«ԱՆՓՈԽԱԴԱՐՁ ՍԻՐՈՒՑ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԳԵՐ ԵՄ ԳՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն): Նա խոսել է իր առավելությունների, անտանելի կողմերի մասին, պատմել է, թե ում հետ է սովորաբար հաշվի նստում, ինչից է վախենում եւ ինչպես է կարողանում միաժամանակ լինել ռեալիստ եւ երազկոտ:

-Արսեն, ո՞րն է Ձեր կյանքի մեծագույն օրենքը:
-Լինել ազնիվ, մարդասեր: Եթե կարող եմ ինձ մի փոքր նեղություն տալ, որպեսզի դիմացինիս համար լավ լինի, կանեմ այդ բանը: Ինձ համար կարեւոր է նաեւ ծնողասեր լինելը: Երբեք ոչ ոք ու ոչինչ չպետք է ազդի քո ու ծնողներիդ հարաբերությունների վրա: Մարդ պետք է այնքան կայուն կյանքով ապրի, որ կյանքում բոլորին ճիշտ հարթությունների վրա պահի:
-Մարդ, որի ասածը Ձեզ համար օրենք է:
-Հայրս է, որից ամբողջ կյանքում սովորել եմ ու շարունակում եմ սովորել: Եթե անգամ որեւէ հարցում համամիտ չեմ նրա հետ, միեւնույն է, իր ասածի շուրջ իմ մեջ տալիս-առնում եմ: Վստահում եմ նաեւ կնոջս, չնայած նրա հետ եւս շատ հարցերում համաձայն չեմ: Ամեն դեպքում, կինս վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս:
-Ի՞նչ եք կարծում, սիրո մեջ կա՞ն հաղթողներ եւ պարտվողներ:
-Ես ունեցել եմ սերեր, որոնց հետ կյանքս կապել չի ստացվել, ասենք` սիրել եմ մի աղջկա, որն ինձ չի սիրել, հո զոռով չի: Այդ հողի վրա անփոխադարձ սիրուց շատ գեղեցիկ երգեր եմ գրել, լավ չէ՞: Բայց ոչ մի դեպքում չեմ եղել հաղթողներ եւ պարտվողներ:
-Երբ սայթաքում եք, միշտ հիշում եք, որ…
-Ոտք էի դրել այնտեղ, որտեղ պետք չէ, հակառակ դեպքում չէի սայթաքի:
-Ձեզ քննադատողներին ի՞նչ խմբերի կբաժանեք:
-Մարդիկ, որոնք պարզապես չեն սիրում իմ արվեստը, պետք է էտապներ անցնեն, որ հասկանան, եւ մարդիկ, որոնց կարծիքը ծանրակշիռ է, եւ ես պարտավոր եմ հաշվի նստել նրանց հետ:
-Հաճա՞խ եք արդարանում:
-Չէ, շատ հարազատ մարդկանց կարող եմ բացատրություններ տալ, բայց դրանք արդարացումներ չեն:
-Վրեժի զգացումը որքանո՞վ է մոտ Ձեր էությանը:
-Հեռու է ինձնից: Չեմ ուզում բարի մարդ ձեւանալ, բայց չեմ կարող չասել, որ ներողամիտ եմ, անգամ այն մարդկանց, որոնք հիասթափեցրել են ինձ, հոգուս խորքում լավ եմ վերաբերվում, գոնե նեյտրալ:
-Դպրոցում Դուք եղել եք արքայազն, որին բոլոր աղջիկները սիրահարվո՞ւմ էին, թե՞ նրանց լավ ընկերը:
-Նրանց լավ ընկերը:
-Ո՞րն է ամենակենարար միրգը:
-Խնձորը երեւի:
-Ավելի շատ վախենում եք ծերությունի՞ց, թե՞ մահից:
-Ծերությունից եմ վախենում, թեեւ միշտ փորձում եմ մնալ երիտասարդ, եւ, կարծես թե, դա ինձ մոտ ստացվում է: Իմ տարիքի մարդիկ կան, որոնք տասը տարի մեծ են երեւում, հոգով էլ իրենց մեծ են զգում, իսկ ես չեմ գիտակցում, որ քառասուն տարեկան եմ: Ես դա դեռ չեմ մարսել:
-Մի բան, որ մարդիկ միշտ մտածում են Ձեր մասին, բայց դա սխալ է:
-Կան մարդիկ, որոնք ասում են. «Բայց դու շատ աֆերիստն ես», ես էլ պատասխանում եմ, որ իրենցից այդ առումով շատ բան ունեմ սովորելու (ծիծաղում է):
-Ձեր ամենամեծ առավելությունը:
-Կարողանում եմ ամեն տիպի մարդու հետ շփման եզր գտնել
-Ձեր բնավորության անտանելի կողմը:
-Կենցաղում ժամանակ առ ժամանակ ծանր եմ լինում: Չեմ սիրում կենցաղ, շատ փափուկ եմ մեծացել, մինչեւ 30 տարեկան հորս, մորս հետ եմ ապրել, նրանք ամեն ինչ արել են ինձ համար: Հետո ամուսնացել եմ ու մտել կենցաղ, արդյունքում երբեմն ջղերս տեղի են տալիս այնպես, որ ինքս ինձ հետ չեմ հաշտվում:
-Սնահավա՞տ եք:
-Չէ, ինձ համար ծիծաղելի է սնահավատության հետ կապված ամեն բան:
-Երբ փոքր էիք, հավատում էիք, որ…
-Որ կա Ձմեռ պապիկ, ինչպես բոլոր մանուկները, ես էլ էի հավատում:
-Ձեզ հնարավոր չէ մխիթարել, երբ…
-Առհասարակ, ռեալիստ եմ, եւ եթե մխիթարողը ոչ իրատեսական բաներ է ասում, անհնար է, որ արդյունքի հասնի:
-Երազկո՞տ եք:
-Այո, զարմանալի է, բայց միեւնույն ժամանակ երազկոտ եմ, միշտ եմ այդպիսին եղել: Եթե չլինեն երազանքները, կյանքը կկորցնի իր իմաստը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՔՊ-ՈՒՄ ԷԼ ԿԱՆ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐ»

Նոյեմբերի 1-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում: Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը ուրախություն հայտնեց, որ ամեն բան հանգուցալուծվեց խաղաղ կերպով, առանց բախումների. «Չէր կարող Կառավարությունում լինել այլ արժեքներ կրող իշխանություն, Ազգային ժողովում՝ այլ: Պետք է բալանսի բերվեր ամեն ինչ: Երեւի ստացվեց համաձայնության եզրեր գտնել»,-նկատեց նկարիչը:

Մենք հարցրինք՝ արդյոք արդարացի կլինի՞, եթե այսուհետ հանրապետականներին պետական բարձր պաշտոններ չվստահվեն, թե՞ դա կլինի քաղաքական ռասիզմի դրսեւորում. «Չեմ կարծում, թե մենք որակյալ կադրերի առումով այնքան հարուստ ենք, որ կարող ենք մեզ այդպիսի բան թույլ տալ: Հաստատ հենց հանրապետականների շարքերում էլ կլինեն բանիմաց մասնագետներ, որոնց հմտությունները հարկավոր է օգտագործել տարբեր ասպարեզներում: Ես գիտեմ, որ նրանց շարքերում էլ եղել են պրոֆեսինալ մարդիկ, որոնք հոսանքի հետ գնում էին, եւ մարդիկ, որոնք, ամեն դեպքում, փորձել են չթաթախվել կոռուպցիոն գործարքների մեջ: Չպետք է արհամարհենք նրանց: Ներկայիս կառավարության երիտասարդ կադրերն, իհարկե, ոգեշնչված են, ավյունով լի, բայց փորձի պակաս ունեն, պետք է կիրառելի դարձնեն նախորդների փորձը»,-մեկնաբանեց պարոն Շահումյանը:
Նա կարեւորեց գալիք խորհրդարանական ընտրությունների նշանակությունը՝ շեշտելով, որ այս պարագայում եւս չպետք է առաջնորդվել միայն կուսակցական քվոտաներով. «Առաջնությունը պետք է տալ լավ մասնագետներին, կարող ուժերին. չէ՞ որ խորհրդարանը մեր երկրի ուղեղն է: Պետք է հաշվի առնել, որ, ասենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում էլ կան պատեհապաշտներ, որոնց նպատակը պաշտոն ստանալն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի, Թուրինի «Յուվենտուս»-ի ու «Ուդինեզե»-ի նախկին հարձակվող Վինչենցո Յակվինտան դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: 38-ամյա իտալացուն 2015 թվականի դեկտեմբերին մեղադրանք էր ներկայացվել ապօրինի զենք պահելու ու մաֆիայի հետ կապ ունենալու մեջ: Մայիսին դատախազությունը Յակվինտայի համար պահանջել էր 6 տարվա ազատազրկում: Յակվինտան մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք պահելու մեջ, իսկ մաֆիայի հետ կապ ունենալու մեղադրանքը հանվել է նրա վրայից: Խուզակությամբ նրա տանը հայտաբերվել է Magnum ու Browning ատրճանակներ եւ 126 փամփուշտ: Հիշեցնենք, որ Վինչենցո Յակվինտան Իտալիայի հավաքականում խաղացել է 2005-2010-ը, իսկ 2006-ին դարձել է աշխարհի չեմպիոն:

 

 

ՈՉ-ՈՔԻ
Լիբերտադորեսի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բոկա Խունիորս»-ը ոչ-ոքի է խաղացել բրազիլական «Պալմեյրաս»-ի հետ` 2:2, եւ դուրս է եկել եզրափակիչ (առաջին խաղում արգենտինական թիմը հաղթել է 2:0 հաշվով): Հանդիպման 18-րդ րոպեին «Բոկա»-ն բացել է հաշիվը Ռամոն Աբիլայի ջանքերի շնորհիվ: Երկրորդ կեսի առաջին 15 րոպեի ընթացքում բրազիլացիները ոչ միայն հավասարեցրել են հաշիվը, այլեւ առաջ անցել. աչքի են ընկել Գարսիա Լուանն ու Գուստավո Գոմեսը: Հիմնական ժամանակի ավարտից 20 րոպե առաջ Դարի Բենեդետոն վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: Եզրափակչում «Բոկա»-ն կխաղա արգենտինական մեկ այլ թիմի` «Ռիվեր Փլեյթ»-ի հետ: Այս թիմերը երբեք միմյանց չեն հանդիպել մրցաշարի եզրափակչում: Նշենք, որ «Բոկա»-ի համար սա կլինի 11-րդ եզրափակիչը, իսկ «Ռիվեր»-ի համար` 6-րդը: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 7-ին եւ 28-ին:

 

 

ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է այն շշուկները, որոնց համաձայն` ակումբը նոր հարձակվող է փնտրում, ով կկարողանա փոխարինել իրեն: «Նորմալ է, որ «Բարսելոնա»-ն նոր կենտրոնական հարձակվող է փնտրում. ես արդեն 31 տարեկան եմ: Ես պրոֆեսիոնալ եմ եւ գիտեմ, որ պետք է քննադատությունն ընդունեմ ու լինեմ ինքնաքննադատ, երբ գտնվում եմ վատ մարզավիճակում: Իսպանիայի Սուպերգավաթի` «Սեւիլիա»-ի հետ անցկացրած խաղից հետո ինձ ասացին, որ ես գեր եմ: Այդ խաղը կայացել էր շաբաթ, իսկ ես սկսել էի մարզվել միայն երեքշաբթի` խաղից մի քանի օր առաջ: Ակնհայտ է, որ ֆուտբոլիստը կլինի դանդաղ ու փոքր-ինչ գիրացած, երբ վերադառնում է աշխարհի առաջնությունից հետո ունեցած 1-ամսյա արձակուրդից: Բայց դրանից հետո աստիճանաբար մարզավիճակ ես հավաքում»,-ասել է Սուարեսը:




Լրահոս