ԵՐԳԻՉԸ ՊԵՏՔ Է ՄԵՐ, ԱՅԼ ՈՉ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո յուրաքանչյուր քաղաքացի ակնկալում է փոփոխություն նաեւ իր կյանքում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ պարզելու, թե ինչ է փոխվել հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների կյանքում նոր Հայաստանում:

-Հետհեղափոխական Հայաստանում ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում, դրական կամ բացասական փոփոխություններ եղե՞լ են:
-Ես իմ բնավորությամբ միշտ հետեւողական եմ եւ սիրում եմ հետեւել ու հասկանալ իրական պատկերը, հետեւաբար կողմ կամ դեմ լինել: Քանի որ Հայաստանում նոր են փոփոխություններ տեղի ունեցել, ես միայն ուրախ եմ, որ իմ հայրենակիցները գոհ են այն իրավիճակից, որն այսօր երկրում կա: Եթե իմ հայրենակիցները գոհ են, ապա միանշանակ ես էլ եմ գոհ: Իմ կյանքում կոնկրետ փոփոխություններ տեղի չեն ունեցել, բայց հույս ունեմ, որ գալիք ժամանակահատվածում փոփոխություններ կլինեն:
-Նախկինում փողը, խնամի-ծանոթ-բարեկամը լուրջ դերակատարություն ուներ նորահայտ երգիչների կյանքում: Կարծիք կա, որ Դուք էլ եք էս գործոններով առաջ գնացել: Ձեր բացատրությամբ` ո՞րն էր ձեր հաջողության գաղտնիքը:
-Ես իմ բարեկամների կամ իմ մտերիմների միջոցով չէ, որ առաջ եմ գնացել իմ կյանքում: Եթե մարդ լույս աշխարհ է գալիս ինչ-որ գործ կատարելու համար, ապա նա անպայման կանգնում է այդ ճանապարհին, եւ ոչինչ չի կարող խոչընդոտել նրա ճանապարհը: Ես գտնում եմ, որ ի սկզբանե լույս աշխարհ եմ եկել, որպեսզի լինեմ երգարվեստում եւ փորձեմ ներկայացնել այն, ինչն այսօր ներկայացնում եմ: Եվ իմ կյանքում բացարձակ նման բան չի եղել, որ իմ ծնողները կամ մտերիմներն ինձ առաջ տանեն: Ես ունեմ այն, ինչ այսօր ունեմ, եւ իմ երկրպագուների մեծ բանակը ես ինքս եմ ստեղծել ու մեծ դժվարությամբ, որովհետեւ սկզբում եղել են դժվարություններ հասնելու իմ նպատակին: Այդ դժվարությունները մինչ օրս էլ կան:
-Ձեր կյանքում ե՞րբ եք ապրել ամենամեծ հիասթափությունը:
-Ցավոք սրտի կամ ի ուրախություն ինձ, իմ կյանքում շատ եմ հիասթափություններ ունեցել: Նայած` որ տեսակետից ես մոտենում հարցին: Եթե նայում ես որպես դաս, ապա դրանից ուժեղանում ես, իսկ եթե նայում ես որպես ցավ ապրելու առիթ, ապա` ի տխրություն: Ունեցել եմ հիասթափություններ, բայց, փառք աստծո, այս պահին իմ կյանքում կան այն հազվադեպ մարդիկ, որոնց համար կյանքս էլ եմ պատրաստ տալ: Նման մարդիկ քիչ են, եւ հուսով եմ, որ նրանք ինձ երբեւիցէ թիկունքից չեն հարվածի:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը:
-Փառք աստծո, լուրջ կորուստ չեմ ունեցել, սակայն մանր թերություններ կամ բացթողումներ, իհարկե, եղել են: Իսկ ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա ասեմ, որ ես ամեն վայրկյան մտածում եմ նոր գաղափարների շուրջ, որպեսզի ապագայում ունենամ լուրջ ձեռքբերումներ: Երգարվեստում փորձում եմ ավելի լուրջ աշխատել, որպեսզի ձեռքբերումներն արժանի լինեն իմ աշխատանքին:
-Որքան էլ անցանկալի թեմա լինի Ձեզ համար, սակայն շատերին հետաքրքրում է այս հարցը: Բազմաթիվ ասեկոսեներ են հնչում, որ Դուք ամուսնալուծվել եք: Գուցե, ի վերջո, պատասխանե՞ք այս հարցին եւ վերջ դրվի բոլոր խոսակցություններին: Դուք ամուսնալուծվա՞ծ եք:
-Միեւնույնն է, ամուսնալուծության թեման միշտ շոշափվելու է: Ես վստահ եմ, որ ես հիմա ինչ պատասխանեմ, միեւնույնն է, նորից խոսակցությունների շարունակություն է լինելու; Ես այս հարցը թողնում եմ փակ, այն չի քննարկվում եւ չի վերլուծվում: Այդ հարցը միայն ինձ համար է:
-Տարին գրեթե ամփոփվում է. ի՞նչ անելիքներ ունեք կիսատ թողնած: Ապագայում ի՞նչ պլաններ ունեք:
-Ասեմ, որ չեմ սիրում իմ անելիքների մասին խոսել, որովետեւ երբ բարձրաձայնում եմ, ապա ինչ-որ մի բան չի ստացվում կամ դանդաղում է: Անելիքներ, իհարկե, ունեմ, ամեն ինչ փորձում ենք հասցնել, ամեն ինչ ճիշտ, գրագետ ներկայացնել իմ հանդիսատեսին: Ունեմ նոր երգ: Նշեմ, որ նորություններ ունեմ նաեւ դիմահարդարման ոլորտում, այժմ կազմում եմ դիմահարդարների թիմ, որն աշխատելու է հենց իմ սրահում: Ես ինքս որպես դիմարհարդար չեմ հասցնելու աշխատել, բայց աղջիկների հարցում մանրակրկիտ ընտրություն եմ կատարում, որպեսզի լինեն լավ մասնագետներ:
-Վերջերս ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ շուոբիզնեսի ներկայացուցիչները նույնպես պետք է ներգրավվեն հարկային դաշտում ու իրենց ստացած եկամուտներից հարկեր վճարեն: Դուք դեմ չե՞ք հարկեր վճարելուն:
-Նախ եկեք մեր երկրում ստեղծեն մի այնպիսի իրավիճակ, որպեսզի երգիչները կարողանան բավականաչափ վաստակեն: Ես չեմ դժգոհում, սակայն ցանկություն ունեմ, որ մեր ոլորտում առաջխաղացում լինի: Լավ կլինի կազմակերպվեն շատ համերգներ, լինեն պետական համերգներ, եւ երգիչը մեր, այլ ոչ թե արտերկրում կարողանա վաստակել բավականաչափ գումար ու կարողանա կիսվել պետեկամուտների հետ: Եթե մեր երկրում վաստակենք բավականաչափ գումար, ապա ես միանշանակ կողմ եմ այդ օրենքին:
Տեսանյութը վաղը ArmLur.am-ում:

Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարվել է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը: Արքայական ակումբը տարեկան 15 միլիոն ֆունտ աշխատավարձ է առաջարկել արգենտինացի մասնագետին: Պոչետինոն «Տոտենհեմ»-ի ղեկավարությանն արդեն հայտնել է, որ թիմից չի հեռանալու մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո «Ռեալ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Սանտյագո Սոլարին: 42-ամյա արգենտինացին 2016 թվականից գլխավորում էր «Ռեալ»-ի երիտասարդական թիմը: Սոլարին «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ է եւ մադրիդյան ակումբում խաղացել է 2000-2005-ը:

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անգլիական ակումբից 23 միլիոն եվրո փոխհատուցում է պահանջում պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: Իտալացի մասնագետը 13 միլիոն պահանջում է իր հեռացման համար, եւս 10 միլիոն` իր հեղինակությանը վնաս հասցնելու համար: «Չելսի»-ում համաձայն չեն Կոնտեի պահանջների հետ, իսկ ակումբի փաստաբանական բաժինը մարզիչին մեղադրում է մի շարք կարգապահական խախտումների մեջ: Լոնդոնյան ակումբում պնդում են, որ Կոնտեն հաճախ ուշանում էր ասուլիսներից, իր մեքենան ակումբի մարզաբազայում չէր կայանում նախատեսված վայրում եւ խախտել է հովանավորչական պարտականությունները: Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչը «Չելս»-ին գլխավորել էր 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի հուլիսի 12-ը:

 

 

ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
Մադրիդի «Աթլետիկո»-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը չի բացառել, որ կարող է հանդես գալ Գերմանիայի առաջնությունում: «Հնարավոր է` ես խաղամ այդ առաջնությունում, բայց ինձ հիմա ամեն ինչ շատ է դուր գալիս «Աթլետիկո»-ում: Մենք հիանալի նախագիծ ունենք, որի հետ ես ամբողջովին կապված եմ: Ցանկանում եմ օգնել ակումբին աճել, իսկ նա էլ ինձ է օգնում աճ գրանցելու հարցում: Գերմանիայում շատ հարձակվողական առաջնություն է»,- ասել է հարձակվողը:
Գրիզմանն ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկո»-ում 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: Այս ամառ Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի հետ հաղթել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում:




Լրահոս