Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Քննարկումների հիմնական թեման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է, ինչի շուրջ կոնսենսուս առայժմ չկա: Հայաստանը փորձում է Խաչատուրովի փոխարեն նշանակել նոր թեկնածուի, մինչդեռ Ռուսաստանը կարծես ցանկանում է փոխանցել քարտուղարությունը Բելառուսին կամ Ղազախստանին: Հայաստանում էլ հարցը թերեւս վերածվի ներքաղաքական բանավեճի առարկայի, եթե Հայաստանը կորցնի պաշտոնը:
Առայժմ որեւիցե մեկը հստակորեն չի պատասխանել, թե ինչ է տալիս Հայաստանին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում սեփական ներկայացուցիչ ունենալը: Բացի արարողակարգային ու ցուցադրական նշանակությունից առայժմ այլ առարկայական դրսեւորում կարծես չկա: Երբ 2016թ. Հայաստանին անցավ ՀԱՊԿ-ի նախագահությունը, Ռուսաստանը այնքան էլ պատրաստակամ չէր այդ պաշտոնը զիջել Հայաստանին: Ավելին` այդ նույն շրջանում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին ռազմական ագրեսիայի, սակայն ՀԱՊԿ-ի կողմից որեւէ գործնական աջակցություն այդպես էլ չհնչեց: Մեկ տարի եւ ավելի տեւած բանակցություններից հետո, ի վերջո, Սերժ Սարգսյանին հաջողվեց այդ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանալ, որի համար դիտարկվում էին Սեյրան Օհանյանի, Վաղարշակ Հարությունյանի ու Յուրի Խաչատուրովի թեկնածությունները: Ինչ-ինչ պատճառներով Սարգսյանն ընտրեց Խաչատուրովին, որի վերաբերյալ, ըստ Լուկաշենկոյի խոստովանության, Բելառուսն ուներ վերապահումներ:
Ի դեպ, այնժամ տեղեկատվական արտահոսքեր կային, որ Բելառուսը փորձում էր գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին նշանակել, եւ փորձը տապալվեց ՀՀ նախկին իշխանությունների ջանքերի արդյունքում: Սա նաեւ ժամանակին օգտագործվում էր որպես քարոզչական հնարք ու վերլուծաբանների կողմից մատուցվում որպես իշխանությունների հերթական հաջողություն:
Սակայն հստակ է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին թողնելու հարցում վճռորոշը ռուսական գործոնն է, մասնավորապես` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տրամադրվածությունը: Վերջինս ամեն կերպ փորձում է ՀԱՊԿ-ը դարձնել ՆԱՏՕ-ին հակակշիռ միջազգային կազմակերպություն եւ գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիան անդամ-պետությունների միջեւ դրա շրջանակներում պետք է դիտարկել: Պուտինը գիտակցում է, որ միջազգային կազմակերպությունների համար խիստ կարեւոր է ավանդույթների ձեւավորումը, որոնք կարող են տարիների ընթացքում ինստիտուցիոնալ նշանակություն ստանալ: Այս տեսնակյունից տրամաբանական էր, որ Բելառուսի սաբոտաժը մարվեց նաեւ Ռուսաստանի նախագահի հստակ կեցվածքով: Այժմ Պուտինը կարծես նոր դիլեմայի առաջ է, քանի որ Բելառուսը ձգտում է յուրացնել այդ պաշտոնը` օգտվելով ստեղծված իրավիճակից, երբ նոր քարտուղարի ընտրության հարցը ոչ թե իրավական լուծում է ենթադրում, այլ քաղաքական ու աշխարհաքաղաքական: Տրամաբանորեն, եթե կանոնադրությամբ որեւէ պետության ներկայացուցչի համար սահմանվում է պաշտոնավարման կոնկրետ ժամանակահատված, դա տրվում է պետությանը, այլ ոչ թե անձին, այլապես կանոնադրությամբ կխոսվեր մեկ անձի մասին, եւ ոչ թե կշեշտվեր պետության պարագան: Սակայն ներկայումս ծագած խնդիրը ոչ միայն տարընթերցումների արդյունք է, այլ թերեւս հայ-ռուսական հարաբերությունների նոր դրության` առաջին հերթին Թավշյա հեղափոխությամբ պայմանավորված: Ռուսաստանը շարունակում է Հայաստանին նայել խեթ հայացքով, ինչը բնական է` հաշվի առնելով նախկին իշխանությունների հետ կասկածելի հարաբերությունները: Ռուսաստանը բավականին դժվար է ադապտանում նոր իրողություններին, ինչը պայմանավորված է թե՛ ցարականության ավանդույթներով, թե՛ խորհրդային իրողություններով: Ռուսաստանը փորձում է տարբեր առիթներով Հայաստանի իշխանություններին դնել այնպիսի իրավիճակներում, որոնցից կարող է զիջումներ կորզել կամ, այսպես ասած, «լավություն» անել` հետագայում փոխհատուցման ակնկալությամբ: Եթե Հայաստանի հետ հնարավոր չլինի այդօրինակ «փոխհատուցման» հարցով համաձայնության գալ, դա կարելի կլինի կազմակեպրել Բելառուսի կամ Ղազախստանի հետ:
Այս տեսանկյունից Ռուսաստանի որոշումը լինելու է վճռական, միաժամանակ երկարաժամկետ նշանակությամբ: Խնդիրն այն է, որ եթե այդ պաշտոնը վերցվի Հայաստանից, դա տխուր ավանդույթ կդառնա` լրջորեն խաթարելով ՀԱՊԿ-ի կայացման հեռանկարները: Թեպետ, հանուն արդարության, հարկ է նկատել, որ ՀԱՊԿ-ը որեւէ համեմատության աղերս չունի իր ենթադրյալ մրցակցի` ՆԱՏՕ-ի հետ: Ավելին` ՀԱՊԿ-ը նույնիսկ չի կարողանում արձագանքել հետխորհրդային տարածքի անվտանգային մարտահրավերներին: Իսկ անդամ-պետությունների հավաքական անվտանգությունը միացյալ ուժերով չի ապահովվում` էլ չխոսած միասնական դիրքորոշման մասին: Այս համատեքստում Հայաստանի իշխանությունները խնդիր ունեն կա՛մ ջանք չխնայելով ինչ-ինչ զիջումների արդյունքում պահպանել այդ արարողակարգային պաշտոնը, կա՛մ հարցին վերաբերվել սառնասրտորեն եւ ցույց տալ, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ սակարկությունների մեջ ներքաշվել նման հարցերով:
Իսկ ի՞նչ պետք է անի ՀՀ ղեկավարությունը: Կարող է ընդամենը փորձել բացատրել ՀԱՊԿ «դաշնակիցներին», որ ՀՀ թեկնածուի նշանակումն առաջին հերթին բխում է կառույցի ու նրանց հավաքական շահերից, քանի որ գործնական առումով այն ոչինչ չի տալիս Հայաստանին, բայց պահպանում է կազմակերպության ինստիտուցիոնալ բնույթը: Առավել եւս, որ Հայաստանի հավանական թեկնածու համարվող Վաղարշակ Հարությունյանը թեեւ աստիճանազրկված է, բայց հետխորհրդային տարածքում հեղինակություն է վայելում եւ, ըստ էության, լիովին ընդունելի է ռուսական առանձին շրջանակների համար: Իսկ եթե դաշնակիցները առաջնորդվեն իրավիճակային շահերով, հազիվ թե արժե դրանից ողբերգություն սարքել, հատկապես, որ ՀԱՊԿ-ում «կենսեսուս մինուս Հայաստան» ավանդույթն ավելի կարծրացած է թվում, քան փոխգործակցության գիտակցությունը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Երեկ` նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում: ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12:00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով 4 զինվոր մահացել էին: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեքենան արագ չի ընթացել, եւ, առհասարակ, այդ ճանապարհը այնպիսի ճանապարհ է, որ չէին կարող մեքենան արագ վարել: Ավելին, տեղում քննություն իրականացնող անձինք պարզել են, որ տղաները բոլորը եղել են սթափ վիճակում եւ դասընթացների ավարտից հետո վերադառնալիս են եղել զորամաս, եւ ճանապարհին եղել է դեպքը: Իրավապահների շրջանում քննվում է այն վարկածը, որ վթարի պատճառը կարող էր լինել եղանակային ոչ բարենպաստ պայմանները: Ճանապարհը ցեխոտ է եղել, գուցե սահել է: Իսկ ՊՆ-ում էլ մեքենայի անսարքության վարկածը բացառում են:
ՓԱԿՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԸ
Մինչ գործող իշխանությունները տարված են նախընտրական ցուցակներ կազմելով, Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի դպրոցը փակվում է, պատճառը աշակերտ չունենալն է: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դպրոցում 2017 թվականի սեպտեմբեր 1-ից դասարանները չեն կոմպլեկտավորվել աշակերտներ չլինելու պատճառով: Եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը որոշել է վերջնական փակել մոտ 60 բնակիչ ունեցող Տաշտունի դպրոցը` շենքը, հողատարածքը, սպորտդահլիճը հանձնելով պետական գույքի կառավարման կոմիտեին: Ավելին, ըստ նախարարության` այս ամենի արդյունքում պետական բյուջեում կխնայվի 19 մլն դրամ:
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ Տաշտուն գյուղն անգամ մեկ աշակերտ չունի: «Եթե գոնե մեկ աշակերտ լիներ, դպրոցը չէր փակվի: Բայց, ցավոք, Տաշտունը ոչ միայն աշակերտ չունի, այլեւ երեխա: Բարձր լեռնային, սահմանամերձ գյուղ է, մարդիկ իջնում են դեպի Ագարակ, Մեղրի, այնտեղ ամուսնանում, ընտանիք կազմում»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց քաղաքապետը:
Ո՞Վ Է ՓՈՐՁԱԳԵՏԸ
Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը եւ դատաձգաբան-փորձագետ Ա.Հ-ն ներգրավվել են որպես մեղադրյալներ ապացույցներ կեղծելու համար: Վահագն Հարությունյանի եւ Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փորձագետ Ա.Հ-ն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանն է: Նա ոստիկանության համակարգում աշխատել է 5 տարի, որից հետո դուրս է եկել եւ երկար տարիներ է, ինչ չի ապրում Հայաստանում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Ն. Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Հաջորդ տարի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ: ԱՍՀՆ փոխնախարար Արսեն Մանուկյանի խոսքով` բյուջեն 2018թ. նկատմամբ աճելու է 34 մլրդ 748 մլրդ դրամով: Ըստ նրա` պետական բյուջեից իրականացվող ծրագրերն այս տարի ավելացել են եւ կազմում են 95 պետական ծրագիր: 2019թ. նախատեսում են երկրորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի սահմանում 150. 000 դրամի չափով 2018թ. 50 000 դրամի փոխարեն: 2019թ. մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, ինչպես նշեց փոխնախարարը, կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: 19-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ` 55.000 դրամ: Ավանդների փոխհատուցման սահմանաչափի տրամադրվող գումարները կպահպանվեն նույնությամբ, 2018թ. տրամադրված գումարը եղել է 1 մլրդ 200 մլն դրամ:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Մի խումբ ատամնաբուժարանների ղեկավարներ եւ ատամնաբույժներ Առողջապահության նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջում են վերանայել 2013թ. արտոնագրային վճարների մասին որոշումը: Մասնակիցները ներկայացնում են Առողջապահության եւ Ֆինանսների նախարարությունների արձագանքները եւ դիրքորոշումները ատամնաբուժական ոլորտի առկա խնդիրների բարեփոխումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն` մեկ ատամնաբուժական նստատեղի համար եռամսյակային վճարի չափը 12 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ է կազմում: Այս մասին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշել է, որ ստոմատոլոգները սխալ տեղ են ցույց անում, պետք է ՊԵԿ-ի մոտ անեին:
ՔՊ-Ի ՑՈՒՑԱԿՈՎ
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքից: Է. Գրիգորյանի խոսքով` դեռ չի պատրաստվում կուսակցական դառնալ: Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ թիմային որոշումից է կախված` հետագայում կլինի գործադիրում, թե օրենսդիր մարմնում: