ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԵՆ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում իր համամասնական ընտրացուցակի անդամներին առաջադրել նաեւ ռեյտինգային ընտրակարգով: Ընդ որում, «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով իրենց թեկնածությունն են առաջադրելու Փաշինյանի քաղաքական թիմի անդամ նախարարները: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն», Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից են, հետեւաբար նրանք չեն լինի «Իմ քայլը» դաշինքում: Ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվի նաեւ պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, սպորտի եւ երիտասարդության նախարարները՝ Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը, Ատոմ Ջանջուղազյանն ու Գաբրիել Ղազարյանը:

Երեկ արդեն նախարարներից երկուսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայտարարել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին:
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն ասել է, թե ինքը լինելու է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում եւ առաջադրվելու է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող 3-րդ ընտրատարածքում։ Նշենք, որ Արայիկ Հարությունյանը այդպես էլ չի հստակեցրել` ընտրվելու դեպքում գնալո՞ւ է խորհրդարան, թե՞ շարունակելու է նախարարի աշխատանքը։
«Այս պահին որեւէ որոշում չկա, ըստ արդյունքների եւ թիմի հետ քննարկումների պարզ կդառնա։ Ես լիարժեք շարունակում եմ իմ պարտականությունները»,- մասնավորապես ասել է նա։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու մասին խոսել է նաեւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը եւ ասել, որ ինքը հստակ որոշել է` մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրություններին եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններում։
«Մենք թիմով որոշում կկայացնենք՝ ինչպես ենք վարվելու ընտրություններից հետո։ Մի բան հստակ է՝ մեր որոշումն է ունենալ թե՛ լավ կառավարություն, թե՛ լավ Ազգային ժողով», – ասել է նա։
Ցուցակը միայն այս նախարարներով չի սահմանափակվում։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ռեյտինգային ընտրակարգով միգուցե առաջադրվեն նաեւ ՔՊ-ական փոխնախարարները, նաեւ մարզպետները: Շատ է խոսվում այն մասին, որ «Իմ քայլի» ցուցակներում լինելու են նաեւ Հանրապետական կուսակցության նախկին անդամներ։ Այդ հեռանկարը չէր բացառել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ու այս համատեքստում հետաքրքիր է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ հարցին, թե իրենց ցուցակում ներառված կլինե՞ն ՀՀԿ ներկայացուցիչներ կամ մարդիկ, որոնք նախկինում եղել են ՀՀԿ կազմում, ասել է. «Մենք որոշում ունենք, որ մեր ցուցակում աշխատելու ենք չներգրավել մարդկանց, որոնք կարող են ստվերել «Լուսավոր Հայաստանի» կամ «Լույսի» 0,1 տոկոսը, որքան էլ ձայն նրանք կարողանան բերել։ Տեղներս այնքան նեղ չի, որ նման քայլերի դիմենք»։ Այլ կերպ ասած` նա անուղղակի կերպով ակնարկներ է հնչեցրել Փաշինյանի թիմի հասցեին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը պատասխանել է այս թեմային վերաբերող հարցերին:
-Պարո՛ն Կոստանյան, հայտնի է երկու նախարարի անուն, ովքեր լինելու են ձեր ցուցակներում։ Կառավարության բոլո՞ր անդամներն են լինելու այդ ցուցակներում։
-Ըստ էության, քաղաքական թիմի մեծ մասը առաջադրվելու է, այդ թվում են նաեւ կառավարության անդամներ։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, բոլոր նախարարներն էլ կլինեն ցուցակներում։
-Սա չի՞ լինի վարչական լծակների կիրառում։
-Այդ տրամաբանությունը հին Հայաստանում է գործել։ Հիմա չի կարող այդպիսի բան լինել։ Նախարարները իրենց լիազորությունները չեն օգտագործի այլ նպատակներով։ Եթե ուզենան քարոզարշավի մասնակցել, արձակուրդ կվերցնեն։
-«Իմ քայլը» դաշինքի ցուցակում լինելու են նաեւ Հանրապետականներ։ Մտավախություն չկա՞, որ սա կարող է լուրջ դժգոհություն առաջացնել ընտրողների մոտ։
-ՀՀԿ ներկայացուցիչներից ընդամենը երկու անուն է շրջանառվում։ Երկուսն են լինելու ցուցակում։ Եթե ընտրողը հիմա մտավախություն ունի, վստահ եմ` քարոզարշավի ընթացքում այդ մտավախությունը կհերքվի։

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

80 ԿՄ` ՄԵԿՈՒԿԵՍ ԺԱՄՈՒՄ
Ամեն օր 4 անգամ Տավուշի մարզկենտրոն Իջեւանից «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը ուղերթ է կատարում Վանաձոր: 80 կիլոմետր տարածությունը մեքենան անցնում է ավելի քան մեկուկես ժամում: Դրա պատճառը միայն այն չէ, որ այդ ճանապարհին Հաղարծին, Թեղուտ, Դիլիջան, Ֆիալետովո, Մարգահովիտ, Լերմոնտովո բնակավայրերում ուղեւորներ են իջնում-բարձրանում: Շատ ավելի լուրջ պատճառ է Դիլիջանից մինչեւ Վանաձոր ավտոճանապարհի անբարեկարգ վիճակը. այն անհարթ է, ամբողջությամբ ծածկված ասֆալտի կարկատաններով: Ավտոմեքենան չի կարողանում այդ ճանապարհին արագություն հավաքել: Ձմռանը օրեր են լինում, երբ առավոտյան վարորդը չի համարձակվում ուղերթ կատարել, որովհետեւ Վանաձոր-Դիլիջան ճանապարհը սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ աշխատողները ճանապարհի ձյունը եւ սառույցը մաքրած չեն լինում: Անցած ձմեռ` դեկտեմբերին, Դիլիջան-Վանաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի սկզբնամասում` Դիլիջան քաղաքից դուրս, մի քանի կիլոմետր ճանապարհ սառցակալած էր: Այդ տարածքում վերջին անգամ ձյուն տեղացել էր ավելի քան 10 օր առաջ, սակայն «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ աշխատողներն այդ ընթացքում ճանապարհը չէին մաքրել սառույցից եւ ձյան շերտից: Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհով պարբերաբար երթեւեկող վարորդները ասում են, որ վաղուց հարկ է ճանապարհը հանձնել մասնավոր անձի կամ կազմակերպության, որն իր միջոցներով այն կհիմնանորոգի, բարեխիղճ կսպասարկի, թեկուզ դրա համար ճանապարհով երթեւեկը վճարովի դարձնի:

 

 

540 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նոյեմբերի 2-ին որոշում է ընդունել ՀՀ պետական բյուջեով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ Տավուշի մարզպետարանին նախատեսված միջոցներից 540 հազար դրամ գումար «Աշնանային գունեղ մեղեդիներ» միջոցառման կազմակերպմանը հատկացնելու մասին: Նկատենք, որ նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի պաշտոնավարման օրոք պետբյուջեից մեծ գումարներ էին հատկացվում մշակութային միջոցառումներին: Տավուշի մարզում բազում հարցեր կան, որոնք չեն լուծվում գումարների բացակայության պատճառաբանությամբ, իսկ մշակութային միջոցառումների համար պետբյուջեից մեծ գումարներ են տրվում: Փաստորեն, նույն աշխատաոճը շարունակում է նոր մարզպետը: Մինչդեռ «Աշնանային գունեղ մեղեդիներ» միջոցառումը կարելի էր կազմակերպել մարզի համայնքների մասնակցությամբ, համայնքների ֆինանսական միջոցներով: Վերջերս Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, մշակութային խնդիրներով զբաղվող «Ավանդույթ» ՓԲԸ-ն 220 հազար դրամ է հատկացրել իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանի գրած, Նիկոլ Փաշինյանին ձոնված 180 էջանոց «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը տպագրելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԵՐԵՎԱՆԸ ԱՂԲԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ

Երեւանը դարձյալ աղբի մեջ է, իսկ աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք»-ը` ընդհատակում:

Երեւանի համար կարեւորագույն` աղբահանության հետ կապված խնդիրը դեռեւս լուծում չի ստանում: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բնակիչները առիթը բաց չեն թողնում ընկերության աշխատանքի վերաբերյալ իրենց վրդովմունքը, զայրույթը արտահայտելու: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում բազմաթիվ երեւանցիներից դժգոհություն ստանալ:
Նրանց պատմելով` «Սանիտեք»-ը օրերով չի դատարկում աղբամանները, իսկ աղբի հսկայական կուտակումների, գարշահոտության մասին ավելորդ է խոսել: Երեւանի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի աղբամանները կենցաղային աղբով լի են: Եւ արդեն մի քանի ամիս է, ինչ «Սանիտեք»-ը ուղղակի անգործության է մատնված: Սա անգամ այն բանից հետո, երբ ՏԻՄ նախկին ներկայացուցիչները երկու անգամ տուգանեցին «Սանիտեք»-ին պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբի մաքրման ծառայություն իրականացվում են թաղապետարաններին պատկանող աղբի մեքենաներով, այն դեպքում, երբ սեպտեմբերի վերջին «Սանիտեք»-ի երկար սպասված աղբի մեքենաները Հայաստան հասան: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում կապ հաստատել ընկերության հետ, քանի որ ոչ ոք չի բարեհաճում պատասխանել մեր հեռախոսազանգերին:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 22-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ «Սանիտեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները գնահատում է անբավարար: Նա նաեւ նշել էր, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը եւ է՛լ ավելի խստացվի վերահսկողությունը: Բայց, կարծես թե, «Սանիտեք»-ի աշխատանքը այդպես էլ չի «վերահսկվում»: Հակառակը, ընկերությունը շարունակում է չկատարել պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին Երեւանում գործող օպերատորը «Սանիտեք» ընկերությունն է: Ապա ավելացրեց, որ քաղաքապետարանը ընկերության հետ ինտենսիվ համագործակցում է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` հնարավո՞ր է առաջիկայում քաղաքապետարանը լուծարի «Սանիտեք»-ի հետ կնքված պայմանագիրը, մամուլի խոսնակն արձագանքեց` նշելով, որ քաղաքապետարանը այլ լուծումների մասին հանրությանը անպայման կտեղեկացնի:
Մնում է հուսալ, որ այդ լուծումներն արագ կգտնվեն, ու խնդրին արագ լուծում կտրվի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս