Գաղտնիք չէ, որ այս օրերին դեկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը հնարավոր ընտրացուցակներ են կազմում, բանակցում գործիչների հետ, որպեսզի հասկանան, թե ովքեր կարող են ընդգրկվել դրանցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անդամների հետ վերջին շրջանում հանդիպումների «հերթ» է գոյացել: Ասել է թե՝ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու ցանկություն ունեցողները շատ են, մերժվողները՝ առավել եւս:
Կհարցնեք ինչպե՞ս: Փորձենք բացատրել: Կհիշեք, որ շատ ուժեր համաժողովրդական շարժման ընթացքում մշտապես քննադատում էին Փաշինյանին մարդկանց փողոց հանելու եւ նրանց պարտության տանելու համար: Սակայն արդեն թավշյա հեղափոխության օրերին, գիտակցելով, որ հաղթանակը մոտ է, սկսեցին տրամագծորեն այլ հայտարարություններ անել, քծնել Նիկոլ Փաշինյանին, գնալ հրապարակ, ձեւացնել, թե պայքարում են առաջին օրվանից եւ այլն: Հիմա այդ մարդիկ հավակնում են տեղեր զբաղեցնել ՔՊ-ի անցողիկ ցուցակում: Ընդ որում՝ նման ցանկություն ունեցողները ե՛ւ անհատներ են, ե՛ւ հավաքական կերպարներ:
Եւ հիմա ով ինչպես կարող է, «ծանոթներ» է փնտրում ՔՊ-ի ներսում, որպեսզի որեւէ կերպ իրեն մատուցի՝ որպես անփոխարինելի թեկնածուի, որը կարող է օգուտ տալ կուսակցությանը: Այս իրավիճակի վրա էականորեն ազդեցություն ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալման գործընթացը: Բանն այն է, որ այժմ ընտրությունները անցնելու են վարկանիշային ընտրացուցակներով, ինչը նշանակում է, որ ամեն ընտրատարածքում 2-3 ներկայացուցիչ պետք է ունենա կուսակցությունը, որոնք իրենց դեմքով կուսակցության համար պետք է ձայներ հավաքեն: Եւ այս իմաստով իրապես նաեւ ՔՊ-ն ունի հեղինակություն ունեցող մարդկանց կարիք: Հեղինակություն բառի ուղիղ իմաստով, քանի որ մյուս բոլոր մանդատացավով տառապողները ցանկանում են թաքնվել Նիկոլ Փաշինյանի հեղինակության տակ եւ դառնալ պատգամավոր:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակության տակ թաքնվելու գաղտնի ձգտումներ ունեն նաեւ մի շարք հին ու նոր կուսակցություններ: Մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, ունեն անունով կուսակցություն կամ նոր են բացել այդպիսի մի կառույց, հիմա ձգտում են որեւէ կերպ տեղավորվել ՔՊ վագոններից մեկում, որպեսզի քաղաքական արեւի տակ իրենց տեղը պահեն:
Իսկ ՔՊ-ում պարբերաբար տեղի ունեցող քննարկումների ընթացքում ջանում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ երիտասարդ, բայց հայտնի ու գործունյա մարդիկ ներգրավվեն ընտրացուցակում, ունենան լավ կրթություն եւ այլն: Իհարկե, սա չի նշանակում, որ առաջիկայում այնպիսի ընտրացուցակ է հրապարակվելու, որ կլինի անթերի եւ միայն ոգեւորող անունների շարան: Բայց գոնե այն ձգտումը, որ այսօր նկատելի է ՔՊ-ի ներսում, արդեն գովելի է, սթափեցնող: Երեւում է՝ երիտասարդ կադրերով երկիրը ողողելու եւ մեծերին թոշակի ուղարկելու ի սկզբանե որդեգրված քաղաքականության անպտղությունը զգացել են նաեւ հեղափոխական ճանապարհով իշխանության եկածները: Իսկապես տարանջատումները շատ մեծ են: Նկատվել է ՔՊ-ում, որ երիտասարդները արագ հղփանալու եւ իրենց ունեցած իշխանությունից հարբելու հակումներ ունեն, դրա համար էլ եկել է նրանց կամաց-կամաց «օդերից իջեցնելու» ժամանակը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի մերձավոր թիմակիցները մի առիթով առավել ընդգրկուն կազմով քննարկումների ժամանակ բացատրել են բոլորին, թե ինչպես եղավ, որ հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի կոչով մոտ 100 հազար մարդ դուրս եկավ փողոց մեկ ժամում, իսկ դրանից հետո Փաշինյանի կողմնակիցները երբ հանդես եկան այդպիսի հայտարարությամբ, փոքրաթիվ քաղաքացիներ հավաքվեցին ԱԺ այգում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այն խնդրին, որ նախկին կառավարության անդամները խուսափում են լրագրողների հետ շփումներից եւ կառավարության նիստերից հետո շենքից դուրս են եկել, փախել ետնամուտքով: Չնայած նախկին վարչապետները՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, մշտապես հորդորում էին կառավարության անդամներին ավելի հասանելի լինել լրագրողների համար, սակայն ապարդյուն: Ենթադրվում էր, որ թավշյա հեղափոխությունից հետո երկրում պետք է նաեւ իրավիճակ փոխվի այդ հարցի հետ կապված եւս, այնինչ հիմա էլ կան նախարարներ, ովքեր ուղղակիորեն խուսափում են լրագրողների հետ շփումներից: Մասնավորապես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը 5 ամիսների ընթացքում ոչ մի անգամ կառավարության շենքից դուրս չի եկել առջեւի մուտքով: Լրագրողների հետ շփումներից խուսափում է նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Արդարության համար պետք է նշել, որ այսօր ուժային կառույցների ղեկավարները` ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ավելի բաց են լրատվամիջոցների համար, քան վերոնշյալ նախարարները:
ՍԿՍԵՑ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԸ
Գաղտնիք չէ, որ նորանշանակ կամ նորընտիր պաշտոնյաներն աշխատանքի անցնելիս նախաձեռնում են կադրային փոփոխություններ կամ, ինչպես ընդունված է ասել, կադրային ջարդ: Այդպես է նաեւ նորանշանակ վարչական շրջանների ղեկավարների պարագայում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը պաշտոնը ստանձնելուց հետո իր մոտ է կանչել բաժնի պետերին, նրանց հրահանգել ազատման դիմումներ գրել: Ընդ որում, մեզ հայտնեցին, թե հրահանգվել է ազատման դիմումներ գրել ոչ միայն բաժնի պետերին, այլ բաժինների մյուս աշխատակիցներից եւս: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արման Աբրահամյանի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանին, ով մեզ հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ երեք բաժնի պետ է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրել. խոսքը կրթության, մշակույթի եւ սպորտի, կոմունալ տնտեսության եւ առեւտրի եւ սպասարկման բաժինների մասին է: Օսիպյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչական շրջանի ղեկավարը պարզապես ժողով է արել, ներկայացրել աշխատանքի նոր խաղի կանոններ եւ հայտարարել` ով չի կարող այդ խաղի կանոններով աշխատել, չպետք է շարունակի: Նրա խոսքով` այս պահի դրությամբ վարչական շրջանի աշխատակազմի 80 տոկոսը պահպանված է:
ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Մինսկում մասնակցելով Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտություններին, անդրադարձել է տարածաշրջանային հակամարտություններին: «Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք փոքր, սառեցված հակամարտությունների մասին խոսելիս: Դրանք կարող են շատ վտանգավոր դառնալ: Սա վերաբերում է նաեւ այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես լարման բարձր մակարդակ»,- նշել է Սարգսյանը: «Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի շատ կարող էինք հույս դնել կայունության վրա: Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին դադարեցնել փոքր հակամարտությունների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միլիտարիզացիան: Այն փոքր տարածք է, սակայն դրա հետեւանքով Հայաստանն ու Ադրբեջանն ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում, եւ զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում»,- հավելել է նախագահը:
ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է
Երեկ` կառավարության նիստին, հաստատվել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով` փոփոխության համաձայն` երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25 հազ. դրամից բարձրացվում է 50 հազ. դրամ: «Այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն: Որոշումը միտված է 3 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,-ասել է Մ. Թանդիլյանը: Որոշումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 2-ից:
ՀԱՄԱԴՐՈՒՄՆԵՐ
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ԱԺ հատուկ նիստի իր ելույթում խոսել է Նիկոլ Փաշինյանի կառավարության վեց ամիսների աշխատանքի մասին. «Ուղիղ վեց ամիս առաջ ԱԺ-ն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Փաշինյանի ընտրության հարցը, եւ այսօր մենք նորից քննարկում ենք այս հարցը: Երբ պարոն Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ, եւ դրանից առաջ ինքն ու իր կողմնակիցները նշեցին, որ, այսպես ասած, սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո ՀՀ-ն պետք է թեւակոխի թռիչքային զարգացում: Հիմա համադրենք փաստերը: Ինչքան աշխատատեղեր են ստեղծվել, տնտեսական-ներդրումային վիճակն ինչպիսին է: Ուրեմն` ներդրումային միջավայրի մասին. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները պակասել են, առաջինում կազմել են 100 մլն ԱՄՆ դոլար, երկրորդում` 9 մլն ԱՄՆ դոլար: Սրանք իմ տվյալները չեն, այլ պրոֆեսիոնալ տնտեսագետների տվյալներ, որոնք հրապարակային են, կարծում եմ` պարոն վարչապետին զեկուցած կլինեն»,-ասել է Շարմազանովը: