«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը օրերս հարցաքննության է հրավիրել ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին: Մեզ հետ զրույցում Անդրանիկ Միրզոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 31-ին Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավել գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին: Ըստ ՀՔԾ-ի` մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով հենց Հարությունյանի ցուցումով: Ըստ նախաքննական մարմնի` Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու համար: Սակայն Վահագն Հարությունյանը ապօրինի եւ շինծու է համարում իրեն առաջադրված մեղադրանքը:
-Պարո՛ն Միրզոյան, Դուք եղել եք ՀՔԾ նախկին պետ, տեղեկություններ ունենք, որ օրերս Ձեզ հարցաքննել են Մարտի 1-ի գործով: Այդպե՞ս է:
-Իհարկե կանչել են, սիրով գնացել եմ, սիրով ցուցմունքներ եմ տվել, հարցաքննվել եմ վկայի կարգավիճակով:
-Ձեզ մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ:
-Ինչո՞ւ համար մեղադրանք առաջադրեն, ի՞նչ ենք արել, գիշեր-ցերեկ աշխատել ենք, ինչպես որ այսօր տղաներն են աշխատում:
-Ի՞նչ հարցեր են Ձեզ ուղղել, ի՞նչ ցուցմունք եք տվել:
-Այդ հարցը ուղղե՛ք քննչական մարմիններին:
-Դուք եք եղել հարցաքննվողը: Ըստ ՀՔԾ-ի` մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով, ու նախաքննական մարմինը պարզել է, որ դա արվել է հենց Վահագն Հարությունյանի ցուցումով: Այս մասով Ձեզ հարց տվե՞լ են, տեղյա՞կ եք եղել, թե՞ ոչ: Արդյոք դո՞ւք եք հրահանգել իրականացնել փամփուշտների փոփոխությունը:
-Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի, եւ ինչ-որ տեղ կխոչընդոտեմ քննության օբյեկտիվ իրականացմանը, ավելի լավ է` այդ հարցը ուղղեք քննչական մարմիններին: Ես այլ բան կարող եմ ասել. երբ 2007 թվականին հիմնադրվել էր Հատուկ քննչական ծառայությունը, նոյեմբեր-դեկտեմբերին, լավ գիտեք, որ այն գործում էր ՀՀ գլխավոր դատախազության շենքում, ու դա ընկալվում էր դատախազության կցորդ: Աշխատասենյակներ չկային, համազգեստի, հաստիքների պակասություն, անընդհատ գրավոր դիմել եմ այստեղ, այնտեղ, ՀՀ կառավարությանը, որ հարցը լուծեն, բայց այդպես էլ հարցը չլուծվեց: Եւ այդպես դարձա բոլորի թշնամին: 2013 թվականին արդեն պարոն Կուտոյանի հորդորով դիմում գրեցի եւ դուրս եկա ու սկսեցին իմ նկատմամբ անհիմն հետապնդումները: Լավ գիտեք, անհիմն խուզարկություններ, եղբորս տղուն կալանավորեցին, հետո բաց թողեցին, տղայիս առաջխաղացումը կանխեցին եւ հատուկ հայտարարեցին, որ այս իշխանության օրոք մի՛ սպասեք ոչ մի բանի: Գիտությունների թեկնածու տղաս Ազգային անվտանգության ծառայությունից դուրս եկավ, էլի Կուտոյանի հրամանով: Ոչ կառավարության նիստերին են հրավիրել, նույնիսկ նախագահի ինագուրացիային չէին հրավիրում: Ես իրենց համար ուրիշ մարդ էի: Հիմա իշխանություն է փոխվել, նոր իշխանությանը ես ողջունում եմ հենց առաջին օրվանից, այսօր էլ եմ ողջունում եւ պատրաստ եմ ցանկացած բանի համար գնալ, պատասխան տալ, եթե ինչ-որ տեղ ես կամ: Ըստ Ձեզ` եթե ես հրահանգեի, ինձ դուրս կհանեի՞ն համակարգից կամ իմ տղային դուրս կշպրտեի՞ն, գիտությունների թեկնածուին: Իսկ ահա նոր ԱԱԾ տնօրենը եկավ եւ վերականգնեց տղայիս գործը, ես Արթուր Վանեցյանին չեմ ճանաչել, բայց նա եկավ եւ տղայիս վերականգնեց աշխատանքում: Ես վերջին 10 տարիների ընթացքում ստացել եմ երեք մատի կոմբինացիա:
-Հիմա փաստ է մեկ բան, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել: Պարզվել է, որ նա կոնկրետ կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինել է Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Դուք եղել եք ՀՔԾ նախկին պետ, սա Ձեզ համար նորությո՞ւն է, թե՞ գիտեիք:
-Կրկին ասեմ, որ չեմ ցանկանում որեւէ բան ասել, կրկնում եմ, կդառնամ շատ խոցելի մարդ, քանի որ չգիտեմ` Վահագն ինչ պատասխաններ ունի, քննչական մարմինը ինչ ապացույցներ ունի, տեղյակ չեմ, բայց մարդկայնորեն կարող եմ ասել, որ Վահագնը այդ աստիճան անգրագետ մարդ չի, նա շատ գրագետ քննիչ է եւ չի կարող գնալ նման կեղծիքների: Նույնիսկ ուղեղիս մեջ չի տեղավորվում, ինչպես դա կարող է լինել, սա իմ կարծիքն է:
-Դուք եղել եք իր ղեկավարը: ՀՔԾ նախկին պետ, Վահագն Հարությունյանը Ձեզ հետ չի՞ համաձայնեցրել, թե գործը ինչ ընթացք ունի, ինչ է պատրաստվում անել:
-Հատուկ քննչական ծառայության պետի լիազորությունները ուրիշ են, քննչական խմբի ղեկավարինը ուրիշ են: Քննչական խմբինը շատ ավելի շատ էր, ես զբաղվել եմ այն գործերով, որոնք ամենօրյա հնչեղություն ունեցող գործեր էին, ծանր գործեր էին:
-Այսինքն` Մարտի 1-ը Ձեզ համար ծանր գործ չէ՞ր:
-Չէ, այդպես չի, պարզապես ես այլ գործերով էի զբաղվում` հարցաքննություններ, տուժողներ, փորձաքննություններ, տեսագրություններ:
-Այսինքն` ինքը մարտի 1-ի գործի ընթացքի մասին Ձեզ տեղյակ չի՞ պահել:
-Ինքը պարտավոր չէր ինձ տեղյակ պահեր կամ զեկուցեր:
-Եթե ՀՔԾ-ի կողմից ներկայացված մեղադրանքը հիմնավոր է, անմեղության կանխավարկածը չխախտենք, Ըստ Ձեզ` ո՞վ կարող է իրեն հրահանգել:
-Ես չեմ պատկերացնում, որ Վահագնը նման բան աներ, հիմա ո՞նց ասեմ, թե ով կարող էր նրան հրահանգել:
-Եթե դատախազությունն ու ՀՔԾ նույն շենքում էին, Ըստ Ձեզ` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարո՞ղ էր նրան հրահանգել:
-Որեւէ բան չեմ կարող, ոչ էլ իրավունք ունեմ: Մեկ բան կասեմ, որ որոշ ընկերներ չթողեցին, որ այդ կառույցը կայանա, առանձին շենք ունենա, այլ բան չեմ ասում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐԸ ՉԵՆ ԱՍՈՒՄ
Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մեկը մյուսի հետեւից աղմկահարույց բացահայտումներ արեցին` կապված նախկին պաշտոնատար անձանց գործունեության հետ: Ավելին` նախաքննական մարմինները կամ դրանց ղեկավարները քննության ընթացքի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ են անում:
Սակայն այս ֆոնին բավականին զարմանալի է ՀՀ գլխավոր դատախազության գործելաոճը: Նրանք պարբերաբար պաշտոնական տեղեկություններ են հրապարակում, թե, օրինակ, 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 դրամ, կամ Տավուշի մարզային իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման 327 դեպք: 9 ամիսների ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 12.872.346 ՀՀ դրամ:
Ասել է թե` ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է վիճակագրություն, թե ինչ արդյունքներ ունի, բայց աղմկահարույց գործերով որեւէ հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազության կողմից չի իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս իրավիճակը բավականին խորը արմատներ ունի: Բանն այն է, որ նախաքննական մարմինները` ի դեմս քննիչների, տարբեր քրեական գործերով քննության կարեւոր հանգամանքների մասին գործը հսկող դատախազներին չեն հայտնում. նրանք ընդհանուր հայտնում են, թե ինչ են արել, բայց շատ կարեւոր հանգամանքների, հետագա պլանների մասին տեղյակ չեն պահում:
Տեղեկությունը պարզելու նպատակով դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Նման տեղեկությունների տարածումը դատախազության եւ նախաքննական մարմինների միջեւ անվստահություն սերմանելու կամ առնվազն հանրության մոտ նման իրավիճակի առկայության պատրանք ստեղծելու շարքից է: Նման բան չի կարող լինել այն պարզ պատճառով, որ դատախազներն ունեն քրեադատավարական բավարար լիազորություններ ու գործիքակազմ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության եւ դատավարական ղեկավարման իրենց գործառույթները կատարելու համար: Չնշելու համար այդ լիազորությունների ամբողջ ցանկը թերեւս բավական է միայն ասել, որ ցանկացած պահի դատախազը կարող է պահանջել քրեական գործը կամ վերջինիս նյութերին ծանոթանալ հենց քննիչի մոտ»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
Երեկ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ա. Ազատյանի մահվան փաստով քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդված 1-ին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
ՉԻ ԼԻՆԻ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, անդրադառնալով ՃՈ աշխատանքից դժգոհություններին, նշել է, որ կոնկրետ Ճանապարհային ոստիկանությունն ավելի լավ է աշխատում, քան տարիներ առաջ: Ուղղակի մեր ժողովուրդն ուզում է քնի, արթնանա, իդեալական լինի վիճակը: Ըստ ոստիկանապետի` օլիգարխներն ու նրանց թիկնապահներն ավելի շատ օրինապահ են դարձել. «Ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է: Ով չի կարողանում օրենքի սահմաններում լինել, լինում են էդպիսի գործընթացներ: Նախկինում էլ են եղել, այսօր էլ, վաղն էլ են լինելու»,-ասել է նա: Վ. Օսիպյանը խոսել է նաեւ Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությունից: Նա պնդել է, որ նման միջոցառումը չի լինելու: «Ոչ, չի լինելու: Այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում` նաեւ ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորումը»,-ասել է Օսիպյանը:
ԱԶԱՏ ԵՆ
6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը երեկ համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Քաղաքագետ Արկադի Վարդանյանը եւս համաներման կիրառմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից: