Արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ հենց այս ընտրությունների համար էր ստեղծվել կառավարությանը կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողով, որը ընտրական օրենսգրքում պետք է բարեփոխումներ եւ լրացումներ իրականացներ: Սակայն տվյալ նախագիծը երկու անգամ էլ տապալվեց այն ժամանակ գործող, իսկ այժմ արդեն արձակված խորհրդարանի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի, ինչպես նաեւ ընտրություններում «Դաշնակցության» շանսերի մասին խոսել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:
-Պարո՛ն Համբարձումյան, ինչպես հայտնի է, «Դաշնակցությունը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին: Այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում կուսակցության շանսերը:
-Այո, ինչպես միշտ, առանձին ենք մասնակցելու: Չեմ ուզում կանխագուշակումներ անել: Որպես քաղաքական ուժ պարտավոր ենք մասնակցել այս ընտրություններին, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ նաեւ ընտրարշավի ժամանակ պարտավորվածություն ունի հանրությանը, ժողովրդին ներկայացնել իր մոտեցումներն ու տեսլականը: Ինչպես որ կքվեարկի ընտրողը, ըստ այդմ էլ քաղաքական ուժերը ներկայացված կլինեն կամ չեն լինի:
-«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ լրացումների մասին» օրենքի նախագիծը չընդունվեց: Օրինակ, ուժեր կան, որոնք, խոսելով այս մասին, ասացին՝ գուցե իրենք հիմա ավելի շահեկան վիճակում են, քանի որ ռեյտինգայինը մնաց: «Դաշնակցության» մասով ի՞նչ կասեք:
-Ես ձեռնպահ կմնամ այդ առումով դրական կամ բացասական գնահատումներից, որովհետեւ թե՛ անցնելու, թե՛ չանցնելու պարագան ունեն որոշակի դրական եւ բացասական կողմեր: Այսինքն՝ շնորհակալ գործ չէ այդ մասով գնահատում անելը: Անշուշտ, փոփոխությունների պարագայում կային բավականին դրական մոտեցումներ: Թեեւ մեր ներկայացված առաջարկները ներառված չէին, այնուամենայնիվ այդ օրենսգիրքը քայլ առաջ էր: Նկատի ունենալով ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու փաստը եւ այս կարճ ժամանակահատվածը՝ գործող օրենսգրքով ընտրությունների գնալը գուցե ավելի ճիշտ է: Ըստ էության, ժամանակ չկար նորին ադապտացվելու, եւ կարող էր ցայտնոտային իրավիճակ ստեղծվել:
-Ասացիք՝ ցայտնոտային իրավիճակ կստեղծվեր: Ի՞նչ նկատի ունեք:
-Օրենսգրքում փոփոխությունները ենթադրում են նաեւ նորմատիվ կարգավորումներ ԿԸՀ-ի կողմից, հանձնաժողովի անդամների համապատասխան վերապատրաստումներ, որպեսզի լավատեղյակ լինեն կատարված փոփոխություններին: Կուսակցությունների մասով՝ ցանկերը կազմելու հետ կապված խնդիրներ, որովհետեւ ռեյտինգայինի պարագայում այլ տրամաբանություն է, համամասնականի պարագայում՝ այլ: Այս բոլորը խնդիրներ են առաջացնում: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար հեշտ կլիներ ադապտացվել նոր իրավակարգավորումներին: Չեք կարող մատնացույց անել որեւէ երկրի փորձ, որտեղ ընտրական օրենսդրության մեջ կատարվեն փոփոխություններ եւ դրանից անմիջապես հետո տեղի ունենան փոփոխություններ: Սա ճիշտ պրակտիկա չէ եւ չի ողջունվում: Դրանով է պայմանավորված, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները այս հարցում: Դրանք իրական կյանքից բխած սկզբունքային դիրքորոշումներ են:
-Հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունները՝ շատ են շրջանառվում կարծիքներ այն մասին, որ ԱԺ-ում ներկայացված կլինեն հենց այն ուժերը, որոնք կան խորհրդարանում: Ինչպես գիտենք, «Դաշնակցությունը» ավագանու կազմում չկա: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, գոնե անցած փորձառությունը այլ բան է հուշում: Համապետական ընտրությունների արդյունքների մասին խոսելիս պետք չէ հիմք ընդունել Երեւանի, Գյումրիի կամ մեկ այլ քաղաքի ընտրությունների արդյունքները: Մենք ունեցել ենք այդ համապատասխան փորձառությունը: Եղել է, որ Գյումրիում գրանցել ենք վատ արդյունք, բայց շատ կարճ ժամանակ հետո՝ համապետականի ժամանակ, ունեցել ենք բավականին լավ արդյունք: Նույնը վերաբերում է Երեւանին: Կարծում եմ՝ դրանից պետք չէ հետեւություններ անել առաջիկայում տեղի ունեցող համապետական ընտրությունների առումով:
-Այս ընտրությունների մասին խոսելիս հասարակության զգալի մասը եւ քաղաքական գրեթե բոլոր ուժերը բացառում են ֆինանսական լծակների օգտագործումը: Ի՞նչ կասեք այս մասին: Ֆինանսական միջոցների բացառումը էական բան կփոխի՞:
-Մենք մշտապես այդ մոտեցմանը հավատարիմ ենք եղել, որ ֆինանսական լծակներ չպետք է օգտագործվեն: Ակնայտ է, որ դա նախկինում ազդեցություն ունեցել է: Հետեւաբար եթե այս անգամ բացառվի, եւս մեծ ազդեցություն կունենա:
-ՀՀԿ-ի մասնակցությունը կարո՞ղ է ինչ-որ խաղաքարտեր փոխել ընտրությունների ընթացքի հետ կապված:
-Ցանկացած քիչ թե շատ դերակատարում ունեցող քաղաքական ուժի մասնակցության կամ չմասնակցության պարագան որոշակի ազեցություն կարող է ունենալ: Թե ինչ չափով, դա արդեն գնահատման խնդիր է:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՇՆՈՐՀԻՎ
Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումով ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին: Կհարցնեք` ինչպե՞ս. բացատրենք:
Նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ընկեր, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի եւ նրա տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը: Որոշ տեղեկությունների համաձայն` նախարարի ընկեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմիջապես հետո (օրաթերթի եւ Դավիդյանցի միջեւ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո նախարարը հետին թվով` հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել իր ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու մասին: Ու սա հիմք ունենալով` մեր հրապարակումից հետո առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ «Ուսումնասիրվել եւ վերանայվել են առողջապահության նախարարության ենթակայության բոլոր պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: Հիմք են ընդունվել կազմակերպությունների շրջանառության ծավալները: Արդյունքում, բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի եւ 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը»: Նկատենք, որ հայտարարության մեջ ոչինչ չկա գրված ամսաթվերի մասին: Քանի որ, ինչպես ասում են, շան գլուխը թաքնված է այդ թվերի մեջ: Բանն այն է, որ իրականում աշխատավարձերի բարձրացման գործընթացը իրավական առումով սխալ է: Էլ չասենք այն մասին, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին:
Ի՞նչ է ստացվում: Եթե «Ժողովուրդ» օրաթերթը չտեղեկանար, որ նախարար Թորոսյանն իր ընկերների աշխատավարձը բարձրացրել է, թեման չէր բացվի, մյուս հիմնարկների` 4 ՊՈԱԿ-ների եւ 8 ՓԲԸ-ների տնօրենների աշխատավարձերը չէին բարձրանա:
Նկատենք, որ աշխատավարձերի բարձրացման հրամանը նախարարը ստորագրել է սթ հոկտեմբերի 30-ին: Եւ հիմա մեր ձեռքի տակ են հայտնվել նախարարի կողմից կնքված համաձայնագրի մի օրինակ իր մեկ այլ ընկերոջ հետ: Խոսքը վերաբերում է Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին: Այդ համաձայնագիրը թվագրված է հոկտեմբերի 1-ով: Այսինքն՝ նախարարը սկզբում համաձայնագիր է կնքել ընկերների հետ, տարբերակված մոտեցմամբ բարձրացրել նրանց աշխավարձերը, իսկ հետո, երբ «բռնվեց», հրամանագիր արձակեց հոկտեմբերի 30-ով բոլորին վերաբերող: Մինչդեռ ակնհայտ իրողություն է, որ հրամանագիրը պիտի լիներ սկզբում, հետո նոր տնօրենների հետ կնքվեին աշխատավարձի փոփոխման, բարձրացման համաձայնագրեր: Համաձայնագիրը առանձին անհատներին վերաբերող փաստաթուղթ է, իսկ հրամանը բոլորին է վերաբերում:
Ինչեւէ, մենք ամենեւին դեմ չենք, որ հաստատությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացվեն: Պարզապես խնդիրն այստեղ արդարության սկզբունքի պահպանման կարեւորությունն է: Եւ վերջում հարց է մնում, թե ով բարձրացրեց բուժհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, նախարարն արեց «Ժողովուրդ» օրաթերթի շնորհիվ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
«Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ քննարկումները շարունակվում են, սակայն նրանց նախընտրական ցուցակում ներգրավվելու են նաեւ այլ անձինք, անկուսակցական գործիչներ, այլ կուսակցություններից նախկին ներկայացուցիչներ, ովքեր կա՛մ բացահայտ կլինեն ցուցակում, կա՛մ պարզապես կաջակցեն նրանց: Ամենաուշը նոյեմբերի 10-ին ցուցակը վերջնական տեսք կունենա: Հետաքրքիր է, որ Արամ Սարգսյանին աջակցելու եւ որպես վարկանիշային թեկնածու առաջադրվելուն դեմ չեն նաեւ ԵԿՄ-ի այն գործիչները, ովքեր հենց նրան էին տեսնում ԵԿՄ նախագահի պաշտոնում:
ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՌԻՈՒՄ
«Իմ քայլը» դաշինքում ակտիվորեն շարունակվում են նախընտրական ցուցակի կազմման աշխատանքները: Արդեն իսկ պարզ է, որ վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են գրեթե բոլոր նախարարներն ու մարզպետները, սակայն, ամեն դեպքում, վարկանիշային ընտրակարգը դաշինքին բարդ իրավիճակի առջեւ է կանգնեցրել, քանի որ պետք է լինեն այնպիսի թեկնածուներ, ովքեր կկարողանան ձայներ բերել իրենց անձով: Ու այս իմաստով ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի հատկապես Լոռու մարզում: Այստեղ հավանաբար վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ-ից, Էդմոն Մարուքյանը` «Լուսավոր Հայաստան»-ից, որոնք որպես անհատ ընկալված են մարզում: Այս ընտրատարածքում հիմնական թեկնածուն լինելու է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Եւ իրավիճակը մի փոքր կարող է փրկել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, եթե որոշի առաջադրվել հենց այդ մարզում:
ԻՐԱՎԻՃԱԿ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նախորդ տարիներին, կարծես թե, ձեւավորված ավանդույթ կար, երբ խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկումներից մշտապես բացակայում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Եվ մշտապես ներկայումս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գալիս էր քննարկումներին եւ հարցնում, թե որտեղ են այդ պաշտոնյաները: Հետաքրքիր զուգադիպությամբ երեկ բյուջեի քննարկումներից կրկին այս երկու պաշտոնները զբաղեցնող անձինք էին բացակայում` մարզպետ Հունան Պողոսյանը եւ քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Հ. Մարությանի բացակայությանը` նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց. «ԱԺ-ում բյուջեի քննարկման նիստից քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության պատճառը զուտ տեխնիկական բնույթ ուներ. քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները նախորդ տարիների իներցիայով, երբ քաղաքապետն անձամբ չէր մասնակցում բյուջեի քննարկմանը, մասնակցության անհրաժեշտության մասին տեղյակ են պահել քաղաքապետի տեղակալին։ Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անձամբ կապվել է Արա Բաբլոյանի հետ եւ տեղեկացրել բացակայության պատճառը՝ շեշտելով այդ եւ այդ կարգի այլ կարեւոր հանդիպումներին մասնակցելու իր պատրաստակամությունը»։ Հավելենք, որ երեկ բյուջեի նախագծի քննարկումներից վատառողջ լինելու պատճառաբանությամբ բացակայում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, ով հայտնի է իր փակ աշխատելաոճով եւ անգամ կառավարության նիստերից հեռանում է հետնամուտքով: