամանակ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները «Լույս» անվանումով դաշինք էին կազմել: Արդյոք նրանք եւս ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցե՞ն նույն այդ ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԼՀԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակ պատասխան չի տվել: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դա դեռ քննարկման փուլում է: Այս պահին կոռեկտ չի լինի: Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ»,- ասել է նա:
ՀՀ դատավորների եւ նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջեւ կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը: Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ դիմել է նախագահին. «ԲԴԽ-ն ցանկանում էր մայրության արձակուրդը մեկնաբանել յուրովի, որը, սակայն, իրենց մոտ չստացվեց, եւ ես դրա դեմ պայքարեցի, բայց ԲԴԽ-ն չի ցանկանում հանձնվել եւ ուզում է շարունակել իր ապօրինությունները: Հիմա դրա կապակցությամբ ընդունել են մեկ այլ որոշում, որով նախատեսում են դատավորների նշանակման կամավորության սկզբունքով կարգ, որը հակասում է օրենքին»,- ասել է դատավորը: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲՅՈՒՋԵ
ԱԺ մշտական հանձնաժողովներում երեկվանից սկսվել են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Միայն թե այդ քննարկումներն ընթանալու են միանգամայն տարօրինակ իրավիճակում. ՀՀ գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը քննարկելու եւ քվեարկելու է երեկվանից իրավունքի ուժով արձակված խորհրդարանը: ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ ԱԺ-ն արձակվելուց հետո պահպանելու է լիազորությունները, մինչեւ կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, եւ կձեւավորվի նոր խորհրդարան: Ու քանի դեռ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները հիմնականում ՀՀԿ-ականներ են, դժվար չէ կռահել՝ ինչպիսի մթնոլորտում են անցնելու բյուջեի նախագծի քննարկումները: Երեկ առաջին ծիծեռնակն էր. կառավարությանն ու բյուջեի նախագիծը քննադատելու գործառույթն իր վրա էր վերցրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանը, որի բերած փաստարկները, մեղմ ասած, զավեշտի ժանրից էին:
Նա հայտարարեց, թե կառավարության գործունեության ծրագրում ամրագրել են, որ հեղափոխությունը տնտեսական եւ ներդրումային դրական սպասումներ է առաջացրել, սակայն պատկերը հիմա այլ է: Նա մի քանի ցուցանիշ մեջբերելուց հետո հայտարարել է, թե ներդրումների ամբողջ տարեկան աճը երկու անգամ նվազ է առաջին կիսամյակում գրանցված ցուցանիշից: «Աճի տեմպերի նվազում առկա է նաեւ ՀՆԱ-ի իրական աճի պարագայում: Եթե նախորդ տարի արձանագրվել է 7.5 տոկոս աճ, այս տարի ակնկալվում է 6.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 4.9 տոկոս: Դրանք համահունչ չեն կառավարության գործունեության ծրագրին»,- հայտարարել է Մինասյանը:
Ցանկացած բանական մարդու համար էլ պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չէր կարող տնտեսությունում անմիջապես փոխել իրավիճակը, եւ տնտեսության վրա հեղափոխության դրական ադեցությունը տեսնելու համար պետք է որոշակի ժամանակ: Բայց ՀՀԿ-ականների համար նման փաստարկները կարեւոր չեն: Նրանք խնդիր ունեն շահարկելու ցանկացած հարց: Միայն թե տնտեսական աճի տեմպերի նվազեցման մասին ՀՀԿ-ականները խոսում են այն դեպքում, երբ իրենց իշխանավարման տարիներին սոսկալի անկում է արձանագրվել, ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ տնտեսությունը ավիրվել էր, այլակերպվել, եւ նոր կառավարությանը դեռ երկար ժամանակ կպահանջվի այն ոտքի կանգնեցնելու համար: Եւ այն ժամանակ Գագիկ Մինասյանը չէր խոսում իրենց խոստացած ու չապահոված ծրագրերից, այլ փորձում էր զանազան արդարացումներ մոգոնել: Մինչդեռ հիմա նա այլ կերպ է վարվում: