«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքը կազմած «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին առաջարկել է ԱԺ ընտրություններին մասնակցել ոչ թե դաշինքով, այլ իրենց կուսակցությամբ: Իսկ այդ առաջարկը մեկնաբանել է, թե գործող Ընտրական օրենսգրքի պարագայում իրենց շանսերն այնքան էլ իրատեսական չեն: Արամ Սարգսյանը չի ընդունել Էդմոն Մարուքյանի առաջարկը, եւ նրանց ուղիները եւս բաժանվեցին: Սակայն այնպես չէ, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում են դաշինքում նման խոսակցություններ սկսել քննարկվել. ըստ էության, հենց ավագանու ընտրություններից հետո ԼՀ-ում մտավախություններ են առաջացած եղել, սակայն նոր Ընտրական օրենսգիրքը տապալելու պարագայում դրանք ավելի են խորացել:
Եվ ահա նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ առանձին է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Հանրապետություն» կուսակցության կողմից հայտարարությունը եւս չուշացավ. նրանք էլ հայտարարեցին, թե «Հանրապետությունը» միանշանակ մասնակցելու է ընտրություններին, սակայն ձեւաչափը չբացահայտեցին:
Սակայն ոչինչ թաքցնել հնարավոր չէ, եւ երեկ հայտնի դարձավ, որ «Հանրապետություն» կուսակցությունը ծրագրում է արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ միասին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց Արամ Սարգսյանն է նախաձեռնել բանակցությունները «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Եվ երեկվանից այս երկու կուսակցությունների ղեկավարներն ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ են: Ընդ որում, մեր տեղեկություններով` առաջին եռյակի շուրջ նույնիսկ արդեն հստակություն է առկա, եւ որոշվել է, որ այն պետք է գլխավորի Խաչատուր Քոքոբելյանը, իսկ Արամ Սարգսյանը կլինի երկրորդը, նրան էլ կհաջորդի Արտակ Զեյնալյանը:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանի հետ:
-Ի վերջո, ո՞րն է «Լույս» դաշինքի պառակտման պատճառը, եւ ի՞նչ առաջարկ է եղել Էդմոն Մարուքյանի կողմից։
-Բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ մասնակցելու ենք ոչ թե «Լույս» դաշինքի ֆորմատով, այլ միմյանցից անկախ։ «Լուսավոր Հայաստանը», ըստ էության, գնալու է հենց իրենց կուսակցությունով։ Մեզ համար անընդունելի էր կուսակցական ֆորմատը, որովհետեւ մենք գնում էինք դառնալու երկրորդ ուժը խորհրդարանում։ Եվ կուսակցական ֆորմատն անընդունելի է, քանի որ այդտեղ կա 5 տոկոս հաղթահարելու մտավախություն, եւ մեր կուսակցության յուրաքանչյուր անդամի համար դա անընդունելի էր։ Իհարկե «Իմ քայլը» դաշինքը վերցնելու է մեծամասնություն, քանի որ հեղափոխություն արած ուժ է եւ սիրված վարչապետ, եւ միանշանակ առաջին տեղ ժողովուրդը նրանց է տեսնելու։ Այդտեղ արդեն առաջ են գալիս ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն։ Եվ վերջինի պարագայում ես կարծում եմ, որ պետք է ողջախոհություն դրսեւորեն եւ չմասնակցեն ընտրություններին։ Իսկ մենք ՝ կուսակցությունով քննարկումների մեջ ենք այլ կուսակցությունների հետ, եւ մեծ հավանականություն կա, որ ընտրություններին կմասնակցենք դաշինքային ֆորմատով։
-Խոսքը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների մասի՞ն է։
-Քննարկումներ իրենց հետ ընթանում են։ Կուսակցության հետ որեւէ խնդիր չկա, մենք իրենց հետ համախոհներ ենք։ Այդտեղ մենք խնդիր չենք տեսնում։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Գուցե եւ մենք ցուցակ ներառենք նաեւ քաղաքացիական ակտիվիստների, այլ կուսակցություններից թեկնածուներ եւս. այդ ամենը քննարկումների փուլում է։
-Դուք ասացիք, որ գնում էիք ընտրությունների երկրորդ ուժ դառնալու ակնկալիքով։ Ստացվում է՝ Էդմոն Մարուքյանի եւ իր ուժի անդամների մոտ անվստահությու՞ն է առաջացել սեփական ուժերի նկատմամբ։ Եվ արդյոք պատճառը նաեւ Ընտրական օրենսգրքի տապալումն էր։
-Գուցեեւ: Երեւի թե այդ հարցը ճիշտ կլինի իրենց տալ, թե ինչն իրենց մոտ անվստահություն առաջացրեց։ Բայց, ամեն դեպքում, ցավալի է, որ չփոխվեց Ընտրական օրենսգիրքը։ Մենք չենք վախենում ո՛չ գործող Ընտրական օրենսգրքի պարագայում, ո՛չ էլ չընդունված Ընտրական օրենսգրքի պարագայում։
-Այսինքն, Ձեզ մոտ որեւէ կասկած չի՞ եղել, որ «Լույս» դաշինքով ընտրություններին մասնակցելու պարագայում կհաղթահարեիք 7 տոկոսի շեմը։
-Ոչ, մեր կուսակցությունում մենք այլ արժեքներ կրող ենք եւ մենք միշտ վստահ ենք մեզ վրա։
-Իսկ ա՞յժմ. եթե ընտրություններին գնաք «Ազատ դեմոկրատների» հետ միասին, կրկին նույն վստահությունն առկա՞ է։
-Միանշանակ ոչ։ Ես աբսուրդային եմ քաղաքական ուժի խաղի մեջ մտնելը հեռանկար չունենալու պարագայում։
-Գաղտնիք չէ, որ ցանկացած դաշինք ձեւավորելիս պայքար է ընթանում նաեւ ընտրացուցակի համար։ Ձեր կուսակցությունը պատրա՞ստ է ընտրությունների գնալ մեկ այլ ուժի ներկայացուցչի՝ այն գլխավորելու դեպքում։
-Գիտեք, մենք ամբիցիոզ չենք։ Եթե մենք հանդես գանք դաշինքով, կրկին լինելու են քննարկումների արդյունքում։ Եվ մեր կուսակցությունը եւ տվյալ դեպքում «Ազատ դեմոկրատների» հետ, չեմ կարծում՝ որեւէ խնդիր առաջանա։
-Հնարավո՞ր է «Հանրապետություն» կուսակցությունը հանդես գա «Իմ քայլը» դաշինքով։
-Բանակցություններ բոլոր ուղղություններով ընթանում են։ Մենք «Իմ քայլը» դաշինքի հետ չենք բացառում, կան ուժեր ում հետ բացառում ենք։ Ժողովրդի դիրքերից ենք հանդես գալիս այս պարագայում։
-«Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցություններ սկսելը եղել է Արամ Սարգսյանի՞ նախաձեռնությամբ։
-Ավելի շատ ինքնաբուխ է ստացվել, քանի որ մենք բոլորս տեսել ենք համագործակցության եզրեր։ Այնպես չէ, որ Արամ Սարգսյանը միանձնյա է որոշել եւ առաջարկել։
-Այդ քննարկումները սկսվել են դաշինքի պառակտումի՞ց հետո, թե՞ նաեւ ԼՀ-ի հետ միասին։
-Այնպես է, որ ԼՀ-ն եւս լիբերալ-դեմոկրատ կուսակցություն է, եւ դա նույն դաշտն է։ Բայց հիմնական քննարկումները եղել են «Լույս» դաշինքի պառակտումից հետո։
-Իսկ վաղո՞ւց են խմորումներ եղել դաշինքում։
-Դաշինքում խմորումներ չկան։ Մենք, ինչպես ՔՊ-ի հետ, ցանկացած պարագայում ընկերներ եւ համակիրներ ենք, այնպես էլ ԼՀ-ի հետ։ Ըստ էության, մեկ ամիս առաջ են ավարտվել ընտրությունները, եւ խմորումներ չեն եղել, միգուցե ներանձնական նյուանսներ են եղել։ Իսկ այս ամենը եղավ վերջին երկու շաբաթվա մեջ։ Հիմնական պատճառը եղել է կուսակցությունով հանդես գալը, որը մեր յուրաքանչյուր անդամի համար անընդունելի է եղել։
-ԼՀ-ին չե՞ք առաջարկել մասնակցել «Հանրապետություն» կուսակցությունով։
-Դա էլ է քննարկվել, բայց այստեղ հարցն այն չէր, թե որ կուսակցությունով։ Խնդիրը մտավախությունն էր կուսակցությունով գնալու։ Դաշինքը միշտ ներառական ու ժողովրդավար է։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն մի քանի տարի է, ինչ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովից պահանջում է վերադարձնել պարտքը: Խոսքը 118 հազար դրամի մասին է: Տեղեկացնենք, որ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն դեռեւս 2003 թվականի նոյեմբերի 3-ին «Արմավիա» ավիաընկերությանը տրամադրել է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության սնանկության գործով կառավարիչը հոկտեմբերի 24-ին գրությամբ դիմել է Հանձնաժողով եւ խնդրել տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել: Բայց չնայած սրան` ՀԾԿՀ-ն ընկերությանը պարտադրում է պետական բյուջե փոխանցել ռադիոհաճախականության օգտագործման 118 հազար դրամ պարտքը:
ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է
Երեկ հայտնի դարձավ, որ բացատրական աշխատանքների համար Ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել հայտնի հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը` Դինա Ակոպովնան: Դիանա Գրիգորյանը փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր, քանի որ ԱՄՆ-ում նրան մեղադրանք է առաջադրվել մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել այս թեմային` տեղեկացնելով, որ ԱՄՆ իրավապահները բացահայտել էին, թե ինչպես է ՀՀ քաղաքացիներին պարի կեղծ վկայագրերով տրամադրվել ազգային կոստյումներով բեմականացված լուսանկարներ, որոնք կբավարարեին «P-3» տեսակի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու պահանջները: Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 47-ամյա Ստելլա Բոյաջյանին Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանին: Այս գործի շրջանակներում անցնում էր նաեւ հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը: Ի դեպ, մինչեւ թավշյա հեղափոխությունը հաղորդավարուհին վստահաբար պնդում էր , որ այդ ամենի հետ կապ չունի եւ, առհասարակ, ԱՄՆ մուտքի արտոնագրից չի զրկվել, սակայն այսօր արդեն ինքնակամ ներկայացել է իրավապահներին:
ՀԱՄԱՌՈՒՄ Է
Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանը բավական ծանր է տարել մեր թերթի հրապարակումն այն մասին, թե ինչպես է ինքը ոչ աշխատանքային օրերին գործուղումներ ձեւակերպում, մեկնում մարզի համայնքներ` այդ ամենի դիմաց կրկնակի վճարվելով, ասել է թե` նա օգտվում է օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավորություններից, սողանցքներից շատ վճարվելու համար: Իր կողմնակիցների հետ Գեւորգյանը սոցիալական ցանցը ողողել էր «Ժողովուրդ» օրաթերթի հասցեին քննադատական արտահայտություններով, եւ սա այն դեպքում, երբ մենք մեկնաբանությունների համար դիմել էինք մարզպետին, իսկ ինքն էլ չէր հերքել այդ ամենը: Դավիթ Գեւորգյանին, թերեւս, չէր խանգարի ոչ թե կառչել ձեւակերպումներից, այլ գործուղումների մեկնել աշխատանքային օրերին խնայելու համար պետական բյուջեի միջոցները:
ՓՈՐՁՈՒՄ Է ԻՆՏՐԻԳ ՄՏՑՆԵԼ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պատմել է Ղազախստան իր այցի մասին: Նա տեղեկացրել է, որ մասնակցել է ԱՊՀ կառավարությունների նեղ եւ լայն կազմերով քննարկումներին, ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Իր գրառման մեջ վերջինս շեշտել է` փաստաթղթերից երկուսը չի ստորագրել։ Սակայն պարոն Միրզոյանը չի մանրամասնել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Ամենայն հավանականությամբ նա փորձել է ինտրիգ մտցնել՝ խոսելով փաստաթղթերից երկուսը չստորագրելու մասին։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը քաղաքական նշանակություն չունեցող թղթերի մասին է, որոնք նա, այսպես, թե այնպես, կարող էր չստորագրել այն պարզ պատճառով, որ դրանք չեն առնչվում ՀՀ-ին: Մասնավորապես, խոսքը միջուկային վթարի պատրաստվածության առումով համագործակցության փաստաթղթի մասին է։ Նաեւ նա չի ստորագրել ԱՊՀ տնտեսական դատարանին առնչվող փաստաթղթեր, քանի որ ՀՀ-ն ԱՊՀ տնտեսական դատարանից հրաժարվել է ավելի քան տասը տարի առաջ:
Լ. Մ.