«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Կյանք ու կռիվ 2», «Լյուդվիգ անունով ոզնին», «Վարդապետի լռությունը» ֆիլմերից հայտնի դերասանուհի Անի Ղազարյանը: Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում հանդես եկած դերասանուհին 2015-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»: Անին ամուսնացած է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ, շուտով լույս աշխարհ կգա նրանց երկրորդ դուստրը: Մենք դերասանուհու հետ զրուցել ենք նրա նախասիրությունների, բնավորության հայտնի եւ անհայտ գծերի մասին:
-Անի, էությամբ խաղա՞ղ, թե՞ անհանգիստ մարդ եք:
-Միանշանակ խաղաղ: Այդ հանգամանքը հիմնականում ինձ օգնում է:
-Նախընտրում եք ոչ հոգեհարազատ, բայց փողաբե՞ր, թե՞ հոգեհարազատ, բայց ոչ փողաբեր ուղի:
-Հոգեհարազատ, բայց ոչ փողաբեր: Իհարկե, իմ կյանքում եղել է փուլ, երբ ստիպված եմ եղել ընտրել հակառակը, բայց հիմա, անշուշտ, իմ ուզած ճանապարհով եմ ընթանում:
-Ձեզ համարում եք տիեզերքի մի մասի՞կը, թե՞ ինքներդ մի միկրոկոսմոս եք:
-Տիեզերքի մի մասնիկը:
-Շատախո՞ս եք:
-Չէ, քիչ եմ խոսում: Կարծում եմ` իմ այդ հատկությունը շահեկան է:
-Լավ երաժշտությունը կարո՞ղ է փոխել Ձեր կյանքը:
-Կարող է փոխել իմ տրամադրությունը, որոշումը:
-Նախընտրում եք խաղաղություն առանց երջանկությա՞ն, թե՞ երջանկություն առանց խաղաղության:
-Երջանկություն առանց խաղաղության:
-Հեռանում եք պարբերաբար, հետո վերադառնո՞ւմ, թե՞ մեկ անգամ, բայց ընդմիշտ:
-Մեկ անգամ, բայց ընդմիշտ:
-Շարունակեք միտքը. «Տղամարդիկ երբեք չեն հասկանա, որ…»
-Կանայք շատ բան են հասկանում:
-Լավ ժամանցն ապահովված է` ընկերների հետ փարթի անելո՞վ, թե՞ տանը, միայնակ, բուխարու առաջ գիրք կարդալով ու թեյ խմելով:
-Այդ երկուսի միքսը, այսինքն` ընկերների հետ, բայց տանը հավաքվելով: Հաճախ ենք այդպիսի երեկոներ ունենում:
-Ո՞ր գրքի հիման վրա նկարահանված ֆիլմն եք համարում ազդեցիկ եւ ստացված:
-Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի էկրանավորումը` Կիրա Նայթլիի գլխավոր դերակատարմամբ:
-Երկիր, ուր անպայման պետք է այցելել:
-Իտալիա, բայց ինքս դեռ չեմ այցելել:
-Համբերատա՞ր եք:
-Շատ, բայց կարող եմ մի անգամ բռնկվել եւ շատ ուժգին, երբ համբերությանս բաժակը վերջնական լցվի:
-Ի՞նչ կամ ո՞վ է Ձեր թուլությունը:
-Երեխաներս:
-Ձեր երեխաների համար պահանջկո՞տ մայր եք, թե՞ լավ ընկեր:
-Թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց ավելի շատ ընկեր եմ, քան սաստող մայր:
-Ձեր բնավորության մի վատ գիծ, որ միշտ երեսով են տալիս:
-Մայրս, օրինակ, միշտ ասում է, որ ես ցոփ եւ շվայտ ծախսող եմ, եւ, իսկապես, հաճախ գումար եմ տալիս ոչ այդքան պիտանի բաների դիմաց:
-Ո՞րն է կանանց էության ամենաանտանելի կողմը:
-Նայած ում տեսանկյունից նայես, բայց ինձ թվում է` անտեղի համառությունը:
-Երբ անտրամադիր եք, ո՞վ է բարձրացնում Ձեր տրամադրությունը:
-Ընտանիքիս անդամները, հաճախ նաեւ ընկերներս:
-Մհեր Մկրտչյանը միշտ Ձեզ ասում է, որ…
-Կյանքն այնպիսին չէ, ինչպիսին ես եմ պատկերացնում. այն ավելի բարդ է:
-Ձեր մասին լսած մի բամբասանք, որը շատ է ազդել Ձեզ վրա:
-Անկեղծ ասած` բամբասանքները վերջին շրջանում քչացել են, երեւի մարդիկ վախենում են Մհերից (ծիծաղում է), բայց դրանցից մեկը սրտիս դիպել է: Ֆեյսբուքյան մեկնաբանություններում ասում են, թե Մհեր Մկրտչյանի հետ ամուսնացել եմ, քանի որ նա ամենապահանջված ռեժիսորն է, հետագայում կլինեն ավելի պահանջվածները, ու ես կընտրեմ ուրիշին:
-Ինչի՞ց եք վախենում:
-Չհասցնելուց:
-Եվ վերջին հարցը` Ձեր առջեւ դնում եք նպատակնե՞ր, թե՞ պահում եք երազանքներ:
-Ավելի շատ երազանքներ եմ պահում: Երեւի թե արվեստի մարդուն առավել բնորոշ է եթերային այդ հոգեվիճակը…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՆՍԵՐԸ ՄԻՆԻՄԱԼ ԵՆ»
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները հարյուր տոկոսով լավն են լինելու, ժողովրդի սրտով: Մեր ազգը երկար տանջվեց, հիմա շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան: Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա: Ինքը երդվյալ տղա է, ասում է` եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք: Չի համարում, որ հավերժ է եկել իշխանության»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը:
Նա հիշեցնում է ժողովրդական հայտնի խոսքը` «Ձայն բազմաց` ձայն Աստծո»: Դերասանի կարծիքով` ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի:
Հարցին, թե ինչպես է գնահատում հանրապետականների շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Հանրապետականների շանսերը մինիմալ են, ժողովրդի մեջ իրենցից լավ տպավորություն չի մնացել, իսկ Փաշինյանի հետեւում ոչ միայն հայաստանցիներն են, այլեւ ամբողջ հայ ազգը»:
Մեր զրուցակիցն այն համոզման է, որ քաղաքական դաշտում անհրաժեշտ է ընդդիմություն ձեւավորել: Նա ընդդիմադիր գործիչներին համեմատում է թատերագետների հետ. «Երբ դերասանը լավ չի խաղում, թատերագետը քննադատում է նրան, նույնը քաղաքական դաշտում պետք է լինի»,-նկատեց նա:Դերասանը երազում է, որ Հայաստանում շատ կուսակցություններ չլինեն, լինեն միայն երկուսը. «Թե չէ ամեն մեկն իր կուսակցական շահերն է առաջ տանում, ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»,-մեկնաբանեց պարոն Մովսիսյանը:
Նա նաեւ ցանկություն հայտնեց, որ Հայաստանում գա մի օր, երբ մարդիկ քաղաքականությունից չխոսեն. «Ուզում եմ ամեն մեկս սուսուփուս մեր գործն անենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ՔԱՆԴԱԿԸ
Եգիպտոսում ներկայացվել է «Լիվերպուլ»-ի եւ ազգային թիմի կիսապաշտպան Մուհամեդ Սալահի քանդակը: Ֆուտբոլիստի գլուխը բավականին մեծ է քանդակվել` ի տարբերություն շատ փոքր ձեռքերի եւ ոտքերի, ինչը համացանցում բազում կատակների տեղիք է տվել: Հիշեցնենք` անգլիական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: «Լիվերպուլ»-ի 11 տուրից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել 27 միավորով` «Մանչեսթեր Սիթի»-ին զիջելով 2 միավորով, իսկ «Չելսի»-ին` լրացուցիչ ցուցանիշներով:
ԿՄԱՍՆԱԿՑԻ
«Միլան»-ի հարձակվող Գոնսալո Իգուայինն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի` «Յուվենտուս»-ի հետ խաղին, որը կկայանա առաջիկա հանգստյան օրերին: Բժիշկների նախնական զննման արդյունքում ֆուտբոլիստի մոտ պոչուկի վնասվածք է ախտորոշվել: Վնասվածքը չի խանգարի ֆուտբոլիստին մասնակցել «Յուվենտուս»-ի հետ խաղին, սակայն նա միանշանակ բաց կթողնի Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Բետիս»-ի հետ արտագնա խաղը, որը կկայանա նոյեմբերի 8-ին Սեւիլիայում: Հիշեցնենք, որ Իգուայինի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուս»-ին: Այս ամառ հարձակվողը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է «Միլան»: Նշենք, որ «Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա կիրակի` նոյեմբերի 11-ին, «Միլան»-ի տնային` «Սան Սիրո» ստադիոնում:
ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանն ուսի վիրահատության է ենթարկվել: Սոցցանցի իր էջում մարզիկը նշել է, որ ամեն ինչ հաջող է անցել: Վերջերս Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վոլոդյա Ֆրանգուլյանը, հիշեցնենք, մեկնարկային գոտեմարտում 2:9 հաշվով պարտվել էր Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիեւին եւ դուրս մնացել հետագա պայքարից:
Նշենք, որ Վոլոդյա Ֆրանգուլյանը Եվրոպայի 2017 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է: