Թեեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է, բայց այդ փոփոխությունները չեն երեւում «կարմիր գծերի» հետ կապված: Այստեղ ամեն ինչ նույնն է մնացել. վարորդը շարունակում է կայանել կարմիր գծերում` վճարելով դրա համար, միաժամանակ «չմոռանալով» նաեւ «պարկովշիկի» մասին: Ասել է թե` մայրաքաղաքի փոքր կենտրոնի փողոցներում, որտեղ կարմիր գծանշումներ կան, դեռեւս շարունակում են գործել «պարկովշիկները»:
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի շարք վարորդներ, ովքեր պնդում են, որ իրենք ընթացիկ տարվա համար վճարում են «կարմիր գծերում» կայանելու համար, սակայն կայանման ժամանակ բացահայտում են տարածքներ, որտեղ իրենց արգելում են կայանել: Քանի որ Երեւանում կան ռեստորաններ, սրճարաններ կամ հագուստի եւ կոշիկի բրենդային խանութներ, որոնց առջեւ ուղղակի արգելվում է վարորդներին կայանել մեքենաները: Ընդ որում, արգելողները կայանատեղիների բիզնեսի հետ որեւէ կապ չունեն: Պատասխանը մեկն է` «կայանատեղին մեր հաճախորդների համար է»: Ի դեպ, շատերը նկատած կլինեն, որ քաղաքի տարբեր հատվածներ, որտեղ կարմիր գծեր են, պահպանված են արկղերով, երկաթյա կամ պլաստմասե ցուցանակով: Եւ, բնականաբար, այդ տարածքներում կան «պարկովշիկներ», որոնք պարտադիր վարորդից գումար են վերցնում: Ըստ մասնագետների` պետք է կայանատեղիների սկզբնամասում տեղադրված լինի ճանապարհային նշան, ինչպես նաեւ տեղեկատվական ցուցանակ, համաձայն որի` վրան նշված լինի սպասարկող կազմակերպության անվանումը, ում է այն հանձնված որպես ծառայողական կայանատեղի: Բացի այդ, ավագանու կողմից պետք է կայացված լինի որոշում` տվյալ կազմակերպությանը տվյալ տարածքը որպես ծառայողական կայանատեղի հանձնելու մասին: Եթե դրանք բացակայում են, ապա ոչ ոք իրավունք չունի այն օգտագործել: Բայց նման ցուցանակ եւ նշան քաղաքի փոքր կենտրոնում գործող բրենդային խանութների մոտ տեղադրված չկա:
Ստացվում է, որ ում ինչպես հարմար է, արգելում է իր օբյեկտի մոտ` կարմիր գծերի հատվածում, մեքենա կայանել: Մինչդեռ վարորդները վճարում են կայանելու համար, իսկ ինչ-որ օբյեկտների տերեր, սյուներ կամ արկղեր տեղադրելով, խոչընդոտում են վարորդներին մեքենան կայանել օրենքով հասանելիք վայրում: Ստացվում է, որ ավտովարորդները վճարում են ամբողջ փաթեթի համար, բայց չեն օգտվում իրենց վճարածի դիմաց հասանելիք ծառայություններից: Բայց արի ու տես, որ քաղաքում շարունակում է պահպանվել մենաշնորհային եւ անկառավարելի վիճակը` չնայած այն բանին, որ նոր քաղաքապետ ունենք: Հուսանք` նոր քաղաքապետը ի վերջո կսկսի զբաղվել այս խնդրով` ուղղելով նախորդի սխալ գործելաոճը:
Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը վնասով է աշխատել:
Բանն այն է, որ վերջին տարիներին վարորդների գերակշիռ մասը, բողոքարկելով «կարմիր գծերը» խախտելու հետ կապված տուգանքները, շահել է դատական գործընթացները: Անցած տարվա տվյալներով` պետք է հավաքված լիներ մոտ 800 մլն դրամ, բայց հավաքվել է կեսը, քանի որ վարորդները բողոքարկել են, ինչի արդյունքում տուգանքները չեղարկվել են: Ընդ որում` ընկերությունը պայմանագրի համաձայն 450 մլն դրամ տրամադրել է ծառայություններ տրամադրելու համար` գծանշաններ, տեսախցիկներ, տուգանքներ, կայանատեղիների ստուգում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԿԱՆԽԱՐԳԵԼԻ ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
ՀՀ կառավարությունը մտադիր է խրախուսել էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի կիրառումը Հայաստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի` նպաստավոր պայմաններ կստեղծվեն էլեկտրամոբիլների ձեռքբերման, կիրառման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Ինչպես հայտնի է, Հայաստանում հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոմեքենաների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն: Բացի այս, Երեւանի ավագանու անցած տարվա փետրվարի 14-ի որոշմամբ` որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոմեքենաների սեփականատերերը ազատվել են ավտոկայանատեղիի համար սահմանված տեղական վճարից: Մինչդեռ նշված արտոնությունները գործնականում չեն խրախուսում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների կիրառումը մեր հանրապետությունում:
Այժմ բնապահպանության նախարարությունը իր մշակած նախագծով առաջարկում է կիրառել ավելացված արժեքի հարկի գծով արտոնություն: Ըստ ԲՆ-ի` մի քանի երկրներում դա խթանման միակ մեթոդն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԲՆ-ն պահանջում է էլեկտրամոբիլների ներմուծումը ընդգրկել ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում, բայց եթե դրանք ներմուծման օրվանը հաջորդող 365 օրվա ընթացքում չեն արտահանվում, այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններ: Այս ամենի արդյունքում կկանխարգելվի էլեկտրամոբիլների արտահանումը մասնավորապես ԵՏՄ անդամ մյուս պետություններ: Տեղեկացնենք, որ 2016 թվականին երրորդ երկրներից Հայաստան է ներմուծվել 5 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, իսկ անցած տարվա 9 ամիսներին` 28: Դրանք հիմնականում ներկրվել են Չինաստանից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
167 ՄԼՆ 954 ՀԱԶԱՐ` ԲՅՈՒՋԵԻՑ
ՀՀ համայնքներին 2018թ. պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Շիրակի մարզպետարաններին կհատկացնի 167 մլն 954 հազար դրամ: 2018թ. առաջին 9 ամսում համայնքների կողմից ներկայացվել են 230 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել եւ հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 173-ը: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 631 մլն դրամ, եւ մրցույթների արդյունքներում այն կազմել է 419,5 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 167 մլն 954 հազար դրամ:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՉԻ ՏՐՎԵԼ
2018թ. հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան գյուղերի բնակիչներին մեծ վնասներ է պատճառել. Կոթի գյուղի շուրջ 400 հեկտար հացահատիկի արտերի բերքը ոչնչացել է: Դրանց մի մասը գարու արտեր էին, որոնք մի շաբաթից պետք է հնձեին: Կոթիում տեղացած կարկտահատիկները չափերով բավական խոշոր են: Նույն ժամանակ Կոթիի հարեւան` Բարեկամավան գյուղում կարկուտը վնասել է տնամերձ ցանքերը, պտղատու ծառերը: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գյուղի տնամերձ տարածքների մի մասը տուժել է 70-80, մյուս մասը` մոտ 30 տոկոսով: Կարկուտից վնասվել է բարեկամավանցու մարդատար ավտոմեքենա, մի քանի առանձնատան ծածկի շիֆերներ: Այս տարվա օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում կայացած հավաք-հանդիպման ժամանակ Կոթիի բնակիչները խնդրանքով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարկտահարությունից տուժած կոթեցիներին պետության կողմից աջակցություն ցուցաբերվի: Սակայն դեռեւս նման օգնություն չի տրվել:
ԴԻԼԻՋԱՆԻ ԶԻՆԿՈՄԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
Գրեթե մեկ տարի առաջ` 2017թ. նոյեմբերի 28-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, Դ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացնել, նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճում: Նրա նկատմամբ արդարացման դատավճիռ է արձակվել: Մեղադրող Ներսես Չիլինգարյանը պահանջել է Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտել 13 տարի ժամկետով ազատազրկման:
Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդին` 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանը, մեղադրվել է այն բանի համար, որ 2016թ. փետրվարի 11-ին` Շամախյան թաղամասից վերադառնալիս, Դ. Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Դիլիջանի բնակիչ Սերգեյ Միքայելյանին սպանելու դիտավորությամբ իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ` հետեւի աջ դռան, եւ երկու անգամ` պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը բողոքարկել է Դավիթ Հակոբյանի արդարացման դատավճիռը, խնդրել Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով՝ կայացնելով մեղադրական դատավճիռ: Քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանում այդ գործով դատաքննությունն ընթացքի մեջ է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ