ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԹՐԱՄՓԻ ԹՇՆԱՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կարծես այլեւս չի բավարարում հակառակորդների անթիվ անհամարությունը: Նա այժմ էլ սկսել է պայքարել ԱՄՆ մայր օրենքի` Սահմանադրության դեմ` հայտարարելով, որ դրա որոշ հոդվածներ ուղղակի մերժելի են: Թերեւս նմանօրինակ արհամարհական վերաբերմունք այդ պատմական փաստաթղթի ու ԱՄՆ պետականության հիմնասյան հանդեպ երբեւէ չի եղել: Սա էլ նոր քաղաքական ցունամի է հարուցել ԱՄՆ-ում` սաստկացնելով նախագահի դեմ քննադատությունները:

Այս շաբաթը ճակատագրական է դառնում Դոնալդ Թրամփի նախագահության համար, քանի որ ԱՄՆ-ում սպասվում են Կոնգրեսի մասնակի ընտրություններ, եւ մեծ է հավանականությունը, որ հանրապետականները կարող են կորցնել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Եվ ահա Թրամփը ամեն ջանք գործադրում է կրկին մոբիլիզացնելու համար իր հավատավոր ընտրողներին, որպեսզի հնարավոր լինի փրկել գոնե սենատական մեծամասնությունը: ԱՄՆ նախագահը նոր բանավեճ հրահրեց` հայտարարելով, որ կարող է նախագահական հրամանագրով առժամանակ կասեցնել ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը, ըստ որի` ԱՄՆ-ում ծնված երեխան ինքնըստինքյան ԱՄՆ քաղաքացի է: Թրամփի այդ նախաձեռնությունը ներգաղթյալների դեմ պայքարի հարցում նրա համալիր քաղաքական ծրագրի մասն է կազմում: Միսուրիում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում ելույթ ունենալով հանրապետական ընտրողների առաջ` Թրամփը բավականին կոշտ խոսքեր է հնչեցրել գործող կարգի վերաբերյալ: Ավելին` նա իր աջակցությունն է հայտնել վերջին շրջանում ներգաղթյալների դեմ հոլովակների տարածմանը, որոնք լի են ատելությամբ ԱՄՆ տարածք ապօրինի ներթափանցած անձանց նկատմամբ: Համարելով, որ ապօրինի ներգաղթը ազգային անվտանգության խնդիր է` Թրամփը նույնիսկ հայտարարել է Մեքսիկայի հետ սահմանին ամերիկյան զինված ուժեր տեղակայելու մտադրության մասին:
Թրամփի այսօրինակ քաղաքական վարքագիծն, ըստ էության, ուղղակիորեն կապված է նոյեմբերի 6-ին սպասվող ընտրությունների հետ: Պատահական չէ, որ նախագահն իր խոսքում ուղղակիորեն հիշատակել է դեմոկրատներին` նշելով, որ վերջիններս ցանկանում են բաց սահմաններ ունենալ եւ ԱՄՆ են հրավիրում մարդկանց քարավաններ: Հավաքված հանրապետականները մեծ ոգեւորությամբ են արձագանքել նախագահի հայտարարություններին` ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով պատ կառուցելու քաղաքականությանը սատար կանգնելով: Հատկանշական է, որ Թրամփն աստիճանաբար խստացրել է իր հռետորաբանությունը անօրինական ներգաղթյալների հարցում, ինչն էլ արժանացել է գոնե ընտրողների որոշակի խմբի հստակ աջակցությանը: Կարծես թե Թրամփը գտել է դեմոկրատների ամենաթույլ տեղը եւ հարվածում է հենց դրան` միաժամանակ գրավելով նորանոր ընտրողների: Ժամանակակից արեւմտյան աշխարհում ներգաթղյալների եւ առավելապես ապօրինաբար երկիր թափանցածների հանդեպ բացասական զգացումները սրվել են, ինչը հրաշալի խաղաքարտ է դարձել պոպուլիստ ու պահպանողական քաղաքական ուժերի համար ազատ առեւտրի ու բաց սահմանների կողմնակիցների դեմ: Այս համատեքստում էլ Թրամփը չի վարանում օգտագործել ամերիկացի ընտրողների տրամադրությունները եւ կարողանում է համապատասխան հռետորաբանության միջոցով ազդել նրանց բնական վախերի վրա ու հակել հանրապետականների կողմը: Ըստ սոցիալական հարցումների` առաջիկա ընտրությունները կարող են դրական ելք ունենալ ինչպես դեմոկրատների, այնպես էլ հենց հանրապետականների համար: Թեպետ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ում սոցիալական հարցումների հավաստիությունը կարծես կասկածի տակ է դրվել, սակայն դատելով իրավիճակից` կարելի է պնդել, որ դեմոկրատները կկարողանան մեծամասնություն ստանալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Ի հեճուկս սրա` հանրապետականներն էլ կարող են մեծացնել իրենց առավելությունը Սենատում: Հաշվի առնելով կոնկրետ նահանգները, որտեղ անցկացվելու են քվեարկությունները` նման պատկեր ստանալը իրական է թվում:
Սակայն առավել կարեւոր է, որ նախագահը ընտրական շրջափուլում, պայմանավորված կարճաժամկետ հաջողության հավանականությամբ, սկսել է հարվածել նաեւ Սահմանադրությանը: ԱՄՆ-ում Սահմանադրությունը ոչ միայն քաղաքական ամենակարեւոր փաստաթուղթն է, այլեւ պետության հիմքը: Դրա հանդեպ պատկառանքը ձեւավորվել է հարյուրամյակների ավանդույթներով, եւ հազվադեպ կարելի է հանդիպել դեպքերի, երբ պետական կամ քաղաքական գործիչները քննադատեն սահմանադրական կարգավորումները: Թրամփն իր արտառոց քաղաքական վարքագծով հասցրեց անվանարկել նաեւ Սահմանադրությունը: Անդրադառնալով 14-րդ ուղղմանը` նա պնդել է, որ դա խելագար ու անհեթեթ քաղաքականություն է ենթադրում: Անշուշտ, Թրամփը դեռ ավելի վաղ էր կողմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններով նախագահի պաշտոնավարման ժամանակային սահմանափակումը վերացնելուն եւ անգամ գովաբանում էր չինական ու ռուսական նախադեպերը: Այս մի փորձն արդեն փաստում է, որ Թրամփի մոտ Սահմանադրության հանդեպ բացասական վերաբերմունքը շարունակական է դառնում, ինչը հղի է լրջագույն վտանգներով: Օրինակ` Հայաստանում, երբ 1998թ. նախագահ ընտրվեց Սահմանադրության կոպիտ խախտմամբ, սահմանադրաիրավական կարգը բռնեց քայքայման ուղին` հիմք դնելով սահմանադրությունը չարիք հռչակելու քաղաքականությանը: Դրա արդյունքում էր նաեւ, որ պետության մեջ բոլոր արատների մեղավոր ճանաչելով մայր օրենքը` 2015թ. այն փոխվեց մեկ անձի իշխանավարությունը շարունակելու համար: Ինչեւէ, ԱՄՆ-ում, սակայն, պետական կառավարման ավանդույթներն այնքան խորն են, իսկ քաղաքական համակարգն այնքան ճկուն ու հավասարակշիռ, որ դժվար թե Թրամփին թույլ տրվի որեւէ ոտնձգություն կատարել դրա նկատմամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

24-Ի՞Ն, ԹԵ՞ 31-ԻՆ
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Եվ իրավական ակտերում հստակ նախանշված են ժամկետներ, թե դրանից հետո ինչ գործընթացներ են տեղի ունենալու, եւ երբ է գումարվելու արդեն նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Իսկ ահա Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ այսինքն դեկտեմբերի 16-ին, պետք է արձանագրություն կազմի վերջնական արդյունքների վերաբերյալ: Այսինքն՝ դեկտեմբերի 16-ին (կիրակի) հրապարակվելու են ընտրությունների վերջնական արդյունքները, եւ դրան հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը կլինի ԱԺ առաջին նիստը: Դեկտեմբերի 16-ին մեկ երկուշաբթի հաջորդում է դեկտեմբերի 17-ին, եւ հաջորդած երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 24-ն է: Իհարկե այս դրույթը կարող է մեկնաբանվել նաեւ որպես երկու երկուշաբթի անց, եւ այդ դեպքում կհամարվի դեկտեմբերի 31-ը, սակայն հստակ նշված է դրան հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը: Այսինքն` նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, որի ժամանակ կընտրվեն ԱԺ նախագահ, փոխնախագահներ, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը բացարձակ մեծամասնություն լինի, ապա վերջինս վարչապետ կդառնա իրավունքի ուժով:

 

 

ՇՏԱՊԵԼ ԵՆ ՈՒ ՇՓՈԹԵԼ
ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հերթական «գլուխգործոցն» է երեւան եկել: «Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի եւ իր տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը: Ըստ որոշ տեղեկությունների` նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի եւ Դավիդյանցի միջեւ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Թորոսյանը հետին թվով` հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել տնօրենների, տեղակալների եւ գլխավոր հաշվապահների աշխատավարձերի չափաբաժինների մասին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱՆ-ից փոխանցեցին, որ նման բան չկա, անգամ տեխնիկապես դա հնարավոր չէ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Եւ ամենաուշագրավն այն է, որ Թորոսյանը ուժը կորցրած է ճանաչել` հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի N 728-Լ որոշումը: Բայց այնքան են շտապել նախարարությունում, որ հրամանի մեջ շփոթել են` նշելով «հուլիսի 11»: Մինչդեռ վարչապետը ընդունել է N 728-Լ որոշումը հունիսի 11-ին:

 

 

ՈՉ ԼՈՒՐՋ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումները ակտիվացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունը, բայց միաժամանակ նշել է, որ մինչեւ Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը դժվար թե հնարավոր է լրջորեն զբաղվել այդ հարցով: «Քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքական բավականին բուռն գործընթացները, դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակնր ճգնաժամից դուրս գալու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար»,-նշել է Լավրովը:

 

 

«ՉԵՆ ՆԵՂԵԼՈՒ»
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով` հաջորդ տարի 50 մլրդ դրամով ավելանալու են հարկային եկամուտները տնտեսության զարգացման եւ հարկային վարչարարության հաշվին: «Հարկային մարմինները ոչ ոքի չեն «նեղելու», հարկային վարչարարությունն իրականացվելու է կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ»,-ասել է ՊԵԿ նախագահը: Հարցին, թե նախկինում ՊԵԿ նախագահն ասել էր, որ եթե վարչապետը գոհ չլինի, ապա ինքը հրաժարական կտա, հիմա Նիկոլ Փաշինյանը գո՞հ է, թե՞ դժգոհ, վերջինս պատասխանել է. «Եթե դուք երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնակատարի ելույթը լսել եք, ինքը շատ հստակ շեշտադրումներ արեց, որ հոկտեմբերին մենք ունեցել ենք հարկային պատմության մեջ աննախադեպ մուտքերի ծավալ, եւ այդտեղ նա գնահատեց հարկ վճարողի ու հարկային մարմնի արդյունավետ աշխատանքը: Եթե դա ԱԺ ամբիոնից է հնչեցվում, ի՞նչ եք կարծում, դա գոհունակությա՞ն, թե՞ փնովման խոսք էր»,- ասել է Դավիթ Անանյանը:

 

 

ՄԻԱՅՆ ՄԵԿ ԲԱՆ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շարունակելու է պաշտոնավարել, ասել է. «Ես այս պահին մտածում եմ ընդամենը մեկ բանի մասին` պատշաճ ձեւով կազմակերպել ընտրություններ»: Հարցին, թե քաղաքական իշխանության հետ եղել է քննարկում իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ, Տ. Մուկուչյանն ասել է, որ այս պահին կազմակերպում եւ անցկացնում են ընտրություններ, հանձնաժողովը ձեւավորվել է, գործում է, եւ թիվ մեկ խնդիրը ընտրությունները նորմալ կազմակերպելն է:

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Կամո Արեյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Նշենք, որ Կամո Արեյանը երկար տարիներ զբաղեցրել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը:

 

 

ԿԱՐՃԱՏԵՎ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կարճատեւ արձակուրդ մեկնելու մասին: «Մինչեւ երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ` ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ»,-նշել է Ն. Փաշինյանը:




Լրահոս