ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՌԴ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հոկտեմբերի 24-ին Հայաստան կատարած այցից հետո կրքերը չեն հանդարտվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Երբ նա հայտարարեց, «եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական եւ ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան, ամեն դեպքում, ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը»: ՀՀ-ն այս աղմկահարույց հայտարարությանը որեւէ կերպ չարձագանքեց: Փոխարենը մեր երկրի «իրավունքները փորձեց պաշտպանել» մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դաշնությունը: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունների մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ որակելով. «Թվում էր` ավելի մեծ անքաղաքավարություն, որը չի տարբերվում ներքին գործերին միջամտելուց, չի կարող լինել: Պարզվեց, որ այդպես չէ»: Ու այս իրավիճակում հետաքրքիր է, որ ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ լուռ մնաց: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին, ով փոխանցեց. «Ջոն Բոլթոնի այցի վերաբերյալ բավարար մեկնաբանություններ են եղել բոլոր մակարդակներով, ինչպես գիտեք, այդ հարցին համապարփակ անդրադարձել է նաեւ ԱԳ նախարարի պաշտոնակատարը, ուստի ավելացնելու ոչինչ չունենք»: Հիշեցնենք՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել էր. «Երկխոսությունը շատ լավ ստացվեց, ու մենք ստացել ենք բավարար հստակ տրամաբանության ըմբռնումներ ՌԴ-ի հետ, Իրանի հետ հարաբերություններում, ԼՂ կոնտեքստում, Թուրքիայի հետ հարաբերություններում: Զրույցը եղել է շատ ավելի լայն, գեոստրատեգիական»: Սակայն այդպես էլ ոչինչ չի ասել մեր ներքին գործերի մասին:

 

 

Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը` ներկայացնելով իրավիճակը եւ բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակներում նրա անունը արծարծվում է: Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ Վ. Օսկանյանը հայտնվում է աղմկահարույց գործի կիզակետում: Դեռեւս 2012 թվականին Օսկանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր. օր.ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փողերի լվացում: 2013 թվականին Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը, Երեւանում ծեծկռտուք էր սարքել` ջարդելով այլ երիտասարդի քիթը: 2017-ին էլ պարտատիրոջը բռնության սպառնալիքներով վախեցնելու համար կրտսեր Օսկանյանը ձերբակալվեց եւ ազատ արձակվեց:

 

 

 

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացվեց: Թեեւ նա հասցրել է փախչել երկրից, այնուամենայնիվ, ուշացումով ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել գործով ապացույցներ կեղծելու համար: Իսկ ինչպե՞ս է կայացվել Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Հարությունյանի կալանքի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երբ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին կալանավորեն, միջնորդությունն ի սկզբանե պետք է քններ դատավոր Ռոբերտ Պապոյանը: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ չի կարող քննել այդ միջնորդությունը, քանի որ Վ. Հարությունյանն իր մտերիմ ընկերն է, համակուրսեցին: Եւ այդպես, դատավորների մի հսկայական խումբ խուսափել է Վահագն Հարությունյանի գործի քննությունից: Արդյունքում գտնվել է միայն մեկ դատավոր՝ Աննա Դանիբեկյանը, ով քննեց եւ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

 

 

 

Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ նամակ են գրել՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սոթքի ոսկու հանքը մեր տարածաշրջանի բնակչության կենսաապահովման հիմնական ձեռնարկությունն է դեռեւս 1965-70թթ.-ից: Սակայն հանքի վերջին շահագործողը` ռուսական ֆիրման, ներկայումս անխնա օգտագործելով հանքի բնական պաշարները, ստանալով միլիոնավոր դոլարների գերշահույթներ, դադարել է մտածել բնակչության կենսաապահովման մասին: Այժմ հանքի տնօրեն Արայիկ Միդոյանը, որը լավ համբավ չունի, իրեն պահում է սեփականատիրոջ պես եւ աշխատողներին վերաբերվում է որպես ամենավերջին ստրուկի: Ամեն ինչ անում է, որպեսզի ամսվա վերջում պլանները չկատարվեն, եւ աշխատողները ստանան չոր աշխատավարձ առանց պարգեւավճարի եւ հավելումների: Հանքի նախկին շահագործողները աշխատակիցներին տրամադրում էին անվճար սնունդ եւ վճարում էին բարձր լեռնային գոտու համար նախատեսված հավելումներ: Իսկ հիմա չկա: 12-14 ժամ աշխատող բանվորները ստանում են 90-110 հազար դրամ աշխատավարձ»,- գրել են նամակում:

 

 

 

ՉՆՄԱՆՎԵԼ ՀՀԿ-ԻՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնվել է ՀՀԿ-ին նմանվելու վտանգի առաջ: Պետական պաշտոնյաները կամ պաշտոն ստանալու ակնկալիք ունեցողներն այս օրերին հայտարարում են ՔՊ-ին անդամակցելու մասին: Ամենաթարմ օրինակը պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանինն է, որ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու եւ ՔՊ-ին անդամակցելու մասին: Ավելի վաղ, հիշում եք` այս կուսակցությանն անդամակցելու մասին հայտարարեցին անկուսակցական նախարարներ Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը: Այս օրերին ՔՊ-ական դառնալու հայտ են ներկայացրել նաեւ տարբեր համայնքապետեր ու այլ պաշտոնյաներ: Ճիշտ եւ ճիշտ, ինչպես ՀՀԿ իշխանության ժամանակ էր. հիշում եք թեկուզ Կարեն Կարապետյանի կառավարության անդամներին, որոնց նշանակեցին որպես իբր պրոֆեսիոնալների, բայց երեք ամիս չանցած` նրանք ՀՀԿ-ական դարձան` պատճառաբանելով քաղաքական թիմի անդամ դառնալու եւ քաղաքական պատասխանատվություն կրելու անհրաժեշտությամբ: Հետեւանքները, տեսանք, թե ինչ եղան. պետական կառավարման համակարգը ժամանակի ընթացքում լիովին այլասերվեց ու միաձուլվեց իշխող կուսակցությանը` վերածվելով մեկ մարմնի: Եւ տարիներ շարունակ երկրում որոշումներ կայացնողը ոչ թե պետական մարմիններն էին, ոչ թե իշխանության ներկայացուցիչները, այլ իշխանական կուսակցությունը: Ու որքան էլ Դավիթ Սանասարյանը հայտարարի, թե «միասին կանենք ամեն ինչ, որ նոր ՀՀԿ-ներ չլինեն իշխանության», միեւնույն է, իր քայլով նպաստում է ՀՀԿ-ական բարքերի ներթափանցմանը նոր իշխանություն: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ ղեկավարության առաջ հիմա խնդիր է թույլ չտալ պետական կառավարման համակարգի կուսակցականացումը:
Մեկ կարեւոր փաստ եւս. որքանո՞վ է նորմալ վերահսկողական գործառույթներ ունեցող կառույցի ղեկավարի կուսակցականացումը: Ինչպես Հաշվեքննիչ պալատի նախագահը, ինչպես ՊԵԿ նախագահը, պետական վերահսկողական ծառայության ղեկավարը եւս պետք է լինի անկուսակցական: Ճիշտ է, գործող օրենսդրությունը պետական վերահսկողական ծառայության ղեկավարին չի արգելում կուսակցության անդամ դառնալ, ուստի հարցն այս պահին բարոյական հարթությունում է` միաժամանակ պահանջելով օրենսդրական համապատասխան լուծումներ: Ու որքան էլ Դավիթ Սանասարյանն իր հերթին, նրա կողմնակիցներն իրենց հերթին հավաստիացումներ տան, թե ՔՊ-ական դառնալը չի ազդի անաչառության վրա, միեւնույն է, համոզիչ չի թվում: Կուսակցականացումն ունենում է իր հետեւանքները: Այնպես որ, այս որոշումները վերանայելու կարիք ունեն:




Լրահոս