Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա…
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ, էլի…
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, տեղակալն ա օպերատիվ գծով:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Լավ, մի հատ հասկանամ, կխոսանք, ընգեր:
Այդպես էլ նախաքննական մարմնի ղեկավարները մինչ օրս չեն մանրամասնել, թե ով էր մարտյան իրադարձությունների ժամանակ ԳՇ օպերատիվ գծով տեղակալը, եւ, առհասարակ, ինչ էին ցանկանում անել նրա հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից փորձեց հստակեցնել, թե, ի վերջո, ո՞վ է եղել 2008 թվականին Գլխավոր շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալը, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, կանչվե՞լ է արդյոք հարցաքննության, մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ հիմքով: Սակայն ՀՔԾ-ից պատասխանեցին, որ նախաքննական գաղտնիք է՝ նույնիսկ չասելով, թե ում նկատի ունեին գաղտնալսված պաշտոնյաները իրենց խոսքում: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Յուրի Խաչատուրովի տեղակալների կենսագրությունները, նկատեց, որ 2008 թվականին (մարտի 1-ի օրերին) ԳՇ օպերատիվ գծով տեղակալ չի եղել, այլ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչություն: Եւ օպերատիվ գծով վարչության պետը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը: Չի բացառվում, որ Արտակ Դավթյանին նկատի ունեն գաղտնալսված պաշտոնյաները: Արդյոք հենց նա՞ է եղել մարտյան արյունալի իրադարձությունների կիզակետում:

 

 

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, սեպտեմբերի հայտնի ելույթում էլ ուժային կառույցների ղեկավարներին հրահանգեց թիկնապահներ ունեցողներին «փռել ասֆալտին», այնուամենայնիվ, հայկական իրականությունում շատ քիչ բան է փոխվել: Համենայնդեպս այն գործարարները, որոնք հեղափոխության վերջին օրերին ճարպիկ գտնվեցին, աջակցեցին հեղափոխությանը, այժմ արտոնյալ դիրքեր ունեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին շրջանում «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները շարունակում են թիկնապահներով շրջել, ընդ որում՝ անթաքույց: Վարդանյանների ընտանիքին յուրաքանչյուր առավոտ տանից դեպի աշխատանքի վայր կամ մեկ այլ տեղ ուղեկցում են թիկնապահները առանձին ավտոմեքենաներով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Միքայել Վարդանյանից հետաքրքրվել, թե ինչն է թիկնապահներից անբաժան շրջելու պատճառը, սակայն գործարարը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հետաքրքիր է՝ նոր Հայաստանում ումի՞ց են վախենում Վարդանյանները:

 

 

 

Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Համաձայն սահմանված կարգի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը ավարտվել է: Ու թեեւ դեռ Հայաստանի կողմից առաջադրվելիք նոր թեկնածուի ու, ընդհանրապես, Հայաստանի` ՀԱՊԿ-ում նախագահելու հարցը դեռ մնում է օդից կախված, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երեկ երեկոյան Յու. Խաչատուրովը վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Խաչատուրովն օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

 

 

 

ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգեց, որ անարժեք երեւույթներն ունեն միլիոնավոր դիտումներ, իսկ մեր փառապանծ Օֆելյա Համբարձումյանն ու մյուս մեծերը` նվազագույն. «Պրոֆեսիոնալ, ազգային արվեստին նվիրյալ երգիչներն օգնություն են ակնկալում իրենց հարազատներից»: Նա պատմեց, որ երբ «Սայաթ-Նովա» անսամբլը տարել է Արցախ բարեգործական համերգի, դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ գոնե ավտոբուսի գումար տրամադրեն, սակայն ստացել է պատասխան, թե` «Դուք ուշ եք դիմել»: «Այսինքն` ես հինգ ամիս առաջ պե՞տք է դիմեի, որ սեպտեմբերին ուզում եմ գնալ Արցախ: Ասեմ, որ նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք ժամանակ չունեն մեզ համար, ինչպես նախորդ նախարարները: Ես հեռախոսահամարս փոխանցել եմ եւ խնդրել, որ նախարարը զանգահարի ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, սակայն ամիսներ ի վեր զանգ չեմ ստացել»:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երեւանի եւ մարզերի կրթության վարչության պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից: Ավելին` Հարությունյանը հայտարարել է, թե խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որեւէ քաղաքական ուժի օգտին։ «Եթե նման ահազանգեր եւ փաստեր լինեն, անկախ նրանից` քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը, կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- ասել է նա:
Հայտնի փաստ է, որ Հայաստանում կրթական համակարգը նախկին իշխանությունների օրոք անխնա օգտագործվել է ընտրական գործընթացներում՝ արդյունքում ապականելով ոլորտը: Եւ այս առումով ԿԳ նախարարի պաշտոնակատարի հայտարարություններն ու հանձնարարականները կարեւոր են: Սակայն նման հանձնարարականներ հնչել են նաեւ նախկինում ու հնչել պարբերաբար. ԿԳ բոլոր նախարարները հայտարարել են կրթական ոլորտը չքաղաքականացնելու մասին: Բայց իրականությունը միանգամայն հակառակն է եղել: Հիշում եք խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտված սկանդալը, երբ պարզվել էր, թե ինչպես են դպրոցների տնօրենները նախկին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: Ընդ որում, այդ սկանդալից առաջ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը ոչ միայն հայտարարել էր ընտրական գործընթացների ժամանակ կրթական համակարգը քաղաքականությունից զերծ պահելու մասին, այլեւ հատուկ շրջաբերական էր ուղարկել: Բայց այդպես էլ որեւէ մեկը չհետեւեց նախարարի խոսքին:
Սա, ինքներդ եք հասկանում, թե ինչու. ՀՀԿ իշխանության տարիներին իսպառ բացակայում էր քաղաքական կամքը: Իշխանությունները մի բան էին հայտարարում, բայց իրականում միանգամայն այլ բան անում: Ընդ որում, կրթական համակարգն այս տարիներին քաղաքական գործընթացներին ծառայեցվել է ստիպողաբար, իշխանությունների հրահանգով:
Այնպես որ, հիմա շատ կարեւոր են ոչ այնքան նախարարների հայտարարությունները, որքան իշխանությունների քաղաքական կամքը թույլ չտալու, արգելելու, բացառելու արատավոր այդ երեւույթները: Այս առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում ցույց է տվել, որ ունեն քաղաքական կամք: Հուսանք` նույնկերպ կլինի նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններում:




Լրահոս