Դատավորների եւ Բարձրագույն դատական խորհրդի կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` բանը հասել է այնտեղ, որ նորանշանակ դատավորները իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ ներկայացրել են, թե ինչպես է Բարձրագույն դատական խորհուրդը վարվում իրենց հետ` հորդորելով որեւէ թուղթ չստորագրել, եւ այդ ամենի համար ներկայացրել են բոլոր հիմքերը:
Որտեղից է սկսվել պատմությունը: Պարզվում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թափուր հաստիքներ են առաջացել: Արդյունքում, դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է, որ վերոնշյալ տեղերում դատավորներ նշանակելու համար առկա են երեք դատավորներ` Ռուբինա Աթոյանը, Աշխեն Ղարսլյանը եւ Մարինա Տաշչյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը ամեն կերպ փորձել է ներքին կանոնակարգով կամ օրենքը շրջանցելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակել իրենց ցանկալի դատավորներին` այս կերպ, ըստ էության, խախտելով դատավորներից Մարինե Տաշչյանի իրավունքները: Արդյունքում, դատավոր Տաշչյանը ԲԴԽ-ի արած գործողությունների, իր իրավունքները ոտնահարելու հետ կապված դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` հորդորելով չստորագրել որեւէ թուղթ, որը կներկայացնի ԲԴԽ-ն, քանի որ իր իրավունքները ոտնահարվել են, եւ ցանկանում են այլ մարդու նշանակել իր փոխարեն:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը պարզելու համար զրուցեց Մարինե Տաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, քանի որ հանրապետության նախագահը սահմանադրության պաշտպանման երաշխավորն է. «Երկու խնդիր է իրականում առաջացել. իրենք ցանկանում էին մայրության արձակուրդը մեկնաբանել յուրովի, որը, սակայն, իրենց մոտ չստացվեց, եւ ես դրա դեմ պայքարեցի, բայց բարձրագույն դատական խորհուրդը չի ցանկանում հանձնվել եւ ուզում է շարունակել իր ապօրինությունները: Հիմա դրա կապակցությամբ ընդունել են մեկ այլ որոշում, որով նախատեսում են դատավորների նշանակման կամավորության սկզբունքով կարգ, որը հակասում է օրենքին: Դատավորը իր ընտրությամբ չի կարող նշանակվել իր ուզած վայրում, կա օրենք, որը ասում է, թե ինչ հերթականությամբ եւ որ վայրում կարող է դատավորը նշանակվել, սա է խնդիրը: Այս պահին այդ օրենքը ուժի մեջ է, բայց ես պայքարում եմ ապօրինի որոշման վերաբերյալ գործողություններ չկատարելու վերաբերյալ: Ավելացնեմ, երբ ԲԴԽ-ն որոշել էր Ռուբինա Աթոյանին ներկայացներ ՀՀ նախագահին, որպեսզի նրան նշանակեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ես դիմեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ ներկայացրեցի ողջ իրավիճակը, արդյունքում ԲԴԽ-ն շատ արագ որոշել է իր իսկ կայացրած որոշումը ուժը կորցրած ճանաչել: Բայց այս պահին կա դեռես երեք դատավորի թափուր հաստիք Սյունիքի մարզում, Գեղարքունիքի եւ Երեւան քաղաքում, եւ իրենք դեռեւս ցանկանում են իրենց ցանկալի մարդուն նշանակեն այդ պաշտոնում, ինչի համար ես այսօր պայքարում եմ: Հավելեմ, որ դեռեւս նախագահականից որեւէ պատասխան չունեմ, բայց Նախագահին ներկայացվել է, թե ինչ է կատարվում»:
Ըստ մեր զրուցակցի` դեռեւս ՀՀ նախագահականից որեւէ պատասխան չի ստացել:
Նշենք, որ բացի նորանշանակ դատավորներից ԲԴԽ-ի դեմ այլ դատավորներ եւս կռիվ են տալիս: Մասնավորապես, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները: ԲԴԽ-ին դատի են տվել նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը, քանի որ վերջիններս դիմել էին սնանկության գործերով դատարանի դատավոր դառնալու համար, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել: Վերոնշյալ գործերով դատական նիստերը դեռեւս շարունակվում են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾԱՐՔ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Եվրոպական տարբեր երկրներ արտագաղթած եւ այս օրերին Հայաստանի սահմանը հատել փորձող քաղաքացիները հայտնվել են փաստի առաջ:
Բանն այն է, որ մի շարք քաղաքացիներ տարբեր պատճառներով ապաստան են խնդրել եվրոպական երկրներից, թավշյա հեղափոխությունից որգեւորված շտապել են վերադառնալ հայրենիք, սակայն Հայաստանի սահմանը հատելիս ընկել են խարդախների ծուղակը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գրիգորի Կոնյանին մեղադրանք է առաջադրվել, երբ նա, բնակվելով հայ-վրացական սահմանամերձ Ջիլիզա գյուղում եւ ծանոթ լինելով տեղանքին, տեղեկացել է, որ կան քաղաքացիներ, որոնք ցանկանում են մուտք գործել Հայաստան, եւ նրանցից պահանջել է 100-300 եվրո գումար, որպեսզի կազմակերպի նրանց` ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու գործընթացը:
Իսկ ահա քաղաքացիներից մեկը եղել է Հայկազ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի հուլիսի 14-ին` ժամը 22:00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության սահմանն ապօրինի հատելու համար: Հմայակ Մուսինյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018 թվականի մարտի 26-ի ուշ երեկոյան առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Սակայն նկատենք, որ նախաքննական մարմինը պարզել է, որ Եվրոպական երկրներում երկար տարիներ ապրող քաղաքացիներից ոմանց էլ, երբ ցանկացել են հատել ՀՀ սահմանը, այդ հարցում գումարի դիմաց օգնել են Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվող ՀՀ դեսպանության աշխատակիցները:
Մասնավորապես, Սամվել Թորոյանը շատ է ցանկացել մուտք գործել Հայաստան, սակայն նրան ասել են, որ չի կարող գալ, քանի որ նախկինում երկրից փախել եւ եվրոպական երկրում ապաստան է գտել: Նա պնդել է, որ շատ է ցանկանում վերադառնալ, եւ Վրաստանի Թբիլիսի քաղաքում գտնվող ՀՀ դեսպանության աշխատակից Արայիկ Մարե-Գասպարյանը նրանից 1500 ԱՄՆ դոլար է պահանջել այդ գործընթացը կազմակերպելու համար եւ այն իրականացրել է: Վերջիններս մեղադրյալի աթոռին են:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, գործով նախաքննությունը ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԵՆՔ` ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
Գործադիրի ընդունած որոշման համաձայն` Հայաստանում դատավորները պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք կստանան: Դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում` փամփուշտներ եւ պաշտպանության հատուկ միջոցներ են տրամադրվում պաշտոնավարման ժամանակահատվածի համար ինքնապաշտպանության նպատակով:
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին որոշմանը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասել է. «Մենք նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաեւ մերձավոր ազգականների հետ շփումները, այսինքն` դատապարտյալներին ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխելիս այնպես անել, որ ազգականների բնակության վայրերին մոտ ՔԿՀ տեղակայվի, որ արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ լինի: Դատապարտյալին կարճատեւ մեկնում կտրվի այն դեպքում նաեւ, երբ վերջինիս երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակներում: Ցմահ դատապարտյալներին այսուհետ պարտականություն չի լինելու առանձին պահել մյուս դատապարտյալներից, ընդհակառակը, ցմահ դատապատյալները պահվելու են մյուս դատապարտյալների հետ համատեղ»:
ՀԱՅՏՆԻ ՉԷԻՆ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ Վահագն Հարությունյանը հայտնել էր, որ չի ընդունում մեղադրանքը, եւ ապօրինի է հետախուզում հայտարարվել, քանի որ իր ներկայացուցչի միջոցով ՀՔԾ-ին տեղեկացրել է իր գտնվելու վայրը, նշել է, որ հետախուզումը ոչ թե միայն անձը գտնվելու վայրը պարզելն է, այն ենթադրում է նաեւ հետախուզվողին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելը: Ըստ ՀՔԾ պետի` Վ. Հարությունյանը Հայաստանի տարածքը լքել է այս տարվա հուլիսին: Հարցին, թե ինչն էր խանգարում, որ դեռ իր պաշտոնավարման օրոք իրեն հրավիրեին հարցաքննության, Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ: Հարցաքննությունը պետք է ունենա որոշակի արդյունավետություն: Այսինքն` անձը կանչվում է հարցաքննության, երբ ունենք հարցեր, երբ նա որոշակի հանգամանքների շուրջ պետք է հարցաքննվի: Այն հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին»:
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի 28-ամյա բնակչին: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվել է անձի ճանաչում եւ առերես հարցաքննություն: