ԾԱԽՍՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ինչպես նաեւ անցած ՏԻՄ ընտրությունների մասին խոսել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարո՛ն Մուկուչյան, արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: ԿԸՀ-ն պատրա՞ստ է այս կարճ ժամանակում անցկացնել մրցակցային ընտրություններ:
-Միանշանակ այո: Ընտրական օրենսգրքով սահմանված են այն գործառույթները, որոնք պետք է իրականացվեն: Իհարկե, հասկանալի է, որ մենք շատ կարճ ժամկետներ ունենք, որի պայմաններում չեն նվազեցվել այն գործառույթները, որոնք նախատեսված են հերթական ընտրությունների կազմակերպման համար: Եթե ընտրությունների կազմակերպման համար մենք ունենում էինք 70 օր, հիմա բնական է` անհամեմատ ավելի կարճ ժամկետում պետք է իրականացվեն այդ գործառույթները: Գերխնդիրը հիմա այն է, որ այդ գործառույթները պատշաճ ժամկետներում իրականացվեն:
-Որքա՞ն գումար է հատկացվելու ընտրությունների անցկացման համար:
-Հիմա հաշվարկներ են կատարվում: Դրանք ամբողջովին կվերջանան, նոր կկարողանամ ասել:
-Նախորդ ընտրություններին ՀՀԿ-ի ներսում լուրջ բախումներ կային վարկանիշայինով առաջադրված թեկնածուների միջեւ: Հաշվի առնելով դա` ի՞նչ եք անելու, որ նույնը չկրկնվի ՔՊ-ի ներսում:
-Ընտրապայքարը տեղի է ունենալու: Բնական է, որ եթե կան տարածքային ցուցակներ, այդ ցուցակներում ընդգրկված թեկնածուները եւս մասնակցելու են քարոզչությանը: Խնդիրը կայանում է սրանում` քարոզչությունը ցանկացած սուբյեկտի կողմից պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով ամրագրված կանոնակարգին լիակատար համապատասխան: Հիմա քարոզչություն իրականացնելու համար կարճ ժամկետներ են նախատեսված: Բայց այդ՝ կարճ ժամանակահատվածում ԿԸՀ-ն եւ տարածքային ընտրական հանձնաժողովները փորձելու են լիարժեքորեն վերահսկել այդ գործընթացները:
-Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մի շարք կուսակցություններ հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը կիրառում է վարչական լծակներ` օգտագործելով իր` վարչապետի կարգավիճակը: Դուք ինչո՞ւ նման արձանագրումներով հանդես չեկաք:
-ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակահատվածում ոչ միայն կազմակերպել է այդ ամբողջ գործընթացը, այլեւ ամբողջ ընթացքում իրականացրել է լուրջ վերահսկողություն: Այն խնդիրները, որոնք նկատել է հանձնաժողովը, դրա վերաբերյալ եղել է օպերատիվ արձագանք: Ձեր հիշատակած դիրքորոշումներն ու կարծիքները, որոնք տեղ են գտնում մամուլում, անպայման ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից: Եթե ԿԸՀ-ն հայտաբերեր որեւէ խնդիր, վարույթ կհարուցվեր: Եթե վարույթ չի հարուցվել, ուրեմն այդ ամենում ԿԸՀ-ն համամիտ չի եղել այն գնահատակնների հետ, որոնք ներկայացվում են:
Երեւանի ավագանու ընտրություններում մասնակից կուսակցությունների թիվը բավականին մեծ էր: Այս ընտրությունների հետ կապված որեւէ վիճարկման դիմում չի ներկայացվել:
-ՏԻՄ ընտրությունների հետ կապված ԿԸՀ-ն որեւէ խախտման մասին ոչինչ չհայտարարեց: Այնինչ դուք գնացել էիք Էջմիածին:
-Պետք է նկատի ունենալ, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ավելի մեծ գործառույթ ունեն տարածքային ընտրական հանձնաժողովները: Դրանք ընտրության արդյունքում երբ կայացնում են որոշումներ, ուսումնասիրում են եկած բողոքները, դիմումները, գրանցամատյանների գրառումները եւ այլն: Կան դեպքեր, երբ ՏԸՀ-ն ընտրության օրը արձանագրված խախտման հետ կապված չնայած անմիջապես կիրառել էր միջոցներ, բայց նույնիսկ երբ այդ մասին գրանցամատյաններում չկար, ՏԸՀ-ն իրակացրել է վարույթ, գործերը ուղարկել է իրավապահ մարմիններին: Մենք ունեցել ենք այդպիսի դեպքեր: Երբ խախտման մասին ահազանգ ենք ունեցել, արձագանքը անմիջապես է եղել: Քվեարկության օրը ԿԸՀ-ն եւ ՏԸ-ն ուշի-ուշով հետեւել են էլեկտրոնային հարթակներում ներկայացվող տեղեկատվությանը, փորձել ենք պարզել հանգամանքները, եթե եղել են խախտումներ, ապա ՏԸՀ-ները ձեռնարկել են միջոցներ դրանք բացառելու համար:
-Դրանց հետքերո՞վ էիք Էջմիածին գնացել:
-Ոչ: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ ես շրջել եմ ընտրատեղամասերով: Չնայած այդ շրջայցը նման լուսաբանում չստացավ, ինչպես Էջմիածնում: Դրանցից ոչ մեկը պլանավորված չի եղել, ՏԸՀ-ները տեղյակ չեն եղել այդ մասին: Երեւանում պատահական ընտրությամբ այցելել եմ ընտրատեղամասեր, զրուցել հանձնաժողովի անդամների հետ, վստահված անձանց, դիտորդների: ՏԻՄ ընտրությունների ժամանակ հատկապես Էջմիածնում մեծ մրցակցություն կար: Այդ օրը այնտեղ գնացի, որովհետեւ ամենամոտն էր Երեւան քաղաքին: Նպատակը եղել է մեկը` տեղում հասկանալ ինչ խնդիրներ կան գործընթացի հետ կապված: Այնտեղ չեն եղել ինչ-որ արտառոց խախտումներ, որոնց պատճառով գնացել եմ: Սա պետք է դիտել որպես ողջամիտ գործողություն, որը արվել է հանձնաժողովի կողմից:
-Ասում են` Էջմիածնում թվեր եք նկարել, որ Դիանա Գասպարյանը ընտրվի: Ի՞նչ կասեք այս մասին:
-Համենայն դեպս, այն վերահսկողությունը, որը իրականացվել է ՏԸՀ-ներում թեկնածուների վստահված անձանց, դիտորդների կողմից, եւ, ընդհանրպես, այդ ամբողջ հրապարակային գործընթացը լավագույնս պատասխանում է այդ բոլոր խոսակցություններին: Մնացյալի մասին հարկ էլ չեմ համարում մեկնաբանություն անել: Այդպիսի բաների լուրջ չեմ վերաբերվում: Այդ հայտարարությունները որեւէ աղերս չունեն իրականության հետ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ

Հաջորդ տարի 50 մլրդ դրամով ավելանալու են հարկային եկամուտները: Երեկ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա հայտարարեց, թե դա լինելու է տնտեսության զարգացման եւ հարկային վարչարարության հաշվին:

Հիշեցնենք, որ նախօրեին` խորհրդարանում վարչապետի թեկնածուի իր ելույթի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հարկերի հավաքագրմանը եւ նշել, թե ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: «Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Ես սա շատ կարեւոր փաստ եմ համարում, որովհետեւ պետք է ընդունենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի եւ գործարար միջավայրի հարաբերությունները բավական անկայուն եւ լարված էին: Եվ ես այս հավաքագրումներն ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ ՊԵԿ-ը, Կառավարությունը, գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, բոլոր հիմքերը կան ասելու՝ երկխոսության նոր փուլ է սկսվում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Եվ այս հայտարարության ֆոնին եւս երեկ Դավիթ Անանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե, ի վերջո, ինչի հաշվին է իրականացվելու այդքան շատ հավաքագրումները, եթե նախկինում նման ցուցանիշներ չեն եղել: Սակայն Անանյանը նկատեց, թե հարկային մարմինները ոչ ոքի չեն «նեղելու», եւ հարկային վարչարարությունն իրականացվելու է միայն կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ: Նա նկատեց, թե մի կողմից` կա իրավագիտակցության բարձրացում, մյուս կողմից էլ` հարկային վարչարարության բավարար ջանքերի գործադրում:
Հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, ի սկզբանե գործարարների եւ ՊԵԿ-ի փոխհարաբերություններն այնքան էլ հարթ չեն ստացվել, որի մասին ԱԺ ամբիոնից նշել էր նաեւ վարչապետի թեկնածուն: Փաստացի նա հայտարարեց նոր էջ բացելու մասին` ասելով, թե պետք է երկխոսության այլ մակարդակի վրա բարձրացնել գործարարների հետ հարաբերությունները: Խնդիրն այն է, որ նախկինում խոշոր գործարարները բացի հարկերից որոշակի գումար էին վճարում «սեւ արկղ» կոչվածին, եւ շատ հաճախ դրանք հարկերից ավելին են եղել: Սակայն հիմա, թերեւս, գործարարներն ավելի ուրախ են, որ կարողացել են ազատվել այդ գումարների վճարումից: Եվ ինչպես երեկ նկատեց Դավիթ Անանյանը, պետք է այնպես անել, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ ընկալվի, այլ նորմալ երեւույթ, որը մեր առօրյա պարտավորություններից մեկն է։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

7000 ԴԻՄՈՒՄ
Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ սրընթաց կերպով լքում են կուսակցության շարքերը: Նույն տեմպով մարդիկ միանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Անդամագրվողները հայտնի մարդիկ են, այդ թվում նաեւ նախկին կուսակցականներ: Օրինակ` Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է անդամագրվել ՔՊ-ին: Նշենք, որ վերջինս «Ժառանգություն» կուսակցության անդամ էր: Օրերս էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ լքում է կուսակցությունը եւ միանում հեղափոխության թիմին: «Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից փորձեց ճշտել` թավշյա հեղափոխությունից հետո քանիսն են միացել ՔՊ-ին: Պարզվում է` անդամագրվել է շուրջ 150 մարդ: «Սակայն պետք է նշեմ, որ դիմումները, որոնք դեռ չենք քննարկել, մոտ 7000 են»,-ասաց նա: Հարցին` հիմնականում ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են միանում կուսակցությանը, Վահան Կոստանյանը նշեց, որ նրանց մեջ կան բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբաններ: «Հիմնականում միանում են «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամները»,- հավելեց նա: Հետաքրքրվեցինք` ուրիշ կուսակցություններից շա՞տ են մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում միանալ իրենց: «Այդպիսի վիճակագրություն դեռ չունենք»,- պատասխանեց ՔՊ մամուլի խոսնակը:

 

 

ԱՄԱՆՈՐԸ «ԵՐԿԱՐԵՑ»
Կարեն Կարապետյանի կառավարության`ամանորյա տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ ամանորյա տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետրվարի 6-ին: Հիմնական զեկուցողը սոցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագիծը հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին` թավշյա հեղափոխությունից հետո: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2019 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանորը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։ Այսինքն` ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը։ Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ընդամենը 3 օր։




Լրահոս